Սերժ Սարգսյանը հանդիպել է FAST հիմնադրամի ներկայացուցիչներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (FAST) ներկայացուցիչներին, այդ թվում՝ հիմնադիրների և նրանց կողմից ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդամների, խորհրդատվական խորհրդի ներկայացուցիչների և հիմնադրամի գործադիր տնօրենին:

Հիմնադրամի գործադիր տնօրեն, նորարարական էկոհամակարգերի ճարտարապետ Արմեն Օրուջյանը ներկայացրել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի ձևավորման ընթացքը, հոգաբարձուների խորհրդի և խորհրդատվական խորհրդի անդամներին, որոնց մեջ են առաջատար հայ գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից, ինչպես նաև հիմնադրամի գործունեության նպատակներն ու դրանց հասնելուն միտված ծրագրերը: Խոսելով հիմնադրամի նպատակների մասին՝ գործադիր տնօրենը նշել է, որ այն կոչված է կենտրոնացնելու, համակարգելու և խթանելու աշխարհի հայ գիտնականների, ինժեներների և ձեռներեցների գործունեությունը՝ միտված Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների համար ներդաշնակ միջավայր ստեղծելուն և զարգացնելուն, հայաստանյան ու միջազգային գիտական հանրույթների գիտական, տեխնոլոգիական և ֆինանսական հնարավորությունները մոբիլիզացնելուն:

Խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի գործունեության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցերի շուրջ և քննարկել նախատեսված նպատակների իրագործման համար անհրաժեշտ պայմանները, մեխանիզմներն ու հնարավորությունները, լսել այդ առումով Սարգսյանի դիտարկումները և առաջարկությունները:

Ընդգծելով, որ հիմնադրամն այլևս իրողություն է, Սերժ Սարգսյանը նշել է, թե ուրախ է, որ հնարավոր դարձավ վաղուց խմորվող այս լավ գաղափարն առաջ մղել՝ ձևավորել խորհուրդ, գտնել համապատասխան փորձ ունեցող և ներուժ միավորելու կարողությամբ օժտված գործադիր տնօրեն: Նախագահը հաջողություններ է մաղթել հիմնադրամին և պատրաստակամություն հայտնել աջակցելու Հայաստանի զարգացման ընդհանուր տեսլականի մաս կազմող այս գաղափարի իրագործմանը:

Մեկնաբանել