Թուրքիան շանտաժի է ենթարկում Գերմանիային

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ անհնար է՝ գերմանացի օրենսդիրները այցելեն Թուրքիայի Ինջիրլիք ռազմակայան, չնայած՝ Անկարան կարող է մտափոխվել, եթե դրական քայլեր տեսնի Բեռլինից։

Գաբոնի իր պաշտոնակցի հետ մամուլի ասուլիսին Չավուշօղլուն ասել է, որ այցի մասին «խոսք լինել չի կարող»։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Գերմանիան աջակցում այն ամենին, ինչը Թուրքիայի դեմ է։ Նման պայմաններում անհնար է, որ բացենք Ինջիրլիքը գերմանացի օրենսդիրների առաջ։ Եթե նրանք ապագայում դրական քայլեր կատարեն, մենք կարող ենք վերանայել մեր որոշումը»,- Hurriyet Daily News-ը մեջբերում է Չավուշօղլուին։

Մայիսի 25-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերթական անգամ խոսել էր Ինջիրլիքից գերմանական զորակազմը դուրս բերելու մասին, եթե խորհրդարանականներին չթույլատրվի այցելել ռազմակայան։

Հարցը քննարկելու նպատակով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը այցելելու է Թուրքիա։

Գերմանիան և ՆԱՏՕ-ի այլ անդամներ փորձում են կանխել հաջորդ տարի Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի անցկացումը

Չավուշօղլուի նշած՝ Թուրքիայի դեմ արվող քայլերի թվում է թերևս Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների ու Դանիայի նախաձեռնությունը՝ կանխել հաջորդ տարի Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի անցկացումը։ Վերոհիշյալ երկրների պաշտոնյաները փորձում են խուսափել տպավորությունից, որ Հյուսիսատլանտյան դաշինքը աջակցում է Թուրքիայի ներքին քաղաքականությանը։ 

Deutsche Welle-ն, հղում անելով գերմանական Die Welt օրաթերթին, գրում է, որ ԵՄ 18 երկրներ և Կանադան համաձայնության են եկել Ստամբուլում հավաքի անցկացումը թույլ չտալու հարցում։

Թուրքիան, ինչպես հաղորդվում է, 2016-ի Վարշավայի հավաքի ժամանակ առաջարկել էր 2018-ի ՆԱՏՕ-ի գագաթաժողովն անցկացնել Ստամբուլում։ ՆԱՏՕ-ի անդամներն այդ ժամանակ համաձայնել էին հետաձգել որոշումը։

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարները վերջնական որոշում կկայացնեն հունիսին։ 

«Մենք չենք ցանկանում մեծացնել Թուրքիայի միջազգային հեղինակությունը և ձգտում ենք խուսափել տպավորությունից, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Թուրքիայի ներքին քաղաքականությանը»,- Die Welt-ը վկայակոչում է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին։

Ավելին՝ Գերմանիան սպառնում է դուրս բերել Ինջիրլիքի իր զորակազմը, Թուրքիան չի պատրաստվում նրան «համոզել»։