Համաշխարհային խաղաղության համաթիվ 2017․ Հայաստանը 112-րդն է՝ 163 երկրների թվում

Հունիսի 1-ին Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտը հրապարակել է 2017թ․ Համաշխարհային խաղաղության համաթիվը, որի համաձայն՝ աշխարհի 163 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 112-րդ տեղը՝ գրանցելով անկում երկու հորիզոնականով։ Վարկանիշի առաջատարը Իսլանդիան է, որն այդ դիրքը պահպանում է 2008-ից ի վեր։ Առաջին հնգյակում են նաև Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Ավստրիան, Դանիան։ Բավական մեծ անկում է գրանցել ԱՄՆ-ը՝ հայտնվելով 114-րդ տեղում և ունենալով անկում 11 կետով։

Չնայած Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտություններին, Եվրոպայում մոլեգնող ահաբեկչությանը և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև աճող աշխարհաքաղաքական լարվածությանը, 2017թ․ համաթիվն արձանագրում է, որ աշխարհը փոքր-ինչ ավելի խաղաղ է։ Երկրների խաղաղության միջին մակարդակը նախորդ տարվա համեմատ բարելավվել է 0,28 տոկոսով։

Գլոբալ ցանկում Հայաստանի հարևաններից Ադրբեջանը 132-րդն է՝ բարձրանալով երկու կետով, Վրաստանը՝ 94-րդը՝ նույնպես բարելավում երկու կետով, Թուրքիան 146-րդն է՝ անկում մեկ կետով, Իրանը՝ 129-րդը՝ բարելավում 4 կետով։

Զեկույցում առանձին ամփոփված է խաղաղության մակարդակը Եվրասիայի տարածաշրջանում՝ «Եվրասիա և Ռուսաստան» բաժնում։ Նշվում է, որ Ռուսաստանի և Եվրասիայի շատ երկրներ 2017-ի զեկույցում բարելավել են դիրքերը։ Անդրադարձ է կատարվում 2016թ․ քառօրյա պատերազմին, որի արդյունքում զոհվել է մոտ 200 մարդ, և դա արտացոլվել է Հայաստանում ու Ադրբեջանում արտաքին հակամարտությունից զոհերի թվերում։ Բացի այդ, և Հայաստանը, և Ադրբեջանը ավելացրել են ռազմական ծախսերը, նկատում են զեկույցի հեղինակները։ Հայաստանը տարածաշրջանային ցանկում 7-րդն է՝ 12 երկրների թվում։ Առաջին եռյակում են Մոլդովան, Ղազախստանն ու Վրաստանը։ Վերջին եռյակում՝ Ադրբեջանը, Ռուսաստանն ու Ուկրաինան։

Խաղաղության համաշխարհային համաթիվը հաշվարկելիս հաշվի են առնվում ինչպես ներքին, օրինակ՝ երկրում հանցավորության և բռնության մակարդակը, այնպես էլ արտաքին գործոններ՝ երկրի միջազգային հարաբերությունները, ռազմական ծախսերը և այլն։

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի Ինստագրամի էջից։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել