Վրաստանից առևանգված ադրբեջանցի լրագրողը կալանավորվել է երեք ամսով

Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը Թբիլիսիից առևանգված և Բաքու փոխանցված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի նկատմամբ որպես խափանման միջոց է սահմանել եռամյսա կալանքը. Turan գործակալությանը տեղեկացրել է լրագրողի փաստաբան Էլչին Սադիգովը։

Նրա խոսքով՝ Մուխթարլիին առաջադրվել է նոր մեղադրանք սահմանապահին բռնության կիևառմամբ դիմադրություն ցույց տալու հիմնավորմամբ։ Մինչդեռ Մուխթարլին պնդում է, որ չի տեսել այդ սահմանապահին․ իրեն ձերբակալած անձինք եղել են Վրաստանի քրեական ոստիկանության աշխատակիցների համազգեստով։

Փաստաբանը նաև ասել է, որ բողոքարկելու են դատարանի որոշումը։

Աֆղան Մուխթարլիի միջադեպը Վրաստանում վերջին երկու օրերին ամենաշատը քննարկվող թեմաներից է։ 

ՍիվիլՆեթի հետ զրույցում վրաստանցի անկախ փորձագետ Զաալ Անջապարիձեն նշեց, որ «դեռ վաղ է մեկնաբանություններ անել, սակայն լրագրողի ձերբակալությունն ինքնին մտահոգիչ նախադեպ է»։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեքսը կարծում է, որ Մուխթարլիի գործի հետ կապված հաղորդագրությունները շատ լուրջ են և պահանջում են «առավելագույն ուշադրություն և անհապաղ արձագանք վրաստանյան իշխանություններից», որոնք պետք է անցկացնեն «արդյունավետ, արագ և անկախ հետաքննություն» և ձեռնարկեն անհրաժեշտ քայլերը։

Մուժնիեքսը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է առանց հետաձգման ազատ արձակեն Մուխթարլիին և ապահովեն նրա իրավունքների պաշտպանություն, այդ թվում՝ խոշտանգումներից ու վատ վերաբերմունքից պաշտպանվելու իրավունքը։

Վրաստանի տարածքից ադրբեջանցի լրագրողի առևանգման փաստին արձագանքել է այդ երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին․ «Լրագրող Աֆղան Մուխթարլիի փաստաբանի հայտարարությունները պետք է անպայմանորեն մինչև վերջ վերլուծել, քանի որ մարդու անհետացումը Վրաստանի տարածքից՝ ծովում, օդում, ցամաքում, մայրաքաղաքում կամ սահմանին, լուրջ մարտահրավեր է մեր պետականության և ինքնիշխանության համար»։ 

Մարգվելաշվիլին հիշեցրել է, որ մինչև այժմ Վրաստանը համարվել է տարածաշրջանի առաջատարը մարդու իրավունքների և մամուլի ազատության առումով։ 

Աֆղան Մուխթարլիի գործի մասին ավելի մանրամասն՝ Թբիլիսիում ապաստանած ադրբեջանցի հետաքննող լրագրողին առևանգել և փոխանցել են Բաքու։

Վրաստանի և Ադրբեջանի իրավապահ մարմինները պարզաբանում են Թբիլիսիից ադրբեջանցի լրագրողի առևանգումն և Ադրբեջան տեղափոխումը: