Թբիլիսիում ապաստանած ադրբեջանցի հետաքննող լրագրողին առևանգել և փոխանցել են Բաքու

Ադրբեջանցի հետաքննող լրագրող, ադրբեջանական իշխանությունների քննադատ Աֆղան Մուխթարլին, որը 2015-ից ի վեր հարկադրված ապրում է Թբիլիսիում, անհետացել էր մայիսի 29-ի երեկոյան։ Երեկ լրագրողի փաստաբան Նեմաթ Քերիմլին տեղեկացրել է Meydan TV-in, որ Մուխթարլին ձերբակալվել է և փոխանցվել Բաքու։

Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուստաֆաևան, պատմել է, որ Աֆղանը չէր պատասխանում հեռախոսազանգերին, որից հետո նրա հեռախոսն առհասարակ անջատվել է։ Մուստաֆաևան դիմել է վրաստանյան ոստիկանություն, հարազատները մտավախություններ ունեին, որ նա կարող է հանձնվել ադրբեջանական իշխանություններին։

Ադրբեջանցի հայտնի հետաքննող մեկ այլ լրագրող՝ Խադիջա Իսմայիլովան, որը նախկինում նույնպես ազատազրկվել էր իր գործունեության համար, ահազանգելով գործընկերոջ կորստի մասին, Ֆեյսբուքում պարբերաբար տեղեկություններ է հաղորդել զարգացումներից։

Իսմայիլովան գրել է․ «Աֆղան Մուխթարլին պատմել է փաստաբանին, որ առևանգվել է Թբիլիսիի թաղամասերից մեկից մայիսի 29-ի երեկոյան։ Նրան ձեռքերը կապած բռնի կերպով նստեցրել են Օպել մակնիշի ավտոմեքենա, ծեծել։ Նրա երեսին և մարմնին կան բռնության հետքեր։ Հնարավոր է՝ կղոսկրի կոտրվածք ունի։ Աֆղանին մեքենայով բերել են Թբիլիսիից դուրս, գլխին պայուսակ դրել։ Նա ասել է, որ սրտի խնդիրներ ունի և չի կարող շնչել։ Այնուհետև լրագրողի գլխին քաշել են նրա վերնաշապիկը և ֆիքսել։ Ամայի մի տեղում փոխել են մեքենան։ Ավելի ուշ մեքենան ևս մեկ անգամ է փոխվել։ Վերջինում գտնվող անձինք ադրբեջաներեն էին խոսում։ Երբ հանվել է մեքենայից դուրս, լրագրողը տեսել է, որ սահմանակետում է։ Այնտեղ նրա գրպանը գցել և հայտնաբերել են 10 հազ․ եվրո գումար։ Մուխթարլին մեղադրվում է սահմանի ապօրինի հատման և մաքսանենգության մեջ։ Աֆղանն ասել է, որ իրեն ձերբակալած մարդիկ չեն ներկայացել, սակայն արտաքնապես Վրաստանի իրավապահ մարմիններից էին։ Փաստաբան Էլչին Սադիղովը պահանջել է նշանակել դատաբժշկական քննություն և տրամադրել տեսագրություններ անցակետից»։

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է, որ Թբիլիսիից անհետացած լրագրողին սպառնում են կտտանքներ և վատ վերաբերմունք։

«Սա սոսկալի զարգացում է մի երկրում, որը հայտնի է լրագրողների և իրավապաշտպանների հանդեպ իր վաղեմի բռնաճնշումներով։ Աֆղան Մուխթարլին պետք է անհապաղ և անվերապահ կերպով ազատ արձակվի և պաշտպանվի կտտանքներից ու վատ վերաբերմունքից։ Նա խղճի բանտարկյալ է, որն ազատազրկվել է սոսկ իր լրագրողական գործունեության համար»,- ասել է Հարավային Կովկասի գծով Amnesty International-ի ներկայացուցիչ Լևան Ասաթիանին, որը ներկայում Թբիլիսիում է։

Վրաստանի հանրային հեռուստաընկերության եթերում Ասաթիանին զրուցել է ադրբեջանցի լրգարողի փաստաբան Քերիմլիի հետ և վերջինս միջադեպի համար մեղադրում է վրացական կողմին, որը, նրա խոսքով, խախտել է միջազգային իրավունքը։ Տուժող կողմը խոստանում է հայց ներկայացնել Վրաստանի դեմ։

Amnesty-ն իր հերթին կոչ է անում Վրաստանի իշխանություններին հետաքննել Մուխթարլիի առևնագումն ու պարզել, թե արդյոք դրա հետ առնչություն ունեն վրաստանյան ուժային կառույցները։

Ինչպես հաղորդում է հայալեզու Aliq Media կայքը, Վրաստանի օմբուդսմեն Ուչա Նանուաշվիլին արձագանքել է միջադեպին՝ Ֆեյսբուքում գրելով հետևայլը․ «Կամ պիտի լսենք պարզաբանում ՆԳՆ-ի և պետանվտանգության ծառայության կողմից, թե ինչպես է ադրբեջանցի լրագրողը Թբիլիսիից Բաքվում հայտնվել, կամ էլ թող այս կառուցները քաղաքական պատասխանատվություն կրեն։ SHAME, GEORGIA [Ամո՛թ, Վրաստան – ՍիվիլՆեթ]»։

Վրաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ արձագանքել են ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի անհետացման փաստին: ՀԿ-ները հայտարարություն են տարածել` կոչ անելով կառավարությանը, խորհրդարանին և դատախազությանը հրապարակավ բացատրել լրագրողի ձերբակալության և Ադրբեջանում հայտնվելու գործընթացում Վրաստանի հնարավոր մասնակցությունը:

Գրուզիա Օնյայն կայքը փոխանցում է, որ այսօր վրաստանյան ՀԿ-ների ներկայացուցիչներն ու լրագրողները իրենց պահանջը կբարձրաձայնեն կառավարության շենքի մոտ։

Աֆղան Մուխթարլին ու նրա կինը 2015-ից բնակվում են Թբիլիսիում՝ խուսափելով Ադրբեջանում հետապնդումից, որը պայմանավորված է լրագրողի հետաքննական գործունեությամբ։ Մուխթարլին զբաղվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի` Վրաստանում ունեցած բիզնես կարողությունների հետաքննությամբ:

Meydan TV-ն գրում է, որ հետաքննող լրագրողի անհետացման նախօրեին ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող լրատվականներից մեկում [haqqin.az – ՍիվիլՆեթ] լույս է տեսել հոդված Թբիլիսիում գործող՝ ադրբեջանցի ընդդիմադիրների «ստորգետնյա» ցանցի մասին։ Նշվածների թվում էր նաև Մուխթարլին, ինչպես նաև հայտնի վիրաբույժ Ֆարման Ջեյրանովը, Ազգային ճակատ կուսակցության փոխնախագահ Գեզալ Բայրամլըն։ Վերջին երկուսը ձերբակալվել են օրերս։

Հայտնի ծաղրանկարիչ Գյունդուզ Աղաևը թեմային անդրադարձել է մի շարք դիպուկ ծաղրանկարներով, որոնցից մեկում բառախաղի միջոցով ակնարկում է ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերության և Վրաստանի սերտ կապը [«Սաքարթվելո» վրացերենից թարգմանաբար նշանակում է Վրաստան – ՍիվիլՆեթ]։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել