Դատավորների բարձր աշխատավարձը կնպաստի՞ արդյոք կոռուպցիայի նվազմանը

Ազգային ժողովը մայիսի 31-ին ընդունեց Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում և ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը։ Փոփոխված օրենքով նախատեսվում է, որ մինչև 2017-ի հուլիսի 1-ը 20 տարվա մասնագիտական ստաժ ունեցող և 65 տարին լրացած դատախազները և քննիչները պետք է անցնեն թոշակի նախկին՝ ամսական 423.000 դրամ թոշակով: Հետայսու մինչև 1974 թ․ ծնված դատախազներն ու քննիչները թոշակ կստանան մինչև 2014թ. օրենսդրական փոփոխություններով նախատեսված փոփոխությունների դրույքաչափով։ 2014թ. օրենսդրական փոփոխություններով նախատեվում էր 2017թ․ հուլիսի 1-ից հետո դատախազների, քննիչների կենսաթոշակը 423 հազար դրամից իջեցնել 227 հազար դրամի:

Որքանո՞վ այս օրենքները կնպաստեն կոռուպցիայի հաղթահարմանը․ ՍիվիլՆեթը թեմայի շուրջ զրուցել է Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի և «Թրանսփարենթի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ։

Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում փոփոխված օրենքն անվանեց սխալների մասնակի ուղղում, քանի որ 2014 թ․ քննիչների և դատախազների կենսաթոշակի մասին օրենսդրական փոփոխությունը, ըստ նրա, ոտնահարում էր նրանց սեփականության իրավունքը՝ խախտելով արդար դատավարության սկզբունքի տրամաբանությունը։

«Դատախազների, քննիչների, դատավորների բարձր աշխատավարձը և դրա հետ անմիջականորեն փոխկապակցված բարձր կենսաթոշակը արդար դատաքննության իրավունքի երաշխիքներից է՝ որպես սոցիալական բաղադրատարր։ Դա մի գործոն է, որը կանխագելում է կոռուպցիան, ապահովում ու երաշխավորում է այդ սուբյեկտների անկախությունը, անկողմնակալությունը և անաչառությունը»,- ասաց Զեյնալյանն ու հավելեց, որ այդ պաշտոնը զբաղեցնող մարդիկ պետք է ազատ լինեն սոցիալական խնդիրներ լուծելու հոգսից՝ չմտածելով կենսաթոշակի անցնելուց հետո իրենց վիճակի մասին։ «Երբ Սահմանադրության մեջ գրված է, որ ապահավում է արդար դատաքննության իրավունքը, դրա մեջ մտնում է նաև բարձր աշխատավարձն ու բարձր կենսաթոշակը»,- ասաց Զեյնալյանը։

2014-ի փոփոխություններով օրենսդիրը սահմանել էր, որ այն պաշտոնյանները, որոնք կունենան քսան տարվա ստաժ և եթե պաշտոնաթող լինեն մինչև 2017 թ․ հուլիսի 1-ը, ապա կստանան արդար դատաքննության իրավունքի հարիր կենսաթոշակը, իսկ այն անձինք, որոնք պաշտոնաթող կլինեն հուլիսի 1-ից հետո, կստանան կիսով չափ պակաս կենսաթոշակ։ Փոփոխված օրենքը քսան և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող դատավորների, դատախազների ու քննիչների՝ երկարամյա կենսաթոշակի անցնելու ժամկետը երկարաձգում է: Այսինքն՝ վերջիններս մինչև 2017-ի հուլիսի 1-ի փոխարեն հնարավորություն կունենան երկարամյա կենսաթոշակի անցնելու համար դիմել նաև 2017-ի հուլիսի 1-ից հետո:

Արտակ Զեյնալյանը նշում է, որ 2014-ի «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքը խնդրային էր երկու ասպեկտով, քանի որ բարձր կենսաթոշակ ստանալու ակնկալիքով հնարավոր էր, որ բազմաթիվ կադրեր, որոնք դեռ չեն հասել կենսաթոշակային տարիքի, դիմում գրեին և հեռանային: «Երկրորդ ասպեկտը հետևյալն է․ նրանք կանգնում էին իրենց ստացած ունեցվածքը կորցնելու վտանգի առաջ։ 2014-ի օրենսդիրի որոշումը սեփականազրկման ակտ էր, և Սահմանադրական դատարանը բազմաթիվ որոշումներ ունի, որով այդպիսի օրենսդրական որոշումները ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր»,- ասաց Զեյնալյանը՝ նշելով, որ կան սեփականազրկման առանձին ընթացակարգեր, որով սահմանվում է, որ միայն հանուն հասարակության և հանուն հանրային շահի կարելի է մարդուն զրկել սեփականությունից։

Զեյնալյանն ասաց նաև, թե ինչու դեմ քվեարկեցին նախագծին։ «Սա վերաբերմունք էր այն ընթացակարգերին, որով այս օրենքի նախագիծը մտավ խորհրդարան քննարկման, սա վերաբերմունք էր նրան, որ այս սխալների ուղղման օրենքով չուղղվեց մյուսների նկատմամբ թույլ տրված սխալը։ Սա քաղաքական ակցիա էր, քանի որ չափազանց կարևոր օրինագիծ էր՝ նման հապճեպությամբ քննարկվելու համար»,- ասաց Արտակ Զեյնալյանը։

Հարցին՝ հնարավոր է արդյոք նմանատիպ օրենսդրական նախաձեռնություներով ապահովել արդար դատավարության իրավունքը Հայաստանում, Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ նմանատիպ օրենքները չափազանց կարևոր բաղադրատարրեր են, սակայն անհրաժեշտ է համընդհանուր մթնոլորտ, երբ իշխանությունն արտահայտի ժողովրդի իրական կամքը՝ որոշումներ կայացնելով ժողովրդի անունից և հանուն ժողովրդի։

Տնտեսական և քաղաքական առկա մոդելը որևէ բարեփոխում կվերածի չարեփոխման

«Թրանսփարենթի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում շեշտադրումը միայն աշխատավարձի կամ կենսաթոշակի վրա դնելը արդյունավետ չէ, եթե չկան վերահսկման մեխանիզմներ։

«Ես հակված չեմ ժխտելու, թե աշխատավարձը կոռուպցիայի դեմ պայքարում նշանակություն չունի, սակայն ասել, որ կոռուպցիոն ռիսկերը պայմանավորված են միայն աշխատավարձով, շատ մեծ սխալ է։ Եթե ահմանվի շատ բարձ աշխատավարձ, և չլինեն վերահսկողական մեխանիզմներ, ապա համակարգը կմնա նույն կոռուպցիոն մակարդակում»,- ասաց Հոկտանյանը։

Ըստ նրա՝ սխալ է նաև այն մոտեցումը, թե միայն վերահսկողական մեխանիզմների հաստատմամբ կամ ուժեղացմամաբ հանարավոր է արմատախիլ անել կոռուպցիան․ «Ես հիշում եմ մինչև Սաակաշվիլին Վրաստանում Շևարդնաձեի ժամանակ շատ ճոխ ձևով ներկայացրին, թե ինչպես են բարձրացրել դատախազների աշխատավարձը, սակայն կոռուպցիայի մակարդակը դրանից չիջավ։ Աշխավարձի բարձրացումը այնպիսի երկրներում, որտեղ կոռուպցիան բարձր մակարդակի է, ըստ կոռուպցիայի ընկալման տարբեր համաթվերի, չի կարող գործուն մեխանիզմ լինել կոռուպցիայի դեմ պայքարում»։

Հոկտանյանը կարծում է, որ Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում և ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքում կատարված փոփոխությունների պատճառը կադրային սղությունն է․ «Չնայած մեր կազմակերպությունը հատուկ չի ուսումնասիրել, սակայն մասնավոր տեղեկատվական հոսքերից կա տպավորություն, որ կա կադրային խնդիր։ Այդ ոլորտն այլևս գրավիչ չէ երիտասարդների համար․ մի մասը նախընտրում է փաստաբան դառնալ, մի մասը գնում է այլ երկիր»,- ասաց Հոկտանյանը՝ հավելելով, որ կոռուպցիայի մեջ մեղադրել միայն իրավապահներին, շատ անարդար կլինի, քանի որ այդ խնդիրը համատարած է․ «Կոռումապացված է դատական համակարգը, կոռումպացված է հանրային ծառայությունների ոլորտը, մասնավորապես՝ քաղծառայողները, և սա գալիս է քաղաքական կամքի բացակայությունից։ Չկա քաղաքական կամք, և սպասել, որ կլինեն վերահսկողության կառույցներ, մեխանիզմներ, միամիտ է»,- ասաց Հոկտանյանը։

Դատաիրավական ոլորտն այլևս գրավիչ չէ երիտասարդների համար․ մի մասը նախընտրում է փաստաբան դառնալ, մի մասը գնում է այլ երկիր

Այնուամենայնիվ, Հոկտանյանի կարծիքով կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամքը ածանցյալ է, և կոռուպցիան երկրում պայմանավորված է քաղաքական ու տնտեսական առկա համակարգով։ «Այսպիսի տնտեսական և քաղաքական մոդելով, որը ծնում է կոռուպցիայի բարձր մակարդակ, որևէ բարեփոխում կվերածվի չարեփոխման, իսկ խնդիրները կմնան նույնը։ Քանի դեռ ունենք այսպիսի օլիգարխիկ, մոնոպոլիզացված քաղաքական և բիզնես վերնախավերի սերտաճած համակարգ, այս ամենը պարզապես կունենա իմիտացիայի բնույթ»,- ասաց Վարուժան Հոկտանյանը։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլի» Կոռուպցիայի ընկալման գլոբալ համաթվի վարկանիշում 2016-ին Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը եղել է 33, և նա 176 երկրների շարքում զբաղեցրել է 113-ից 115-րդ տեղերը: 2015թ. Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվ 35 էր, և նա 168 երկրների շարքում 95-ից 98-րդ տեղերում էր:

Արփի Մախսուդյան

Մեկնաբանել