ԼՂ հակամարտությանն անհրաժեշտ է գտնել շուտափույթ քաղաքական լուծում․ Մոգերինի

Մայիսի 23-ին Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստը:Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, իսկ Եվրոպական միության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

«Եվրամիությունը ցանկանում է ընդլայնել և խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ։ Մենք արդեն Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն ենք, թիվ միջազգային դոնորը և բարեփոխումների ամենաուժեղ աջակիցը։ Մենք պատրաստ ենք սատարել Հայաստանի բարեփոխման գործընթացին»,- նիստի արդյունքներով մամուլի համար արած իր հայտարարության մեջ ասել է Մոգերինին։ Վերջինիս խոսքով՝ կողմերը ներկայում աշխատում են Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում Մոգերինին ասել է․

«Եվրամիության համոզմամբ՝ ստատուս քվոն անկայուն է, և հակամարտությանն անհրաժեշտ է գտնել շուտափույթ քաղաքական լուծում՝ միջազգային իրավունքին համապատասխան։

Եվրամիությունը շարունակում է լիակատար աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկներին»։

Մեկնաբանել