Աթեշյանը հրաժարական է տվել

Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել, հաղորդում է «Ակօսը»։ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրաժարականի մասին հայտարարել են պոլսահայ համայնքի ղեկավարները, որոնք հանդիպում են ունեցել նրա հետ։

Պոլսի պատրիարքի ընտրության հարցում ճգնաժամը սրվել էր մարտին։ Մարտի 15-ին հոգևորականության քվեարկության արդյունքում Պոլսի պատրիարքի տեղապահ էր ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ, պոլսահայ Գարեգին արք․ Բեկչյանը։ Նա ձայների ընդհանուր թվով առաջ էր անցել պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք․ Աթեշյանից։ Սակայն անսպասելի զարգացում էր տեղի ունեցել։ Բեքչյանի ընտրվելուց հետո Աթեշյանը մամուլի ներկայացուցիչներին էր բաժանել Ստամբուլի նահանգապետարանի հայտարարությունը, ըստ որի՝ ընտրությունների գործընթացն օրինական չէ։ Նահանգապետարանը դա պատճառաբանում էր հայ համայնքի տարաձայնություններով և այն փաստով, որ պատրիարքի ընդհանուր փոխանորդը մինչ ընտրությունները հրաժարական չի տվել։

Մայիսի 17-18-ին տեղի ունեցած Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ղեկավարությամբ, իր զորակցությունն էր հայտնել Պոլսի պատրիարքական տեղապահ Տ․Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին և Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հորդորել «ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ պատրիարքության բնականոն կյանքի վերականգնման համար»։

Մայիսի 18-ին հարցի շուրջ բանակցելու համար Ստամբուլ էր ժամանել նաև Թուրքիայի արտգործնախարարության պատվիրակությունը, որն այցելել էր Օրթաքոյի Սբ Աստվավածին եկեղեցի, ուր Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ քննարկել էր Պոլսի պատրիարքի ընտրության հարցը։ «Ակօսը» գրում է, որ մոտավորապես կես ժամ տևած հանդիպումն ընդհանուր առմամբ անցել է դրական մթնոլորտում։ «Հնարավոր է, որ պատրիարքի ընտրության հարցում նոր զարգացումներ լինեն։ Հավանաբար պատվիրակության այցը պետք է համարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոստմամբ, թե սահամանդրական հանրաքվեից հետո լրջորեն կզբաղվի պատրիարքի ընտրության խնդրով, թեպետ ըստ օրենքի՝ պատկան մարմիններն իրավասու չեն միջամտել գործընթացին, և միայն պետք է նրանց տեղեկացնել ընտրության անցկացման մասին, երբ արդեն հստակ է օրը»,- գրել էր «Ակօսը»։

Մեկնաբանել