Պետքարտուղարության հայտարարությունը՝ Վրաստանում առևանգված, Ադրբեջան փոխանցված լրագրողի գործով

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Վրաստանում առևանգված և Ադրբեջան փոխանցված ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլիի գործի կապակցությամբ: Անցյալ շաբաթ Մուխթարլին Բաքվում դատապարտվել է երեք ամսվա կալանքի:

Միացյալ Նահանգները անհանգստացած է մայիսի 30-ին ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի՝ Թբիլիսիից՝ Վրաստանից, առևանգման, ապա՝ Ադրբեջանում նրա կալանքի կապակցությամբ: Մենք անհանգստացած ենք նաև մայիսի 25-ին Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Գոզալ Բայրամլիի ձերբակալությամբ:

Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ ԵԱՀԿ-ում և միջազգայնորեն ստանձնած իր հանձնառությունների համապատասխան, ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ազատազրկվել են իրենց հիմնարար ազատություններից օգտվելու համար:

Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանում հաղորդված առևանգման հետաքննությանը և կոչ ենք անում, որ այն լինի ամբողջական, թափանցիկ և ժամանակին:

***

Ադրբեջանցի հետաքննող լրագրող, ադրբեջանական իշխանությունների քննադատ Աֆղան Մուխթարլին, որը 2015-ից ի վեր հարկադրված ապրում է Թբիլիսիում, անհետացել էր մայիսի 29-ի երեկոյան։ Հաջորդ օրը լրագրողի փաստաբան Նեմաթ Քերիմլին տեղեկացրել է, որ Մուխթարլին ձերբակալվել է և փոխանցվել Բաքու։ Քերիմլին պատմել է, որ Թբիլիսիոում լրագրողին բռնի կերպով նստեցրել են ավտոմեքենա, կապել աչքերը, ծեծել։ Մի քանի մեքենա փոխելուց հետո նա հայտնվել է վրաց-ադրբեջանական սահմանին։ Մուխթարլիի գրպանը գցել են 10 հազ․ եվրո, որը հայտնաբերելուց հետո առաջադրել մեղադրանք «մաքսանենգության» և «սահմանի ապօրինի հատման» հոդվածներով։ Ավելի ուշ ավելացել է ևս մեկ մեղադրանք՝ սահմանապահին դիմադրություն ցույց տալու հոդվածով: Լրագրողի փաստաբանը տեղի ունեցածում մեղադրում է վրաստանյան իշխանություններին, որոնք, նրա պնդմամբ, խախտել են միջազգային իրավունքը։

Ավելին՝ Թբիլիսիում ապաստանած ադրբեջանցի հետաքննող լրագրողին առևանգել և փոխանցել են Բաքու:

Վրաստանի և Ադրբեջանի իրավապահ մարմինները պարզաբանում են Թբիլիսիից ադրբեջանցի լրագրողի առևանգումն և Ադրբեջան տեղափոխումը:

Մեկնաբանել