Իմ հավատը իմ գլխավոր շարժիչ ուժն է․ Թոմ Քաթինայի բացառիկ հարցազրույցը՝ ՍիվիլՆեթին

Թոմ Քաթինան 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ է։ Նա եղել է նաեւ 2016 թվականի առաջին «Ավրորա» մրցանակի հավակնորդ։ Սուդանի 750,000 բնակիչ ունեցող Նուբա լեռներում մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը՝ Թոմ Քաթինան, օրուգիշեր ջանք չի խնայում հոգալու պատերազմից ավերված այս տարածաշրջանի բնակիչների մասին։ Սուդանի կառավարության և Սուդանի ազգային ազատագրական շարժման միջև բռնկված քաղաքացիական պատերազմի բոլոր տարիներին Թոմն անթիվ մարդկանց կյանք է փրկել «Գթության մայր» հիվանդանոցում, որը միակ գործող հիվանդանոցն է ամբողջ տարածաշրջանում։ ՍիվիլՆեթի Սալբի Ղազարյանին տված բացառիկ հարցազրույցում Քաթինան պատմում է այն մասին, թե ինչու է ընտրել այդ ուղին։ Ստորև թարգմանաբար ներկայացված են Քաթինայի առավել ուշագրավ գաղափարներն ու մտքերը։

 

Իմ հավատը իմ գլխավոր շարժիչ ուժն է։ 

Եթե դու քեզ միսիոներ ես կոչում, պետք է դա գործով ապացուցես և մարդկանց հետ մնաս նրանց ճգնաժամային պահերին։ Երբ դյուրին ժամանակներ են, այնքան էլ մեծ բան չես անում, սակայն հենց դժվար պահերին հնարավորություն ունես Քրիստոսի սերը ցույց տալու։ 

Գործի՛ր, քա՛յլ արա, դիմի՛ր ռիսկի, իսկապես հոգա մեկի համար՝ ով էլ լինես։ Օգնի՛ր, և դու երբեք դրա համար չես զղջա:

Համալսարանում ճարտարագիտություն եմ սովորել, սակայն իմ երազանքը միսիոներ լինելն էր և Քրիստոսի սերը մարդկանց պարգևելը։

Բժիշկ ու միսիոներ լինելու միջև, կարծում եմ, փոխկապակցվածություն կա։

Շատերն ունեն բարի սիրտ, սակայն վախենում են առաջին քայլն անելուց՝ ինչ կասեն ծնողները, ընկերները։

Եթե որևէ բան ասելու լինեմ, կասեմ՝ մոռացե՛ք այդ ամենի մասին, կյանքը մի՛ բարդացրեք, մենք բոլորս քույրեր ու եղբայրներ ենք։

Մահվան պահին ո՞րն է լինելու հարցը․ Ի՞նչ ես արել քո կյանքում։

Ես գիտեմ, որ եթե հավատարիմ մնամ հավատիս, Աստված կտեսնի դա, և ես կարող եմ հանգիստ մահանալ։

«Ավրորա» մրցանակը փորձում է ընդգծել մարդասիրությունը, մարդասիրական գործունեությունը։

«Ավրորա»-ի գաղափարն այն է, որ երբեմնի զոհ հայերը այսօր փորձում են շրջել դա և օգնել՝ վրեժխնդիր լինելու փոխարեն, ողբերգությունը վերածել դրական մի բանի։

Նրանք ասում են՝ մարդիկ Ցեղասպանության և երկրաշարժի ժամանակ եկան մեզ օգնության, հիմա մեր հերթն է օգնել մյուսներին։

Դա շատ, շատ հզոր ուղերձ է, և ես ցանկանում եմ այն կյանքի կոչել Նուբայում, որտեղ բժշկություն սովորողները կդառնան բժշկական օգնության արտահանողներ։

 

Լուսանկարը՝ «Ավրորա»-ի կայքի։

 

Ստելլա Մեհրաբեկյան