Կստեղծվի Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողով

Կառավարությունը հավանություն է տվել Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողով ստեղծելու օրենքի փաթեթին, որը կիրականացնի պաշտոնատար անձանց բարեվարքության խթանման և կոռուպցիայի դեմ պայքարի կրթական և կանխարգելիչ գործառույթներ:

Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն է տվել «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

Դրանց իրականացումը կնպաստի ՀՀ-ում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացվող աշխատանքների խթանմանը, կոռուպցիայի մակարդակի նվազեցմանը, հանրային ծառայողների կարգապահության և բարեխղճության ամրապնդմանը, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հանրային կառավարման արդյունավետ, թափանցիկ և հաշվետու համակարգի ձևավորմանը: Նախագծով նոր իրավակարգավորումներ են նախատեսվել գույքի և եկամուտների հայտարարագրման ոլորտների հետ կապված:

Նախատեսվել է, մասնավորապես, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնում: