«Լեռնային Ղարաբաղում պատերազմի ամպեր են կուտակվել». Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը

Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց է հրապարակել՝ զգուշացնելով ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական նոր առճակատման վտանգի մասին։ «Լեռնային Ղարաբաղում պատերազմի ամպեր են կուտակվել» վերնագրված զեկույցը վերլուծում է հակամարտության գոտում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, անդրադառնում խաղաղ բանակցությունների փակուղու պատճառներին և կանխատեսում, թե հերթական հնարավոր բախման դեպքում մարտական գործողություններն ինչպես և ռազմաճակատի որ հատվածներում կընթանան։ Ըստ ճգնաժամային խմբի՝ Լեռնային Ղարաբաղում 2016թ․ ապրիլյան բախումից հետո Հայաստանը և Ադրբեջանը 1994-ից ի վեր առավել քան երբևէ մոտ են պատերազմի։ ՍիվիլՆեթը զեկույցից թարգմանաբար առանձնացրել է հատվածներ։

Ներածություն

2016թ․ ապրիլին Լեռնային Ղարաբաղում բռնկումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը ավելի մոտ են պատերազմի, քան 1994-ից ի վեր որևէ փուլում։

Քաղաքական և անվտանգության հետ կապված պայմանները, որոնք հանգեցրին 2016-ի ապրիլյան լարվածությանը, էլ ավելի են սրվել, և երկու կողմերը պնդում են, որ լարվածության նոր ալիք է սկսվել։

Կարգավորման գործընթացը լճացած է՝ ավելի գայթակղիչ դարձնելով ուժի կիրառումը՝ առնվազն մարտավարական նպատակներով։ Այսօր երկու կողմերը, թվում է, պատրաստ են առճակատման։

Այս լարվածությունը կարող է վերաճել լայնամասշտաբ հակամարտության, որը կհանգեցնի քաղաքացիական բնակչության շարքերում մեծ թվով զոհերի և գլխավոր տարածաշրջանային ուժերի միջամտությանը։

Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը պետք է մի կողմ դնեն իրենց տարբերությունները և համակարգված կերպով ճնշում գործադրեն կողմերի վրա՝ ներկայիս կաթվածահար վիճակը հանգուցալուծելու և բռնության վերսկսման վտանգը նվազեցնելու համար։

Անցած տարին բացահայտեց կարգավորման ջանքերի փխրունությունը։

Հայաստանը, անհանգստացած Լեռնային Ղարաբաղի անվտանգությամբ և վրդովված Բաքվի աճող վճռականությամբ, պնդում է, որ բանակցություններից առաջ նվազեցվեն անվտանգության ռիսկերը։ Ադրբեջանը, դժգոհ տևական ստատուս քվոյից և նրանից, որ հավելյալ անվտանգության միջոցները կարող են է՛լ ավելի ամրապնդել այն, պնդում է, որ բովանդակային քննարկումները չեն կարող հետաձգվել։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները միմյանց նկատմամբ ունեն խոր անվստահություն և ի վիճակի չեն ճանաչելու մեկմեկու շահերը։ Հաղորդակցության արդյունավետ խողովակները՝ լինի անձնապես նրանց, թե նրանց կառավարությունների կամ հակամարտության գոտում ռազմական ղեկավարների միջև, գոյություն չունեն։ Հետևանքն այն լճացումն է, որի պայմաններում որևէ միջադեպ կարող է իրավիճակը դուրս բերել վերահսկողությունից, հատկապես, երբ երկու հասարակություններն էլ համակարծիք են, որ հաջորդ առճակատումն անխուսափելի է, և որ Լեռնային Ղարաբաղի խնդրի «վերջնական կարգավորումը» անհրաժեշտ է, եթե անգամ դա ենթադրում է նոր պատերազմ։

Ղեկավարների միջև վստահության խոր բացակայությունը էլ ավելի է բարդացնում իրավիճակը, քանի որ 1990-ականներից ի վեր բանակցությունները եղել են երկու նախագահների և արտգործնախարարների մենաշնորհը։ Հաղորդակցության այլընտրանքային ուղիները, օրինակ՝ զինվորականների միջև, փակվել են։ Բացի արտգործնախարարներից, որոնք դեր են ունենում նախապատրաստական աշխատանքներին կամ երբ բանակցությունները դադարում են, կառավարության որևէ այլ ներկայացուցիչ չի մասնակցում։ Գործընթացի այս գերանձնավորումը նշանակում է, որ կողմերի սկզբունքային դիրքորոշումները, ինչպես նաև որևէ բանակցության հաջողության կամ ձախողման համար պատասխանատու է զուտ երկու անձ այլ ոչ թե կառույցներ։

ԼՂ կարգավորման գործընթացի գերանձնավորումը նշանակում է, որ բանակցության հաջողության կամ ձախողման համար պատասխանատու է զուտ երկու անձ, այլ ոչ թե կառույցներ

Կենսունակ կարգավորման հիմնարար սկզբունքները քաջ հայտնի են՝ տարածք կարգավիճակի դիմաց բանաձևի տարբերակներ՝ զուգորդված միջազգային ամուր անվտանգության երաշխիքներով։ Սակայն դրանք ենթադրում են փոխզիջումներ, որոնց դիմելու պատրաստակամություն չի ցուցաբերում կողմերից և ոչ մեկը։

Լարվածության աճին զուգընթաց միջազգային միջնորդությունը լճանում է։ Ռուսաստանը շարունակում է մնալ ամենաազդեցիկ արտաքին խաղացողը, սակայն նրա դերը բարդ է։ Նա առաջինն է հավասարների մեջ Մինսկի խմբում, միևնույն ժամանակ, Ադրբեջանին և Հայաստանին զենքի գլխավոր մատակարարը։ Երկուսն էլ կասկածներ ունեն, որ Ռուսաստանը ավելի շատ շահագրգռված է տարածաշրջանում իր ազդեցության ընդլայնմամբ, քան հակամարտության կարգավորմամբ։

Ոչ Բաքուն, ոչ Երևանը չեն վստահում Ռուսաստանին, Մինսկի խմբին և միջազգային համակարգին։

Մինչ միջնորդները մանտրայի պես կրկնում են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, Հայաստանի ու Ադրբեջանի մոտ արթնացել է հակամարտության վերսկսման ախորժակ։

Վտանգն ուրվագծվում է։ Ապրիլյան պատերազմից ի վեր հայկական կողմն ամրապնդել է իր դիրքերը շփման գծի երկայնքով և ուժեղացրել զինվորական անձնակազմը։ Դա ինքնավստահություն է հաղորդել զինուժին ցանկացած հարվածի դիմագրավելու հարցում։

Ադրբեջանում, մինչդեռ, 2016-ի ապրիլյան հաջողությունը նույնպես վստահություն է տվել բանակին և հույս ներշնչել, որ նա ռազմական ճանապարհով կարող է վերադարձնել առնվազն որոշ տարածքներ։

Դիրքերը, որոնք նվաճել է շփման գծից դեպի հյուսիս-արևելք, ապահովում են Ադրբեջանի վերահսկողությունը Թալիշ գյուղի նկատմամբ` այն դարձնելով ռազմավարական առումով կարևոր կետ կիրճի նկատմամբ, որը ճանապարհ է բացում դեպի հայերով խիտ բնակեցված Մարտակերտի շրջան։

Նմանապես Ադրբեջանի նվաճած դիրքերը հարավում՝ Լելեթեփե բարձունքում, նրան տալիս են ռազմավարական առավելություն Լեռնային Ղարաբաղի հարավի և մասամբ հարավ-արևելքի նկատմամբ, այդ թվում՝ Հադրութի և Մարտունիի նկատմամբ։

Լայնամասշտաբ պատերազմը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի շահերից։ Երկու կողմերն էլ ունեն բալիստիկ հրթիռներ, որոնցով կարող են թիրախավորել հակառակորդի տարածքում զգալի քաղաքացիական, տնտեսական և ռազմական ենթակառուցվածքներ։

Ռազմական մարտավարություն

Լեռնային Ղարաբաղի տարածքի մեծ մասը դժվարանցանելի է ռազմական գործողությունների համար։ Հայկական կողմը վերահսկում է իր լեռնոտ տեղանքը և հյուսիսը, որը պաշտպանված է Մռավի լեռնաշղթայով։ Արդյունքում ռազմական գործողությունները կարող են ծավալվել միայն շփման գծի մնացած 150 կիլոմետրանոց հատվածում, որը ձգվում է Մարտակերտից մինչև իրանական սահման։

Լարվածության դեպքում հեռակա մարտերը կարող են զուգորդվել, որտեղ հնարավոր է, հետևակազորի և ծանր ռազմական տեխնիկայի կիրառմամբ՝ օդուժի հնարավոր ներգրավմամբ, ինչը կողմերին կներքաշի ավելի լայն պատերազմի մեջ՝ ռազմական և քաղաքացիական մեծ կորուստներով։

Հանգամանքներն այլ են շփման գծի կենտրոնական և հարավարևլյան հատվածներում, որոնք ռազմավարական նշանակություն ունեն երկու կողմերի համար էլ։ Այս դիրքերը ձգվում են դաշտավայրի երկայնքով՝ հեշտացնելով ծանր ռազմական տեխնիկայի կիրառումը։

Այս դաշտավայրի նկատմամբ վերահսկղության կորուստը հայկական կողմին կստիպի հրաժարվել հակամարտության գոտում ռազմական գործողություններից և դիմել բալիստիկ հրթիռների, որոնք կարող են թիրախավորել Ադրբեջանի քաղաքներն ու ենթակառուցվածքները։ Ադրբեջանը գրեթե վստահաբար համաչափ կարձագանքի․ նրա հրթիռները տեղակայված են Նախիջևանի նրա էքսկլավում։

Չնայած ակնհայտ այս առավելություններին՝ դաշտավայրը Ադրբեջանի համար ամենախոցելի կետն է շփման գծի երկայնքով՝ պայմանավորված այս դիրքերի հետևում խիտ բնակեցված ադրբեջանական գյուղերի առկայությամբ։

Հանրային տրամադրություններ

Քառօրյա պատերազմը բոլոր կողմերում հայրենասիրական տրամադրությունների աճի է հանգեցրել՝ ուժգնացնելով վերջնական լուծման հասնելու կոչերը։

Ապրիլյան էսկալացիայից հետո հայ հանրությունը հուսալքությամբ համակվեց՝ կորցնելով վստահությունը Լեռնային Ղարաբաղի տարածքն ու ժողովրդին պաշտպանելու իր ղեկավարության ունակության հանդեպ։

Լեռնային Ղարաբաղում էսկալացիան արթնացրեց 1990թ․ պատերազմական հիշողությունները։

Մարտերն ամրապնդեցին Լեռնային Ղարաբաղի հանրության միասնությունը և սկսեցին կոչեր հնչել՝ անհրաժեշտ բոլոր միջոցներով հակամարտությանը վերջ տալու վերաբերյալ, այդ թվում՝ պատերազմի և դեպի Ադրբեջանի տարածք առաջխաղացման գնով։

Սակայն խոցելիության նոր զգացումը դժգոհություն արթնացրեց։ Հայաստանի կառավարությանը մերձ կազմակերպության անցկացրած հանրային հետազոտության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում հարցվածների 60 տոկոսը կորցրել է հույսը երկրի ապագայի հանդեպ, ավելի քան 70 տոկոսը պատրաստ է արտագաղթել։

ԼՂ պաշտպանության բանակը՝ զորավարժության ժամանակ։

Ռուսաստանի դերը

Վերջին տասը տարիներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում գերիշխող խաղացող է Ռուսաստանը։

Նա միակ գլոբալ ուժն է, որը հանրային կերպով առաջարկներ է ներկայացնում հայաստանյան և ադրբեջանական ղեկավարությանը և արագորեն արձագանքում հակամարտության գոտում փոփոխություններին։

Ռուսաստանը նաև Երևանի և Բաքվի փոխադարձ մեղադրանքների թիրախն է։ Ապրիլյան դեպքերից անմիջապես հետո Երևանում տեղի ունեցան բողոքներ Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքի դեմ։ Շատ հայերի համար ապրիլյան սկզբունքային դասն այն է, որ Երևանն այլևս չի կարող հենվել Ռուսաստանի վրա։

Իրականում Հայաստանի հիասթափությունը եղել է 2016-ի ապրիլից առաջ։ 2015թ․ երկրորդ կեսին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդես եկավ հնարավոր համաձայնության առաջարկով, որը վատ ընդունվեց Հայաստանում և, ինչպես ներկայացրել է հայ մի պաշտոնյա, «այն մշակվել էր Բաքվում»։

Ադրբեջանը գոհունակությամբ ընդունեց Ռուսաստանի՝ առերևույթ նոր դիրքորոշումը, սակայն այն կարճ տևեց։ Հույսերը հօդս ցնդեցին, երբ Ադրբեջանը հասկացավ, որ Ռուսաստանը կրկին ցանկանում է խաղացնել երկու կողմերին՝ երկուսի վրա էլ ճնշում գործադրելու համար։

Եզրակացություն

Բռնությունը դեռ համեմատաբար ցածր աստիճանի է, սակայն ցանկացած սրում կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից։

Ապագա սրումը զսպելու ձախողումը կարող է հանգեցնել մեծ կորուստների և օտարերկրյա միջամտության։ Տարածաշրջանային ուժերից որևէ մեկի զորքերի տեղակայումը խորապես կազդի Հայաստանի և Ադրբեջանի, նրանց ինքնիշխանության վրա մի ժամանակահատվածում, երբ երկուսն էլ նշում են անկախության 25-ամյակը։

Տարածաշրջանային ուժերից որևէ մեկի զորքերի տեղակայումը խորապես կազդի Հայաստանի և Ադրբեջանի, նրանց ինքնիշխանության վրա մի ժամանակահատվածում, երբ երկուսն էլ նշում են անկախության 25-ամյակը

Փակուղուց դուրս գալու և նոր պատերազմից խուսափելու միակ ճանապարհը բանակցություններն են։ Իրատեսական, արդար կարգավորման ողջամիտ սկզբունքներ առկա են, սակայն անվստահությունը, միջնորդների ու երկու կողմերի ընկալումների տարբերությոնները, հակառակ կողմերի՝ առավելագույն արդյունքի հասնելու մեծ ախորժակը, հեռացնում է փոխզիջումային ցանկացած արագ բանաձև։

Երկու կողմերի համար էլ լճացումը կամ պատերազմը ներկայում շատ ավելի նախընտրելի արդյունք է, քան փոխզիջումը։ Բաքվի ցասումը տեղում ստատուս քվոյով և այն ամրապնդելու Հայաստանի ջանքերը կարող են շարունակել անվերջ հակամարտության արատավոր շղթան։

Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում քննարկված՝ վստահության և անվտանգության ամրապնդման միջոցները՝ հակամարտության գոտում մշտադիտարկման ընդլայնում և հետաքննական մեխանիզմի ստեղծում, խիստ անհրաժեշտ են և պետք է ուղեկցվեն երկու կողմերի դաշտային հրամանատարության միջև հաղորդակցության խողովակների ստեղծմամբ։

Պատերազմի վերսկսումից խուսափելու համար Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պետք է համատեղ աշխատեն։ Նրանք պետք է ճնշում գործադրեն Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների վրա, որպեսզի նվազեցնեն թշնամական հռետորաբանությունը, մեղմեն դիրքորոշումները և մասնավոր ու հանրային կերպով ընդունեն, որ այս հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների, այլ ոչ թե ուժի միջոցով։

Ստելլա Մեհրաբեկյան

Լուսանկարում՝ Աղդամի մզկիթի մինարեթը։

Մեկնաբանել