100-ամյակին ընդառաջ․ Սարդարապատ, Թիֆլիս և Բաթում

Ուղիղ մեկ տարի անց Հայաստանում և Սփյուռքում նշվելու է Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը։

20-րդ դարի հայոց պատմությունը լի է հիշատակության արժանի, այդ թվում՝ ողբերգական իրադարձություններով։

Այդ իրադարձությունների շարքում ինձ համար հատկապես էական է երկու զուգահեռ դրվագ, առանց որոնց հավանաբար չէր լինի խորհրդային 70 տարիների և այսօրվա Հայաստանը։

Սարդարապատում և Բաշ Ապարանում 1918-ի մայիսի վերջերին զորավարներ Սիլիկյանի ու Դրոյի հրամանատարությամբ Արարատյան աշխարհի ժողովուրդը Արամի կազմակերպչական ջիղի շնորհիվ կանգնեցրեց թուրքական հարձակումը, իսկ Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը մայիսի 30-ին, փաստացի, հռչակեց Հայաստանի Հանրապետությունը, և հայ պատվիրակները հունիսի 4-ին Բաթումում Օսմանյան կայսերական կառավարության հետ ստորագրեցին Հաշտության և բարեկամության պայմանագիր։

Մենք պատմությանը սովորաբար մոտենում ենք ընտրողաբար․ մոռացության ենք մատնում այն դեմքերին, դեպքերն ու իրադարձությունները, որոնց 100 տարի անց հիշելը ձեռնտու չէ և, հակառակը, լուսարձակի տակ ենք առնում նրանց, ովքեր երբեմն էական նշանակություն չեն ունեցել, բայց սնում են ազգային արժանապատվությունը և հայրենասիրությունը, նաև՝ ազգայնականությունը։

Ես՝ որպես հայ լրագրող և ուսումնասիրող, սիրում եմ պատմությանը նայել մերկ՝ առանց բոլշևիկյան, կոմունիստական, դաշնակցական, ՀՀՇ-ական կամ ՀՀԿ-ական հանդերձանքի։

Ես նաև սիրում եմ պատմության այն էջերը, որոնք չեն լուսաբանվել կամ մոռացության են մատնվել դեպքերի, իրադարձությունների հեղեղում։

100-ամյակին ընդառաջ ՍիվիլՆեթի էջերում պարբերաբար ես ներկայացնելու եմ մեր պատմության բազմաթիվ դրվագներ։

Այսօր ուզում եմ ներկայացնել դրանցից մեկը, որը կոմունիստական և նեոկոմունիստական շրջանակները համարել են դավաճանություն, ենթարկել ծաղր ու ծանակի։

Ինչպես Օսմանյան կայսրությունը ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը

1918-ի հունիսի 4-ին Օսմանյան կայսրությունը Բաթումի պայմանագրով ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը։

Այո՛, սա կարող եք համարել պատմության հեգնանք, երբ Հայոց ցեղասպանությունից և Մեծ հայրենազրկումից ընդամենը երեք տարի անց հայ ժողովրդի ոճրագործներ Թալեաթի, Էնվերի և Ջեմալի կայսրությունը ճանաչեց Հայաստանը և նրա հետ առաջինը հաստատեց դիվանագիտական հարաբերություններ, Երևանում բացեց դեսպանություն։

Այո՛, հայ պատվիրակները, աչքի առաջ ունենալով Հայոց ցեղասպանության արյունը, որ դեռ չէր չորացել և շարունակում էր հոսել, ունեցան պետական պատասխանատվություն և գուցե ատամ կռճտացնելով ստորագրեցին այն թղթերի ու քարտեզի տակ, որոնք գրվել ու գծվել էին թուրքերի ձեռքով։

Այո՛, դուք կարող եք, ինչը և արել եք, դավաճանի պիտակ կպցնել Բաթումի հաշտության հայ մասնակիցներին՝ առաջին և երկրորդ վարչապետներ Հովհաննես Քաջազնուն ու Ալեքսանդր Խատիսյանին և Միքայել Պապաջանյանին։

Բայց կարո՞ղ եք պատասխանել մի քանի պարզունակ թվացող հարցի՝ իսկ ի՞նչ պետք է անեին նրանք՝ հրաժարվեի՞ն անկախությունից, թեկուզ 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով։

Իսկ եթե հրաժարվեին անկախությունից կամ զորավար Անդրանիկի խոսքերով՝ թուրքի ձեռով ստեղծված Հայաստանից, ապա մենք նոր Հայաստան կունենայի՞նք։

Շարունակե՞ին պատերազմը թուրքերի դեմ։ Իսկ եթե թուրքերը գրավեի՞ն Երևանը։ Ընդամենը շաբաթների ընթացում ջախջախված համարվող թուրքական զորքերը գրավել էին Երզնկան, Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը․․․

Իսկ մոռացե՞լ եք, որ երկու տարի անց՝ 1920-ի աշնանը, թուրք-քեմալականները կրկին գրավեցին Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը․․․

Այսօր ես ներկայացնում եմ մի արխիվային փաստաթուղթ, որը հայոց պատմության գրքերում կամ հատորներում ինձ չի հանդիպել։

Խոսքը վերաբերում է Բաթումի դաշնագրին կից մի արձանագրության (ի դեպ, դրանք շատ են և բոլորը ես մեկ առ մեկ ներկայացնելու եմ)՝ բանակցությունների թուրք և հայ գլխավոր պատվիրակների՝ Խալիլ բեյի և Ալեքսանդր Խատիսյանի ճառերին։ Այս արձանագրությունը Հայաստանի Ազգային արխիվում է (ֆոնդ 200, ցուցակ 1, գործ 23, թերթ 159-162)։

Խատիսյանի խոսքը Բաթումի պայմանագրից հետո

Ներկայացնենք Խատիսյանի խոսքը, որը, փաստացի, Բաթումի պայմանագրից հետո արտասանված առաջին դիվանագիտական ելույթն է՝ ֆրանսերենով։

«Հայաստանը, որի անունով պատիվ ունեմ խոսելու, երկար տարիներ շատ զոհողություններ է կրել, որպեսզի ազգային գոյության իրավունք ստանա։ Այսօր բացահայտ կերպով այդ իրավունքը ստացավ և մտավ անկախ պետությունների շարքը։ Այս մեծ օրը մի հանդիսավոր թվական կլինի հայերի պատմության էջերում։ Թեպետ նոր պետության սահմանները մեծ չեն, բայց հայ ժողովրդի ազատության ու մշակույթի սերը, նրա աշխատանքի ընդունակությունը, հույս ունեմ, որ արժանավոր տեղ կապահովեն հարևան պետությունների շարքում։ Մենք ուզում ենք, որ կայուն խաղաղություն և հավիտենական բարեկամության հաստատվի Օսմանյան կայսրության և Հայաստանի Հանրապետության միջև, և մենք հաստատ համոզված ենք, որ մեր հայ եղբայրները, որոնք հեռացել են Թուրքիայից, կկարողանան շուտով այնտեղ վերադառնալ և Օսմանյան կայսրության ազնիվ քաղաքացիներ դառնալ, որին մենք մաղթում ենք երջանկություն, բարգավաճում և խաղաղություն»։

Այս ելույթը իրողություն է, պատմություն է, մե՛ր պատմությունը։

Դուք կարող եք ասել, որ պետք էր այնպես անել, որ գործը չհասնի Բաթումին։

Ահա հենց այստեղ է, իմ կարծիքով, բանավեճի թեման։։

Մեկնաբանել