Մոսկվայում ստեղծվել է «Արարատ» ֆուտբոլային ակումբ  

 

Մոսկվայում Արամ Գաբրեյլանովի «բարոյական աջակցությամբ» ստեղծվել է «Արարատ» ֆուտբոլային ակումբ, հաղորդում է meduza.io կայքը։

Նորաստեղծ ակումբում խաղալու է ռուսաստանցի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Ռոման Պավլյուչենկոն՝ Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին հարձակվող։ Թիմը հանդես է գալու երրորդ դիվիզիոնում, և արդեն բանակցություններ է սկսել այլ աստեղային ֆուտբոլիստների ներգրավելու ուղղությամբ։

Թիմին աջակցում է Ռուսաստանի հայ համայնքը և բիզնես էլիտան, այդ թվում մեդիամագնատ, Lifenews կայքի հիմնադիր Արամ Գաբրելյանովը։ Ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ իրենց նպատակն է ժողովրդական թիմ դառնալ Ռուսաստանի և այլ երկրների բոլոր հայերի համար։

Ակումբը ծրագրում է մեկ տարվա ընթացքում դուրս գալ երկրորդ դիվիզիոն, ապա՝ պրեմիեր լիգա։ «Արարատը» իր խաղերն անցկացնելու է Մոսկվայի «Սպարտակովեց» մարզադաշտում։ 

«Արարատ» ակումբի հիմնադիրը ֆուտբոլային բաժնետեր Վալերի Օգանեսյանն է։ Նախկինում նա ֆուտբոլային գործակալ էր, համագործակցել է «Սպարտակի», «Ցե-Էս-Կա»-ի, «Ուրալի» և այլ ակումբների հետ։ Օգանեսյանը հայտարարել էր, որ փորձել է «Անժի» կամ «Սպարտակ» ակումբներին վաճառել «Մանչեստեր Յունայթեդի» ներկայիս խաղացող Հենրիխ Մխիթարյանին։

Ռոման Պավլյուչենկոն։Ակումբի փոխնախագահ Անդրանիկ Քերոբյանը՝ Lifenews-ի նախկին լրագրող, Meduza.io կայքին ասել է, որ Պավլյուչենկոն «Արարատ» է եկել, քանի որ ցանկանում էր վերադառնալ Մոսկվա՝ թողնելով նախկին «Ուրալ» ակումբը Եկատերինբուրգում։ Նա նշել է, որ «Արարատը» Պավլյուչենկոյին ավելի քիչ է վճարելու, քան «Ուրալը»։ 

Օգանեսյանը հայտնի է նրանով, որ 2015թ․ ձեռք էր բերել Հայաստանի «Ուլիս» թիմը, դրա վրա ծախսել մոտ 1 միլիոն դոլար, սակայն 2016-ին ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցրել է գործունեությունը։ Օգանեսյանը մի քանի ամիս էլ եղել է Արմավիրի «Տորպեդո» ակումբի նախագահը, սակայն 2015թ․ նոյեմբերին նրան հեռացրել են այդ պաշտոնից։