ԱԺ-ն որոշում կայացրեց արտահերթ նիստում ընդգրկված հարցերը քննարկել հրատապ ռեժիմով

Այսօր` մայիսի 30-ին, Կառավարութունն Ազգային ժողովին առաջարկում է արտահերթ նիստում ընդգրկված բոլոր հարցերը քննարկել հրատապ ռեժիմով՝ 24 ժամվա ընթացքում:

Մի շարք պատգամավորներ դեմ են քնննարկման նման ռեժիմին: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ օրակարգում ընդգրկված նախագծերից ոչ բոլորն են պահանջում հրատապ քննարկում:

«Օրակարգում կան այնպիսի նախագծեր, մասնավորապես թոշակավորման հետ կապված, որը բացարձակ հատուկ ռեժիմ և արագ քննարկում չեն պահանջում, ես հասկանում եմ, որ ժամկետների խնդիր կա, բայց կարծում եմ, որ որոշ նախագծեր հանգամանալից քննարկում են պահանջում»,- նշեց Զոհրաբյանը:

ՀՀ արդարադատության փոխնախարարը չհամաձայնելով, ասաց` հենց թոշակների հետ կապված նախագիծն առավել քան հրատապ է: Նրա խոսքով` օրենքը պետք է ուժի մեջ մտնի մինչև հուլիսի 1-ը:

ԵԼՔ խմբակցության դաշինքից Արտակ Զեյլանյանն էլ ասաց, որ սրանք օրենքներ են, որոնց վերաբերյալ կարևոր են դեբատները և դրանց բացակայությունից կտուժի ժողովրդավարությունը:

«Հուլիսի 1-ի կանխավարկածով դուք նույնիսկ մեկ նիստ ավել չեք ուզում, որ այս հարցերը քննարկվեն: Այս պրակտիկան կիրառելը հենց սկզբից բացարձակապես անընդունելի է, ըստ էության խորհրդարանական քննարկումների կուլտուրան վերացնելու քայլ է արվում»,- ասաց «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ առաջարկեց դեմ քվեարկել և դրանով ուղերձ հղել կառավարությանը, որ սա անհարգալից վերաբերմունք է խորհրդարանական կառավարման նկատմամբ:

«Նման արագ քննարկումներով մենք չենք զարգացնի պառլամենտարիզմը»,- նկատեց նա:

ԱԺ-ն 60 կողմ, 27 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշեց հարցերը քննարկել հրատապ ռեժիմով՝ 24 ժամվա ընթացքում:

Մեկնաբանել