Ես չեմ պատկերացնում ինձ քաղաքական գործի մեջ․ Ռուբեն Վարդանյան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդմանը։ Ի թիվս մի շարք հարցերի՝ նա խոսել է քաղաքականությանն իր վերաբերմունքի ու առնչության մասին։ Նա ասել է, որ չի պատկերացնում իրեն քաղաքականության մեջ, պետական համակարգում․ «Այդ հարցը փակված է, ես չեմ պատկերացնում ինձ քաղաքական գործի մեջ»։

Հաղորդավար Պետրոս Ղազարյանը նշել է, որ Ռուբեն Վարդանյանը միշտ խոսում է Հայաստանի հումանիտար, տնտեսական, սոցիալական խնդիրների մասին, այն դեպքում, երբ տնտեսական խնդիրների հիմքում շատ հաճախ քաղաքական խնդիրներն են։ Հարցրել է, թե ինչու է Ռուբեն Վարդանյանը խուսափում խոսել քաղաքականության մասին։

«Ամեն մարդ պետք է խոսի և անի այն, ինչ կարողանում է լավ անել։ Ես ճիշտ չեմ գտնում բարձրաձայնել քաղաքական հարցերը այն առումով, որ ես չեմ հասկանում,- ասել է Ռուբեն Վարդանյանը։- Մենք պետք է որպես էլիտա ընտրենք այն մոդելը, թե ինչ ենք ուզում 20 տարի հետո։ Ես դրա շուրջ շատ եմ վիճում և՛ նախագահի հետ, և՛ վարչապետների հետ, որ եղել են մինչև Կարենը, հիմա էլ իր [Կարեն Կարապետյանի] հետ։ Որ ուղղությամբ, ինչ երկիր ենք սարքում,- դա քաղաքական հարց չէ, դա ավելի էլիտայի հարց է, որը ոչ թե միայն պետությունն է որոշում կամ կուկսակցությունը, այլ բոլորն են ազդում»։

Վարդանյանը նշել է, որ առանձնապես չի հասկանում, օրինակ, թե Միացյալ Նահանգներում Հանրապետական կուսակցությունը ինչով է տարբերվում Դեմոկրատականից, կամ Գերմանիայում  քրիստոնեա-դեմոկրատները ինչով են տարբերվում սոցիալ-դեմոկրատներից։

«Որևէ մեկը ինձ չի կարող բացատրել, թե Թրամփը որ կուսակցության անդամ է։ Շատ լուրջ պրոբլեմի առաջ է աշխարհը կանգնած»,- ասել է Վարդանյանը և նշել, որ ինքը մասնագետ կամ փորագետ չէ, որպեսզի քաղաքական հարցերի շուրջ կարծիք հայտնի։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում վարչապետ Կարեն Կարապետյանին, նրա տնտեսական բարեփոխումներին, արդյոք տեսնում է դրական միտումները, Ռուբեն Վարդանյանը պատասխանել է․ 

«Ես աշխատում էի Տիգրան Սարգսյանի հետ, Հովիկ Աբրահամյանի հետ, աշխատում եմ Կարեն Կարապետյանի հետ, ում հետ ես ավելի ջերմ հարաբերություններ ունեմ, քան Հովիկ Աբրահամյանի հետ։ Նույն Տիգրան Սարգսյանին ես հաճախ կարող էի մի բան ասել՝ որպես ընկեր, ես հարգում եմ երկրի վարչապետին և երկրի նախագահին։ Ես ուզում եմ, որ Հայաստանում անձնական հարաբերությունները դառնան ուրիշ, և մեր ընդհանուր վերաբերմունքը դեպի պետական համակարգը փոխվի»։

Վարդանյանն ասել է, թե վարչապետ Կարեն Կարապետյանի գործը շատ դժվար է․ «Նա պետք է անի փոփոխություն առանց հեղափոխության։ Ես ավելի հեղափոխական մարդ եմ, ես գտնում եմ, որ մոդելի փոփոխությունն ավելի կտրուկ պիտի լինի, բայց ինձ հեշտ է խոսելը, ես պաշտոնի մեջ չեմ»։

Հարցին, թե արդյոք պետական համակարգում ներգրավվելու առաջարկ ստացել է, Վարդանյանը պատասխանել է․ «Այդ հարցը փակված է, ես չեմ պատկերացնում ինձ քաղաքական գործի մեջ»։