Թրամփը այցելում է Իսրայել

Երկուշաբթի օրը մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Իսրայել և Պաղեստինի ինքնավարություն։ Թրամփի այցի կապակցությամբ իսրայելցի, ինչպես և ամերիկացի պաշտոնյաներին մեկ հարց է հետաքրքրում՝ ինչ է նա դնելու իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին։ Այցի հետ կապված հետաքրքիր դրվագներից մեկն այն է, որ Թրամփը Իսրայել է ժամանել աննախադեպ՝ ուղիղ չվերթով Սաուդյան Արաբիայից, որտեղ հանդես է եկել պատմական ելույթով։ Նա քննադատել է Իրանին՝ ասելով, որ իրանցիներն «իրենց երկրի վարած քաղաքականության զոհերն են, իսկ Իսլամական պետություն, Ալ-Կաիդա, Հեզբոլլահ և Համաս ահաբեկչական կազմակերպությունները պատասխանատու են ոչ միայն մարդկային զոհերի, այլև սերունդների երազանքների անէացման համար»։

 

«Բեն Գուրիոն» օդանավակայանում Թրամփին դիմավորել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, վարչապետ Բենյամին Նեթանյահուն, տասնյակ պաշտոնյաներ։

Ինչպես հաղորդում է Times of Israel պարբերականը, Թրամփն ու Նեթանյահուն ողջույնի ժամանակ միմյանց անվանել են «լավ ընկեր»՝ նշելով արարողակարգի անտեղին լինելը։

ԱՄՆ նախագահին դիմավորելուց հետո իր ելույթում Նեթանյահուն նրա այցը «իսկապես պատմական» է անվանել։

«Մինչ այժմ երբեք ԱՄՆ-ի նախագահի օտարերկրյա առաջին այցում Իսրայելը ներառված չի եղել։ Շնորհակալ ենք, պարոն նախագահ։ Շնորհակալ ենք Իսրայելի հանդեպ Ձեր բարեկամական վերաբերմունքի այս ազդեցիկ արտահայտման համար»,- ասել է Նեթանյահուն՝ գոհունակությամբ հիշատակելով Սաուդյան Արաբիայում Թրամփի ելույթը ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի վերաբերյալ։

Իսրայելի վարչապետը, արձանագրելով, որ ԱՄՆ նախագահն ուղիղ չվերթով է ժամանել Ռիադից Թել Ավիվ, հույս է հայտնել, որ «մի օր Իսրայելի վարչապետը կկարողանա Թել Ավիվից Ռիադ ուղիղ չվերթով մեկնել»։ 

Իսրայելի նախագահ Ռիվլինն իր հերթին երկու երկրների հարաբերությունների մասին ասել է, որ դրանք «շողում են ինչպես փարոս»։

«Մեզ շատ է ուրախացնում այն փաստը, որ Իսրայելի ամենակարևոր դաշնակիցը գիտակցում է Երուսաղեմի կարևորությունը ամբողջ աշխարհի հրեաների համար»,- հայտարարել է Ռիվլինը:

ԱՄՆ մտորում է Իսրայելում իր դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հանդես է գալիս դրա օգտին։ Պաղեստինը և Իսրայելի լիբերալները քննադատում են Վաշինգտոնի այդ մտադրությունը։ Ներկայում գրեթե բոլոր պետությունների դեսպանությունները գտնվում են Թել Ավիվում։ Վերլուծաբանները նշում են, որ դեսպանության տեղափոխումը կարող է վնասել պաղեստինա-իսրայելական խաղաղ կարգավորմանը։

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը այցի մասին ասել է, որ այն իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղության շուրջ բանակցությունները խթանելու հնարավորություն է։

Այցից առաջ դրան ոգևորությամբ է անդրադարձել Թրամփի դուստր և օգնական Իվանկա Թրամփը։ 

 

Ստելլա Մեհրաբեկյան