Դովեղի բարեկամները

Սուրեն Սահակյանը Հայաստանի խոշորագույն շինարարական ընկերություններից մեկի՝ «Սահակյանշինի» տնօրենն է։ Արմատներով Նախիջևանից է։ Անցնող կիրակի նա Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի և մի քանի այլ գործարարների հետ Տավուշի մարզի սահմանային Դովեղ գյուղում էր։

Նրանք եկել էին գյուղ բնակիչների հետ հանդիպելու և «Դովեղ» բարեգործական հիմնադրամի գործունեության սկիզբը հայտարարելու մասին։ Սուրեն Սահակյանը հիմնադրամի՝ այս պահի դրությամբ ամենախոշոր նվիրատուն է։ «Քանի դեռ հայրենի Նախիջևանի մեր գյուղում չեմ կարող օգտակար լինել, դա պետք է անեմ Հայաստանի սահմանամերձ գյուղում»,- ասաց նա։

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանը արմատներով Դովեղից են։

«Մենք հայտարարում ենք աշխատելու սկիզբը։ Ներկայացրեք ծրագրեր, և փորձենք միասին մեր գյուղը դարձնել ապրելու ավելի հարմարավետ վայր»,- դիմելով համագյուղացիներին` ասաց Ռոբերտ Նազարյանը։

Նա պատմեց, որ նախարար Վիգեն Սարգսյանի և Երևանում բնակվող այլ դովեղեցիների հետ հանդիպումների արդյունքում որոշվել է ստեղծել «Դովեղ» բարեգործական հիմնադրամ՝ օգնելու սահմանը պահող գյուղացուն, ներդրումներով փորձել ստեղծել աշխատատեղեր և մարդկանց պահել տներում՝ իրենց հող ու ջրի, երեխաների ու ծնողների հետ։

Դովեղը Հայաստանի ծայր հյուսիս-արևելքում է, Ադրբեջանի Քեմեռլի գյուղի հետ ունի 13 կիլոմետր ընդհանուր սահման։ Հողերի մեծագույն մասը կրակոցների պատճառով չի մշակվում։ Դովեղի և Քեմեռլիի միջև անտառների պատկանելիության վեճի հետևանքով 1984-ի հոկտեմբերին տեղի է ունեցել բախում, տուժածների մեջ է եղել Խորհրդային Հայաստանի առաջնորդներից Վլադիմիր Մովսիսյանը։ Իր հուշերի գրքում նա մանրամասն նկարագրել է այդ բախումը, ինչը խորհրդային տարիների համար արտառոց դեպք էր։

«Դովեղ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրի Սարգսյանը համագյուղացիներին մանրամասն ներկայացրեց հիմնադրամի գործունեության ծրագիրը։ Հիմնադրամը ունենալու է ինչպես սոցիալական, այնպես էլ բիզնես ուղղվածություն։ Բուհերում լավ սովորող ուսանողների տարեկան վարձը վճարելու է հիմնադրամը։ Գյուղում ծնելիության աճը խրախուսելու նպատակով առանձնացվել է գումար, օգնելու են դպրոցում լավ սովորող աշակերտներին։ Հիմնադրամի ղեկավարները դատարկ չէին եկել։ Ռոբերտ Նազարյանը այս տարվա ավարտական դասարանի աղջիկներին ու տղաներին անձամբ դրամական օգնություն փոխանցեց։  

Նաիրի Սարգսյանը գյուղացիներին ասաց, որ հիմնադրամի նվիրատուները, հոգաբարձուների խորհուրդն ու տնօրինությունը, սպասում են նրանց փոքր բիզնես առաջարկներին, որպեսզի դրանք քննարկելուց հետո տրամադրեն ֆինանսական օժանդակություն։ «Մենք ցանկանում ենք, որ ներդրումը բերի հավելյալ եկամուտ, գյուղում բացվեն աշխատատեղեր»,- ասաց նա։

Ինչպես ամբողջ Հայաստանից, այնպես էլ Դովեղից արտագաղթը չի դադարում 1991-ի անկախությունից ի վեր։ Խորհրդային Միության վերջին՝ 1989 թվականի մարդահամարԻ տվյալներով, գյուղն ունեցել է շուրջ 650 բնակիչ։ Այդ թիվը այսօր 400-ի սահմաններում է։ Մտահոգիչը ոչ միայն չդադարող արտագաղթն է, այլ գյուղի ծերացումը։

Թեև արտագաղթը հաճախ կապում են պատերազմի հետ, իրականում, դրա հիմնական պատճառը աշխատատեղերի բացակայությունն է։