Ազնավուրի որդին՝ Նիկոլան, մկրտվել է Տաթևում․ ֆոտոշարք

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության շրջանակում Հայաստանում գտնվող աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը մայիսի 31-ին այցելել է Տաթևի վանական համալիր, հաղորդում է Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամը՝ IDeA-ն։

Մաեստրոյին ուղեկցում էին որդին՝ Նիկոլա Ազնավուրը, երգչի ընկերներն ու գործընկերները։ Շառլ Ազնավուրի առաջին կանգառը «ՏաԹեւեր» ճոպանուղու Հալիձոր կայանում էր, որտեղ մեծանուն երգչին դիմավորեցին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանը, ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը, հիմնադրամի աշխատակիցները։ Էդգար Մանուկյանը Շառլ Ազնավուրին եւ հյուրերին ներկայացրել է «ՏաԹեւեր» ճոպանուղու կառուցման պատմությունը, «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի իրականացրած ծրագրերը, որոնք արդեն էականորեն փոխել են կյանքը Տաթեւի տարածաշրջանում։

«Տաթեւատուն» ռեստորանի հարեւանությամբ գտնվող դիտակետից մաեստրոն որդու հետ հիացել է Սյունիքի բնությամբ։ Ուղեւորության ողջ ընթացքում երգիչը ոչ մի րոպե չբաժանվեց իր ֆոտոխցիկից՝ փորձելով անընդհատ գեղեցիկ կադրեր որսալ։ «Տաթեւատան» տարածքում կարճատեւ դադարից հետո Ազնավուրը որդու եւ ընկերների հետ ճոպանուղով ուղեւորվել է Տաթեւի վանական համալիր, որտեղ հյուրերին սպասում էին Տաթեւի վանքի վանահայր Տեր Միքայել վարդապետ Գեւորգյանը, տեղի բնակիչները, մի խումբ զբոսաշրջիկներ։

Վանքի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցում կատարվել է Նիկոլա Ազնավուրի մկրտության արարողությունը՝ ձեռամբ վանահայր Տեր Միքայել վարդապետ Գեւորգյանի։ Արարողությունն ուղեկցվել է Տաթեւի վանական երգչախմբի կատարումներով։ «Ես շատ հպարտ եմ, որ որդիս՝ Նիկոլան, որոշեց մկրտվել Հայաստանում։ Ծնողներս այնքան երջանիկ կլինեին՝ իմանալով, որ երկու որդիներս՝ Միշան եւ Նիկոլան, մկրտվել են այստեղ՝ Հայաստանում՝ հավատարիմ մնալով իրենց արմատներին», – ասել է Շառլ Ազնավուրը։

«Ես ծնվել եմ Ֆրանսիայում, սովորել Շվեյցարիայում ու Կանադայում, բայց որքան մեծանում եմ, այնքան ուժեղ եմ կապվում հայկական արմատներիս։ Զրուցելով հորս, հորաքրոջս հետ, լսելով նրանց պատմությունները, ես վերադարձա ընտանիքիս արմատներին։ Սկսել եմ հայերեն սովորել։ Այս ամենից հետո զգացի, որ ցանկանում եմ մկրտվել հենց Հայաստանում»,- ասել է Նիկոլա Ազնավուրը։ Նա խոստովանել է, որ Տաթեւի վանքում մկրտվելն իր կյանքի անմոռանալի պահերից մեկն է։

Մեկնաբանել