Էրդողանին դուր չի եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պատասխանն Ադրբեջանին

Ստամբուլում մայիսի 22-ին ﬔկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) 25-ամյակին նվիրված գագաթաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Գագաթաժողովը բավական լայն լուսաբանվում է թուրքական լրատվամիջոցներում, որոնք առանձին հրապարակումներով անդրադառնում են գագաթաժողովի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների ելույթներին և Էրդողանի արձագանքին։

Ինչպես հաղորդում է թուրքական Haberler լրատվականը, Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը իր ելույթը գերազանցապես նվիրել է ղարաբաղյան հիմնախնդրին՝ հերթական անգամ մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին, որը Ասադովի պնդմամբ, «անտեսում է» միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի բանաձևերը։

«Անդամ երկրներից մեկը դեռ չի հրաժարվել թունավոր գաղափարախոսությունից»,- ասել է Ասադովը՝ նկատի ունենալով Հայաստանին։

ՀՀ պատվիրակության ղեկավար Աշոտ Հովակիմյանը, հակադարձելով Ասադովին, շեշտել է, որ ՍԾՏՀԿ-ն «քաղաքական մեղադրանքների վայր չէ»։

«Մեր համոզմամբ՝ այս գագաթաժողովը այն վայրը չէ և այս կազմակերպությունը այն ձևաչափը չէ, որտեղ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը։

«Համաձայն եմ, որ այս ժողովը քաղաքական մեղադրանքների տեղ չպետք է լինի, սակայն որևէ երկրի ներկայացուցիչ հանդես չի եկել մեղադրանքներով ու որակումներով, – Ադրբեջանին անմիջապես պաշտպանել է Էրդողանը։ – Իսկ Ձեր խոսքն ամբողջությամբ քաղաքական որակումներ են, ինչն իմ կարծիքով ճիշտ չէ»։

Haberler-ը գրում է, որ Թուրքիայի նախագահը «քննադատել է Հայաստանի ներկայացուցչին»։

«Այստեղ գտնվում է Ռուսաստանի վարչապետը, որը ներկայացնում է Մինսկի խումբը։ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչներն այստեղ չեն։ Հուսով եմ՝ նրանց աշխատանքը շուտով կավարտվի, քանի որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները տևում են արդեն 20 տարի», – Էրդողանին մեջբերում է Anadolu գործակալությունը։

Ադրբեջանական կողմը ցուցադրեց իր անհարգալից վերաբերմունքը ՍԾՏՀ Կանոնադրության, կազմակերպության սկզբունքների և նպատակների և այս գագաթաժողովի նկատմամբ․ Հովակիմյան

Ստամբուլի գագաթաժողովի վերաբերյալ ՀՀ արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի, Հովակիմյանը, մասնավորապես, ասել է․ «Մեղադրանքները, ռազմատենչ կեցվածքը և միակողմանի առավելապաշտական պահանջները չեն կարող լուծել հակամարտությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ հնարավոր է հասնել առաջընթացի, եթե Ադրբեջանը հրաժարվի ուժ գործադրելու քաղաքականությունից և բարեխղճորեն ներգրավվի բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համաձայնեցված ձևաչափի շրջանակներում»:

***

1992թ. հունիսի 25-ին Ստամբուլում հրավիրվել էր գագաթաժողով, որի արդյունքում Սևծովյան տարածաշրջանի 11 երկրների (Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա) ղեկավարները (պետությունների կամ կառավարությունների մակարդակով) հռչակագիր էին ստորագրել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադրման մասին: Սերբիան՝ որպես անդամ, կազմակերպությանը միացել է 2004թ.:

ՍԾՏՀ անդամ-երկրների արտգործնախարարների խորհրդի՝ 1994թ. մարտի 10-ին ընդունված որոշմամբ՝ Ստամբուլում հիմնադրվել է ՍԾՏՀ Մշտական միջազգային քարտուղարությունը:

2001թ. օգոստոսից Ստամբուլում գործում է ՍԾՏՀ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը՝ իր ողջ անձնակազմով:

Պատրաստեցին Ստելլա Մեհրաբեկյանը և Գոռ Երանյանը

Մեկնաբանել