Կանանց հավասարության ընկալումները՝ թվերով

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից 2015-2016-ին անցկացված «Տղամարդիկ և գենդերային հավասարությունը Հայաստանում» զեկույցի տվյալների համաձայն՝ տղամարդկանց 18%-ը, իսկ կանանց 8%-ը կարծում է, որ կանանց իրավունքներ տալը ոտնձգություն է տղամարդկանց իրավունքների հանդեպ։ Ի դեպ, յուրաքանչյուր 100 հարցվողից 13-ն է այդպես պատասխանել։

Հայաստանի Սահմանադրության 14․1 հոդվածը սահմանում է՝ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև:

Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Չնայած օրենքի սահմանմանը՝ Հայաստանում ամեն 5 տղամարդուց 1-ը կարծում է, որ երբ կանայք իրավունքներ են ստանում, տղամարդիկ խաղից դուրս են մնում։

Հայաստանում հարցված 10 մարդուց 9-ը նշել է, որ գենդերային հավասարության ոլորտում այնպիսի աճ կա, որ այն արդեն բավականաչափ առաջընթաց է գրանցել։ Ի հակադրություն սրա՝ հարցվածների կեսն է կարծում է, որ դեռ շատ աշխատանք կա գենդերային հավասարության հասնելու գործում։ Ընդ որում՝ կրթական մակարդակի աճին զուգահեռ մարդկանց մասը, որոնց կարծիքով ոլորտում դեռ շատ անելիք կա՝ աճում է․ եթե տարրական կրթություն ունեցողների 43,5%-ն է այդպես պատասխանել, ապա բարձրագույն կրթություն ունեցողների՝ 58,6%-ը։

2011-ին կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագիր»-ը, որում խնդիր է դրվել ապահովել ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի, Պեկինի համաժողովի հիմնական հանձնարարականների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված գենդերային հավասարությանն ուղղված միջազգային այլ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների կատարումը, շարունակել գենդերային հիմնահարցերի վերաբերյալ հասարակական, քաղաքական գործիչների, քաղաքացիական ծառայողների համար հատուկ դասընթացների, սեմինարների, քննարկումների, փորձի փոխանակման կազմակերպումը։

Կանանց եվ տղամարդկանց հավասար իրավունքների եվ հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքը Հայաստանում ընդունվել է 2013-ին, որով սահմանվում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները և կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները:

Հայաստանում յուրաքանչյուր 5-րդ կին համարում է, որ «կան դեպքեր, երբ կինն արժանի է ծեծի»

Սակայն Հայաստանում հարցվածների 36,1%-ը նշել է, որ գենդերային հավասարության մասին կամ կանանց նկատմամբ բռնությունների մասին օրենք չկա, 5 հարցվածից 2-ը կարծում է, որ այդպիսի օրենք կա, 5 մարդուց մեկն էլ նշել է, որ չգիտի։

Սրան զուգահեռ, բնակչության 35,7%-ը ասել է, որ կինը պետք է հանդուրժի բռնությունը՝ ընտանիքը պահելու համար, ընդ որում՝ տղամարդկանց 44.6%-ն է այդպես նշել, կանանց ՝ 27.8%-ը։ Իսկ 10 մարդուց 3-ն էլ կարծում է, որ կան դեպքեր, երբ կինն արժանի է ծեծի, ի դեպ, տղամարդ հարցվածների 35,2%-ին զուգահեռ կանանց 21%-ը համաձայն է այս պնդման հետ։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) 2016թ․ զեկույցի համաձայն՝ Հայաստանում հարցված տղամարդկանց միայն 20%-ն է երեխային մեծացնելու ժամանակ տարբեր գործողություններ անում նրանց խնամքի հետ կապված, ավելին՝ նրանք նախընտրում են երեխայի հետ խաղալ կամ մնալ տանը, երբ նա հիվանդ է, քան օգնել տնային աշխատանքներ կատարելու կամ լողացնելու հարցում։

Կանանց և տղամարդկանց հավասարությունը խթանելու համար Շվեդիան աշխարհում առաջին անգամ ներդրել է հայրական արձակուրդի պրակտիկան՝ երեխայի ծնվելու դեպքում: Սա կանանց և տղամարդկանց հավասարության ճանապարհին կարևոր քայլերից է և մեծապես նպաստում է տնտեսական աճին:

Լիլիթ Աբովյան

Աղբյուրներ՝

ՀՀ Ազգային Ժողով

Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ

Հայաստանի Հանրապետության Կառավարություն

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակ

Մեկնաբանել