Փաստաբանները պահանջում են վերացնել պալատի միահեծան իշխանությունը

«Փաստաբանների պալատի խորհուրդը ցուցակով ընտրված գրպանային խորհուրդ է»․ այսօր հրավիրված ասուլիսին փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսպես արձագանքեց նախօրեին իրեն տուգանելու Փաստաբանների պալատի խորհրդի որոշմանը։

«Ինձ պատժել են իմ գործունեության, պալատի հասցեին իմ քննադատությունների համար։ Խնդիրն այն է, որ Փաստաբանների պալատի խորհուրդը  ցուցակով ընտրված գրպանային խորհուրդ է։ Կարծում եմ՝ ամեն բան այնքան ակնհայտ է այդ ձախողված կառույցի մասին, որ ավելին ասելու ահնրաժեշտություն չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Տիգրան Աթանեսյանը։

Մայիսի 24-ին փաստաբանների պալատի խորհրդի նիստում որոշում է կայացվել  փաստաբան Տիգրան Աթանեսյանին՝ «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» պահանջները խախտելու հիմքով հարուցված կարգապահական վարույթը կարճել, սակայն փաստաբանին ճանաչել մեղավոր և կիրառել կարգապահական տույժ՝ տուգանք 150.000 դրամ։ Տիգրան Աթանեսյանը, ըստ որոշման, պարտավորեցվել է   որպես կարգապահական տույժ իր հաշվին՝ վեց ամսվա ընթացքում,  մասնակցել լրացուցիչ վերապատրաստման դասընթացների։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը, որը փաստաբան Հովհաննես Չամսարյանի հետ նույնպես ներկա էր հանդիպմանն ասաց․ «Այն գործը, որով Աթանեսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, ցույց է տալիս, որ վաղը յուրաքանչյուրիս նկատմամբ ինչ ուզեն, կարող են անել, քանի որ այդ գործոի համար Տիգրանը կատարել է տիտանական աշխատանք։ Մենք՝ ես ու Տիգրանը, դատարանում եղել ենք դատավարական հակառակորդներ, և հեշտ չի եղել Տիգրանի գրած միջնորդություններին առարկելը»,- ասաց Վարոսյանը՝ հաստատելով, որ կատարվածը Տիգրան Աթանեսյանին պատժելու փորձ է՝ փաստաբանական պալատի կողմից։

Երվանդ Վարոսյանը նկատի ունի արձակագիր Հրանտ Մաթևոսյանի եղբորորդուն՝ Թովմա Մաթևոսյանին առնչվող գործը։ 2013թ. մայիսի 15-ին Վանաձորում «Մոտկորի» անտառապետ Թովմա Մաթեւոսյանը սպանվել էր բնապահպանական տեսուչ Տիգրան Մելիքյանի հետ վիճաբանության արդյունքում դանակահարությունից։ Տիգրան Մելիքյանը դատապարտվել էր տասը տարվա ազատազրկման։ Գործում նրա պաշտպանն էր Տիգրան Աթանեսյանը։ Դատավարական գործընթացը տևել է չորս տարի, որի ընթացքում Տիգրան Աթանեսյանը կարողացել է Վերաքննիչ դատարանում գործը բեկանել և վերադարձնել առաջին ատյանի դատարան։ Տիգրան Մելիքյանի հայրը՝ Նորիկ Մելիքյանը, բողոք է ներկայացրել Փաստաբանների պալատ Տիգրան Աթանեսյանի դեմ առ այն, որ Աթանեսյանը պատշաճ չի պաշտպանել իր որդու շահերը։ Փաստաբանների պալատն էլ այդ բողոքի հիման վրա էլ որոշում է կայացրել Աթանեսյանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ։

Խոսելով փաստաբանական պալատի և պալատի նախագահ Արա Զոհրաբյանի մասին՝ փաստաբանները նշեցին, որ Պալատը, որի գործառույթն է պաշտպանել փաստաբանների շահերը, այսօր իրականացնում է հակառակը։ Պատճառը, ըստ Աթանեսյանի՝ այն է, որ, Փաստաբանների պալատը որպես ինստիտուտ իր ներսում  չունի հակակշիռներ․ «Սա է պատճառը, որ ես չեմ տեսնում այդ հիմնարկի ապագան։ Այսօր Զոհրաբյանն է, վաղը՝ Պողոսյանը կամ Պետրոսյանը կլինեն, ու Պալատի գործունեությունը կմնա նույնը»,- ասաց Աթանեսյանը՝ հավելելով, որ փաստաբանական ինստիտուտը կարևոր ինստիտուտ է իրավական և ժողովրդավարական պետությունների համար և անթույլատրելի է այն դնել այսպիսի ծանր վիճակում, այսպիսի լրջագույն հարվածի տակ։

Փաստաբանները պահանջում են կառույցը բարեփոխել հիմնովին։

Երվանդ Վարոսյանը, Պալատում հակակշիռների բացակայությունը ցույց տալու համար ասում է, որ Պալատի խորհրդի գործառույթը և նպատակը նախագահի գործունեությունը վերահսկելն է, սակայն այսօր գործող օրենքի համաձայն՝ Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը միաժամանակ նաև խորհրդի նախագահն է, որակավորման հանձնաժողովի նախագահը, Փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի նախագահը։

«Այսինքն երբ դու այս ամենի նախագահն ես, և խորհրդի անդամներին էլ վերցնում ես քեզ մոտ, այսպես կոչված գործադիրում նշանակում աշխատանքի, դառնում ես լիակատար տեր ու տիրական»,- ասաց Երվանդ Վարոսյանը՝ շեշտելով, որ իրենք ո՛չ Արա Զոհրաբյանի, ո՛չ էլ որևէ մեկի հետ անձնական խնդիրներ չունեն, և խնդիրները, որոնք բարձրաձայնում են, բացառապես ինստիտուցիոնալ են։

«Մենք պալատի ղեկավարի և խորհրդի հետ որևէ անձնական խնդիր չունենք, և երբ Արա Զոհրաբյանը եղած խնդիրները փորձում է տեղափոխել անձնական դաշտ, դա անում է միայն իրական խնդիրները քողարկելու կամ խնդիրներից խուսափելու համար»,- ասաց Վարոսյանը։

Փաստաբաննեը խոսեցին նաև փաստաբանական դպրոցի և հանրային պաշտպանի գրասենյակի մասին՝ նշելով, որ դպրոցում դասավանդում են հիմնականում այնպիսի փաստաբաններ, որոնք իրենք դասավանդվելու կարիք ունեն, իսկ հանրային պաշտպանի գրասենյակը «խայտառակ վիճակում է» և  այլասերվել է հանրային պաշտպանության գաղափարը։

«Երեսուն-քառասուն քրեական գործ մեկ փաստաբանի մոտ խայտառակություն է, քանի որ արդյունավետ աշխատելու համար առավելագույնը տասը-տասնհինգ գործն է։ Ավելին նշանակում է ձև անել թե աշխատում ես, և սա արվում է, որ տպավորություն ստեղծվի, թե ինչ լավն ենք, որ անվճար օգնություն ենք ցույց տալիս հանրությանը»,- ասաց Աթանեսյանը։ Ըստ նրա՝ հանրային պաշտպանի գրասենյակից օգտվողների միայն տասնհինգ տոկոսն է չքավոր խավի ներկայացուցիչ։

Որպես լուծում՝ փաստաբաններն առաջարկում են օրենսդրական փոփոխության միջոցով Պալատում առկա միահեծան իշխանությունը վերացնել, կոնֆեդերացիանների ստեղծել։  Վարոսյանն առաջարկում է  փոխել կառավարման մոդելը, ազատել խորհուրդը Պալատի նախագահի իշխանությունից կամ ստեղծել նոր պալատներ՝ որոշակի ցենզով, սակայն տալ փաստաբանին ընտրության հնարավորություն՝ նրան տալով այս կամ այն միության անդամը դառնալու որոշում կայացնելու ազատություն։

Փաստաբանների համոզմամբ դա միակ ձևն է Հայաստանում փաստաբանական ինստիտուտի դերն ու նշանակությունը առողջացնելու և բարձրացնելու։

 

Արփի Մախսուդյան