Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը՝ մատնված անուշադրության

ՍիվիլՆեթի իմ գործընկերների հետ գնացել էինք Երևանի կենտրոնական գերեզմանատուն, որտեղ թաղված է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից, ներքգործնախարար Արամ Մանուկյանը և որտեղ գտնվում է առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու ընտանեկան գերեզմանը:

Մենք մի ռեպորտաժ ենք պատրաստում Արամի և Քաջազնունու մասին՝ Հայաստանի Հանրապետության հիմնադրման 99-ամյակին ընդառաջ:

Եթե Արամի գերեզմանը համեմատաբար խնամված վիճակում է, նրա մահվան օրը ամեն տարի նրա շիրիմին այցելում են կուսակցական ընկերները՝ ՀՅԴ ղեկավարությունը, ապա Քաջազնունու ընտանեկան գերեզմանը մատնված է անուշադրության:

Բավականին դժվարությամբ գտանք Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը, քանի որ այն ծածկվել էր ծառերով ու կանաչով: Նկատելի է, որ տարիներ այդ գերեզմանը չի խնամվում:

Որպես Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Քաջազնունին պետք է որ ուշադրության արժանանար Հայաստանի իշխանությունների, մասնավորապես վարչապետների կողմից: Չկա մեկ հրապարակում, համաձայն որի 1990-ից ի վեր Հայաստանի որևէ վարչապետ Քաջազնունու ծննդյան, մահվան (սպանության) օրը կամ Մայիսի 28-ին այցելած լինի առաջին վարչապետին և ծաղիկներ թողած լինի նրա հիշատակին:

Քաջազնունին պետք է որ ուշադրության արժանանար ՀՅԴ ղեկավարության կողմից, քանի որ առաջին վարչապետը 30 տարի՝ 1893-ից 1923 թվերին, եղել է Դաշնակցության շարքերում՝ լինելով ՀՅԴ-ի կողմից առաջադրված վարչապետ, իսկ Առաջին Հանրապետության վերջին օրերին զբաղեցնելով նաև խորհրդարանի նախագահի պաշտոնը:

Այսօր օրվա երկրորդ կեսին ես ավագ որդուս հետ գնացինք Քաջազնունիների ընտանեկան գերեզման և տարածքը հնարավորինս մաքրեցինք: Առաջիկա օրերին որոշել եմ շարունակել բարեկարգման աշխատանքները:

Այս պահին գերեզմանը համեմատաբար կոկիկ վիճակում է: Այնպես որ, Հայաստանի վարչապետը և կառավարության անդամները ցանկության դեպքում Մայիս 28-ին կարող են այցելել Քաջազնունուն և ծաղիկներ թողնել նրա հիշատակին:

Քաջազնունին արժանի է գնահատանքի և ուշադրության:

Նա Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներից է:

Նա Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետն է ու խորհրդարանի վերջին նախագահը: Մի հանրապետություն, որը ստեղծվեց 1918-ին՝ Բագրատունյանց Հայաստանի անկումից 1000 և Կիլիկյան Հայաստանի անկումից 600 տարի անց:

Քաջազնունին իր և ընտանիքի կյանքը նվիրել է Հայաստանին: Նրա որդիներից երկուսը՝ Աշոտը և Արամը, 1918 և 1920 թվերին, զոհվել են Ղարաքիլիսայում (թուրքերի դեմ պատերազմում) և Զանգիբասարում (հայ-թաթարական բախումների ժամանակ): Նրա երրորդ որդին 1920-ի հոկտեմբերին գերի ընկավ Կարսում, երբ քեմալականները զավթեցին քաղաքը:

Լուսանկարները՝ Արմեն Հակոբյանի