Ռիտա Սարգսյանի տխուր խոստովանությունը՝ ժպիտով

Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը չի սիրում կանանց, որոնք խորհուրդներ են տալիս իրենց ամուսիններին: Ավելին, նա չի հարգի այն տղամարդուն, որը կլսի կնոջ խորհուրդը: Սա, իհարկե, նոր խոսք է կին-տղամարդ հարաբերություններում:

Մեծ Բրիտանիայի մի ամբողջ կայսրություն գիտի Անգլիայի թագուհուն, իսկ նրա ամուսինը միայն ուղեկից է: Թագուհու մտքով էլ չի անցնի մտածել, որ պատասխանատու պաշտոն չունեցող ամուսինը խորհրդի կարիք չունի: Էլ չեմ ասում, որ թագուհին հաստատ լիքը խորհրդականներ կունենա: Նույն կայսրության նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերն այսօր չկա և չի լսում այս խոսքերը, փոխարենը գործող վարչապետ Թերեզա Մեյը դեռ ժամանակ ունի հասկանալու, թե ինչի կամ ում մասին է խոսքը՝ կնո՞ջ, ամուսնու՞, թե՞ խորհրդատվական ինստիտուտի:

Սերժ Սարգսյանն, անկասկած, լիքը խորհրդականներ ունի՝ 7 հոգի: Որքան գիտեմ ոչ մի կին խորհրդական չկա նրանց մեջ: Հոգևորական կա, բայց կին չկա: Գուցե ամուսին Սարգսյանն ինքն իր մտքում կրու՞մ է կնոջ չասված խորհուրդը, գուցե նա կարդում է այն ամենը, ինչ կինը կցանկանար ասել նրան: Գուցե: Բայց տիկին Սարգսյանը այնքան իմպերատիվ է դատապարտում կնոջ խորհրդի ինստիտուտն ընտանիքում, որ առավելագույնը կարելի է ենթադրել, թե տասնյակ տարիներ առաջ ինչպես է զայրացել ամուսին Սարգսյանը, երբ կինը փորձել է տալ առաջին խորհուրդը: Ինքնին ենթադրելի է, որ 2008-ի մարտի 1-ին տիկին Սարգսյանը ձայնի իրավունք չուներ, երբ սպանվում էին ուրիշների որդիները: Ինքնին ենթադրելի է, որ տիկին Սարգսյանը կանխող ոչ մի ծպտուն չի հանել, երբ ամուսին Սարգսյանը պաշտոնավարման ամբողջ ընթացքում Հայաստանից «վռնդեց» պաշտոնապես 350 հազար քաղաքացու: Գուցե այդ օրերին ամուսնու մոտ ուղղակի սրվում է «կնոջ տեղը խոհանոցն է» դարն ապրած համոզմունքը: Գուցե:

Մի հարց, սակայն, քննելի է նրանց հարաբերություններում, որքան էլ ամբողջ հարաբերությունը մեր խնդիրը չէ: Իսկ հագնվելիս ումի՞ց է խորհուրդ հարցնում ամուսին Սարգսյանը: Թե՞ այդտեղ էլ է նա ինքնագլուխ: Իսկ ամուսնու առտնին ախորժակի կազմակերպման մեջ կնոջ մատն ընդհանրապե՞ս խառը չէ: Այսինքն, տիկին Սարգսյանը չի՞ ասում, թե այսօր ինչն է լավ, ինչը վատ, երբ ամուսինը փոքր-ինչ այլ ախորժակ ունի: Թե՞ այստեղ էլ են գործին խառնվում 7 խորհրդականները:

Կարծիքն, ընդհանրապես, դաժան բան է: Դաժան է հենց նրանով, որ այն բոլորինն է: Ռիտա Սարգսյանն ունի այսպիսի կարծիքի իրավունք: Ունի այն բարձրաձայնելու իրավունք: Սակայն անհոգությունը, որ դրված է այս կարծիքի մեջ, մտահոգիչ է: Նա, իհարկե, կարող է չսիրել, որ կանայք խորհուրդ են տալիս իրենց ամուսիններին, կարող է անձամբ զգուշանալ իր ամուսնուն տալ որևէ խորհուրդ, բայց որ մատնում է, որ ունի ամուսին, որն իր խորհուրդների կարիքը չունի, իսկապես մտահոգիչ է: Սերժ Սարգսյանի «վրայից» էլ է երևում, որ խորհուրդների ինստիտուտը նրա պաշտոնավարման ընթացքում եղել է պարզ «թիթիզություն»: Բայց կնոջ խորհուրդը, ընդհանրապես կնոջ խորհուրդը լավ բան է:

Խորհուրդը հարաբերություն է սիրո մեջ: Ինքնին խորհուրդ չկա: Փողոցում քեզ անհրաժեշտ վայրը հասնելու կամ շախմատում հերթական քայլն անելու խորհրդի մասին չէ խոսքը: Թեպետ, եթե տանը կենցաղային որևէ խնդիր չկա, լույսի կամ գազի վարձ հասցնելու մասին չէ խոսքը, գուցե խորհուրդների անհրաժեշտությունը պակասում է: Բայց քանի դեռ ամուսինն ու կինը կան, կա նաև խորհուրդը:

Տիկին Սարգսյանը երբեք չի կեղծել իրեն: Ի դեպ, նա անկեղծ է բացառիկ հմայքով: Նա հաճելի կին է: Գեղեցիկ ժպիտ ունի: Ցանկացած կնոջ համար նրա կոկետությունը տեղ-տեղ ուսուցողական է, այսինքն, խորհուրդ ունի իր մեջ: Գրում է երգեր: Խաղում է երեխաների հետ: Մի խոսքով, ինքնուրույնություն ունեցող ինքնաբավ կին է: Հազիվ թե ամուսնու մասին նույնը հնարավոր լինի ասել: Բոլոր առումներով: Մեկը սակայն նրան պետք է ասի՝ կամ չեղյալ համարեք Սահմանադրության մեջ կնոջ և տղամարդու իրավահավասարությունը և սևով սպիտակի վրա գրեք՝ կնոջ տեղը խոհանոցն է, կամ… մի խոսքով, սիրեք կանանց: Էդ սերն իր Սահմանադրությունն ունի, որտեղ կնոջ խորհուրդը նույնքան օրինական է, որքան ամուսնու՝ դրա հետ հաշվի չնստելը: