Խիզախեցի և կանչեցի՝ Պարո՛ն Միկոյան․ դեսպան Ջերեջյանը հիշում է իր հանդիպումը Միկոյանի հետ

Մայիսի 23-24-ը Երևանում «Անցումային շրջանի ավարտը․ Հայաստանը 25 տարի անց․ հիմա՞ ինչ» խորագրով անցած գիտաժողովին ելույթ ունեցավ ամերիկյան փորձառու դիվանագետ Էդվարդ Ջերեջյանը, որը դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ-ի ութ նախագահների օրոք։ «Անցումային շրջանի դասերը» խորագրով իր բանախոսությունը դեսպանը սկսեց անցած դիվանագիտական ճանապարհից մի շարք ուշագրավ դրվագներով, որոնց թվում ԽՍՀՄ ամենաերկարակյաց քաղաքական գործիչներից մեկի՝ Անաստաս Միկոյանի հետ հանդիպումն էր Վաշինգտոնում։

«Իմ առաջին քննարկումը խորհրդային առաջնորդի հետ տեղի է ունեցել 1963թ․, երբ աշխատում էի պետքարտուղարությունում՝ պետքարտուղարի տեղակալ Ջորջ Բոլի մոտ»,- պատմությունն սկսում է Ջերեջյանը։

Դեսպանը հիշում է, որ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, ԽՍՀՄ ամենաերկարակյաց պաշտոնյաներից Անաստաս Միկոյանը ԱՄՆ էր ուղարկվել որպես հատուկ բանագնաց ոչ միայն Կարիբյան ճգնաժամի շուրջ բանակցելու, այլև Ջոն Քենեդու թաղմանը մասնակցելու նպատակով։

Լուսանկարում՝ Միկոյանը մասնակցում է Ջոն Քենեդու թաղմանը

«Հայ հայրս հաճախ էր ինձ ասում, որ կա մի մեծ հայ ԽՍՀՄ-ում՝ Անաստաս Միկոյան անունով, և եթե դու նայես մայիսյան շքերթներին Քաղբյուրոյի անդամների շարքին, նա միշտ այնտեղ է, իսկ մնացածը գալիս ու գնում են»,- հիշում է Ջերեջյանը՝ հավելելով, որ հայրը շատ հպարտ էր Միկոյանով։

«Որոշեցի, որ լավ կլիներ, եթե նրա ձեռքը սեղմեի»,- ասում է Ջերեջյանը ու շեշտում, որ դա «շատ լարված ժամանակահատված էր»։

Դեսպանը շարունակում է, որ միջանցքում սպասել է մինչև ավարտվի Միկոյանի հանդիպումը պետքարտուղար Դին Ռասկի հետ և խախտելով արարողակարգը՝ դիմել նրան։

Լուսանկարում՝ Դին Ռասկի և Անաստաս Միկոյանի հանդիպումը Վաշինգտոնում, 1963թ․

«Ես ընդամենը քսան և մի քիչ տարեկան էի, նա Քաղբյուրոյի անդամ էր, և երբ անցնում էր կողքով, խիզախեցի և կանչեցի․ «Պարո՛ն Միկոյան, ինչպե՞ս ես», չասացի՝ «товарищ» (ռուսերեն՝ ընկեր, ԽՍՀՄ-ում ընդունված դիմելաձև – ՍիվիլՆեթ)»,- Միկոյանի հետ հանդիպման դրվագը ներկայացրեց Ջերեջյանը և շարունակեց․

Միկոյանը գամվեց տեղում և ինձ նայեց։ Հիշում եմ աղվեսի նման նրա դեմքը։ Ես քարացա։

– Դուն ո՞վ ես,- հարցրեց։ Ծնկներս դողում էին։ Ասացի՝ Ես Էդվարդ Ջերեջյանն եմ։ Նորից նայեց ինձ ու հարցրեց․

– Դուն հա՞յ ես։

Ասացի՝ այո։ Նա խփեց ուսիս՝ ասելով․

– Այնքան ուրախ եմ, որ հայերն այստեղ լավ են։

– Պարոն Միկոյան, Դուք էլ ոնց որ վատ չեք Խորհրդային Միությունում,- պատասխանեցի ես։

Էդվարդ Ջերեջյանի՝ «Անցումային շրջանի դասերը» խորագրով բանախոսությունը՝ այստեղ։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել