«Փյունիկ»-ը նոր սեփականատեր կունենա

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, որի հիմնադիրն ու սեփականատերը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանն է, շուտով նոր սեփականատեր է ունենալու։ Այս մասին «Ա1+»-ին հայտնել են ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից։

«Փյունիկ»-ից տեղեկացրել են, որ հունիսի 3-ին կկայանա ասուլիս ու բոլոր հարցերի պատասխանները կտրվեն։ Մինչ այդ ռուսաստանաբնակ հայ գործարար Արթուր Սողոմոնյանը հաստատել է լուրերն այն մասին, որ ինքը դառնալու է «Փյունիկ»-ի նոր սեփականատեր։ News.am-ի հետ զրույցում Սողոմոնյանն ասել է, որ «Փյունիկ»-ի դեպքում զրոյից նոր ֆուտբոլային ակումբ ստեղծել պետք չէր, քանի որ ֆուտբոլային այս ակումբն ունի մանկապատանեկան դպրոց ու ենթակառուցվածքներ։

Նա չի բացառել, որ ակումբի անունը կարող է փոխվել։ «Փյունիկ»-ի ներկայիս նախագահը Ռուբեն Հայրապետյանի որդին է՝ Ռաֆիկ Հայրապետյանը։ «Փյունիկ»-ը 14 անգամ դարձլ է Հայաստանի առաջնության հաղթող, իսկ 8 անգամ՝ գավաթակիր։ «Փյունիկ»-ի մարզադպրոցի սան է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Մեկնաբանել