Նիկոլ Փաշինյանը լարվածություն է տեսնում վարչապետի և նախագահի միջև

Այսօր` մայիսի 30-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում կառավարությունը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկում է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի քաղաքական պաշտոնը փոխարինել աշխատակազմի ղեկավարի հայեցողական պաշտոնով։

Կառավարության այս առաջարկը ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պայմանավորեց մինչև 2018թ․ քաղաքական դաշտում տեղի ունեցող Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան ենթադրյալ մրցակցությամբ․

«Փոփոխության առաջարկը խորապես պայմանավորված է այն քաղաքական տուրբուլենտ շրջանով, որը մեզ սպասվում է առաջիկա տասը ամիսների ընթացքում։ Այսինքն՝ տեղի է ունենում իշխանության վերարտադրություն կամ տրանսգֆորմացիա։Կան երկու սուբյեկտներ , որոնք հավակնում են 2018-ից հետո վարչապետի պաշտոնին, որոնցից մեկը Կարեն Կարապետյանն է, մյուսը Սերժ Սարգսյանը։ Այս երկու բևեռների միջև սկսվելու են մրցակցություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնի թեկնածու շուրջ ամենայն հավանականությամբ չեն եկել ընդհանուր հայտարարի և որոշել են հանել «նախարար բառը և կնքել ժամանակավոր զինադադար»։

Նախագծի հիմնական զեկուցող, Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը փոփոխությունը պայմանավորեց 2015 թվականին փոփոխված սահմանադրությամբ, համաձայն որի, նախարարների թիվը չպետք է գերազանցի տասնութը։

«Նախագծի նպատակն է նաև կառավարության արդյունավետությունը բարձրացնելու և կառավարման ձևը կիսանախագահականից խորհրդարանական համակարգի անցումը սահուն կազմակերպելու համար»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով նաև, որ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի վերափոխումը քաղաքականից դեպի հայեցողական չի ավելացնում կամ պակասեցնում հաստիքի աշխատավարձը։

Ավելին, հավասարություն ապահովելու համար առաջարկ է արվել բարձրացնել նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը։ Աշխատավարձի պահպանման հարցը տարակուսանք առաջացրեց հատկապես ընդդիմադիր պատգամավորների շրջանում։

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը խնդրեց բացատրել, թե ինչ տարբերություն կա նախարարի և ղեկավարի գործառույթներում։

«Կա՞արդյոք նախարարի և ղեկավարի գործառույթների նկարագիր, ինչո՞վ է պայմանավորված է պայմանավորված «նախարար» եզրույթը կամայական միացնելու, ապա առանձնացնելու այս քաղաքականությունը»,- հարցրեց Թանդիլյանը, որին ի պատասխան փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ համանման որոշում կայացրել է կառավարությունը ունենալով սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունը։

Աժ փոխնախարար, պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հավհաննիսյանն էլ պաշտպանելով կառավարության առաջարկությունն ասաց, որ կառուցվածքը փոխելու լիազորությունը կառավարության բացառիկ իրավասություն է․

«Կառավարությունն է որոշում իր կառուցվածքը։ Այս նախագծով այլևս ղեկավար-նախարարը քաղաքական պատասխանատվություն չի կրելու այդ բեռը փոխանցվում է վարչապետին, իսկ մեկ տարի հետո փոխվարչապետներին։ Մնացած ամեն բան հարակից է և ածանցյալ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրած բոլոր նախագծերը կառավարությունը բերել է հրատապ կարգով, որը նշանակում է հարցերը քննարկվելու և ընդունվելու են 24-ժամյա ռեժիմով։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի վերափոխման մասին նախագիծը կքվեարկվի վաղը։