Քննիչների և դատախազների թոշակները բարձրացնելու մասին օրենքներն ընդունվեցին

Ազգային ժողովն այսօր 61 կողմ և 35 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում և ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը։

Նախագծին դեմ քվեարկեցին «Ծառուկյան» դաշինքը և ԵԼՔ-ը։

«Ծառուկյան կուսակցությունների դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իրենց դիրքորոշումը պայմանավորեց դատական համակարգում առկա կոռուպցիայով․ «Անհասկանալի է, թե ինչո՞ւ է երկարաժամկետ և բարձ կենսաթոշակ սահմանվում, այն դեպքում, երբ 2007-ին նրանց աշխատավարձերը և թոշակը բարձրացվեց՝ նպատակ ունենալով նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը համակարգում։ Անցել է տասը տարի, սակայն դատական համակարգում կոռուպցիան չի նվազել»։ Զոհրաբյանը նշեց, որ առաջիկայում հանդես կգան դատական համակարգի աշխատավարձերը և կենսաթոշակները նվազեցնելու օրենսդրական առաջարկով։

ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այս փոփոխության իմաստը բացառապես քաղաքական առկա կոնյունկտուրան է։ «Փոփոխության համաձայն կողք կողքի նստող դատախազներից մեկը, որը եկել է Քննչական կոմիտեից, կստանա 400 հազար թոշակ, իսկ մյուս դատախազը՝ կստանա 200 հազար։ Երբ նայում ենք այս դաշտին, տեսնում ենք, որ բոլոր քննիչները հավասար են, իսկ Քննչական կոմիտեի քննիչներն ավելի հավասար են։ Երբ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազ էր, ավելի արտոնյալ էին դատախազները։ Այս իրավիճակը շատ լավ գիտի կիրառական պրակտիկայում նաև Աժ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Աժ ամբիոնից ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը պատասխանեց․ «Արտոնությունը չի տրվում դատախազներին քննիչի համեմատությամբ կամ հակառակը, օրենքը վերաբերում է և՛ դատախազներին, և՛ քննիչներին։ Եթե որևէ մեկն ասի և ապացուցի՝ սա ուղղված է որևէ մի քննչի, ես հրապարակավ ներողություն կխնդրեմ Հանրապետության հրապարակից»,- ասաց Կոստանյանը։

Փոփոխված օրենքով նախատեսվում է, որ մինչև 2017-ի հուլիսի 1-ը 20 տարվա մասնագիտական ստաժ ունեցող և 65 տարին լրացած դատախազները և քննիչները պետք է անցնեն թոշակի նախկին՝ ամսական 423.000 դրամ թոշակով: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ ներկայում համակարգում կան 48 դատախազներ և քննիչներ, որոնք ունեն 20 տարվա մասնագիտական ստաժ, սակայն նրանց 65 տարին չի լրացել, և ցանկանում են շարունակել աշխատել։ «Մենք ցանկանում ենք նրանց հնարավորություն տալ` շարունակ աշխատել` կենսաթոշակի անցնելու մասին դիմում գրելով ցանկացած ժամանակ` պահպանելով բարձր կենսաթոշակի չափը` 423.000 դրամ»,- մայիսի 30-ին նախագծի քննարկման ժամանակ ասել էր Արթուր Հովհաննիսյանը։

Համաձայն ընդունված օրենքի՝ հետայսու մինչև 1974 թ․ ծնված դատախազներն ու քննիչները թոշակ կստանան մինչև 2014թ. օրենսդրական փոփոխություններով նախատեսված փոփոխությունների դրույքաչափով։ 2014թ. օրենսդրական փոփոխություններով նախատեվում էր 2017թ․ հուլիսի 1-ից հետո դատախազների, քննիչների կենսաթոշակը 423 հազար դրամից իջեցնել 227 հազար դրամի:

Արփի Մախսուդյան

Մեկնաբանել