Բաթումից մի՛ ամաչեք

Հայաստանը և Սփյուռքը պատրաստվում են պետականորեն նշել Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը, սակայն հետևողականորեն խուսափում են հիշատակել դիվանագիտական առաջին փաստաթուղթը՝ Բաթումի պայմանագիրը, որն առաջին միջպետական փաստաթուղթն է հայերի և թուրքերի միջև որպես պետություններ։

1918թ․ հունիսի 4-ին Բաթումում Օսմանյան կայսերական կառավարությունը՝ ի դեմս պատվիրակներ Խալիլի ու Վեհիբի, և Հայաստանի Հանրապետության պատվիրակները՝ ի դեմս Ալեքսանդր Խատիսյանի, Հովհաննես Քաջազնունու և Միքայել Պապաջանյանի, ստորագրեցին Հաշտության և բարեկամության պայմանագիր։

Օսմանյան կայսրությունը դարձավ առաջին պետությունը, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը մոտ 12 հազար քկմ տարածքի վրա։ Նույն օրը թուրքերը պայմանագիր կնքեցին թաթարների (ադրբեջանցիներ), իսկ մեկ օր անց՝ վրացիների հետ։

Մինչև այսօր ես չեմ հանդիպել գոնե մեկ հոդվածի, որտեղ բացատրվեր, թե ինչու են վրացիների հետ թուրքերը մեկ օր անց ստորագրել։ Գիտեք ինչո՞ւ են մեկ օր անց ստորագրել։ Որովհետև վրացիները մինչև վերջ հրաժարվում էին կատարել թուրքերի պահանջներից մեկը՝ Օսմանյան կայսրությանը զիջել նաև Բակուրիանիի շրջանը։ Այդ պատճառով բանակցությունները հունիսի 4-ից շարունակվեցին մինչև հաջորդ օրվա առավոտը։ Վրացիները չզիջեցին Բակուրիանին։

Բաթումի պայմանագրով գծվեց Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը։ Ի դեպ, պայմանագիրը, որը պետք է վավերացվեր երկու կողմերի օրենսդիր մարմինների կողմից, այդպես էլ չվավերացվեց։ Դրա կարիքը չկար էլ․ Բաթումի պայմանագրով գծված սահմանը մի քանի ամիս անց փոխվեց հօգուտ Հայաստանի, քանի որ Օսմանյան կայսրությունը Առաջին աշխարհամարտի արդյունքում պարտվեց և զորքերը դուրս բերեց Արևելյան Հայաստանի զավթած հողերից։

Արդեն 1919-ի գարնանը բրիտանական զորքերի օգնությամբ հայկական ուժերը վերահսկողության տակ առան նաև Նախիջևանն ու Կարսը։ Հայաստանի Հանրապետությունը Նախիջևանը կարողացավ պահել ընդամենը երկու ամիս, իսկ Կարսը և ամբողջ շրջանը՝ մինչև 1920-ի հոկտեմբերը։

Այսօր գրեթե չի քննարկվում այն հարցը, թե ինչու և ինչպես մենք 1919-1920թթ․ գրեթե առանց կրակոցների կորցրեցինք Նախիջևանն ու Կարսը։ Գրեթե բոլորը հակված են մեղքը բարդել քեմալ-բոլշևիկյան դավադրության վրա։ Եթե Կարսի դեպքում արդարացված է մեղքը բարդել քեմալականների և բոլշևիկների վրա, թեև փաստ է, որ Կարսը հանձնվել է գրեթե առանց կրակոցի, ապա Նախիջևանի դեպքում այնքան էլ արդարացված չէ։ Փոխարենը, ավելի շատ քննարկման թեմա է դառնում, թե ինչու 1991-1994թթ․ Արցախյան պատերազմի ժամանակ նաև Նախիջևանը չազատագրեցինք։

Այո՛, Բաթումի պայմանագիրը մեզ տվեց ընդամենը 12 հազար քկմ տարածքով Հայաստան, որը ամիսների ընթացքում դարձավ 45-50 հազար։ Հետևաբար, պետք չէ ամաչել Բաթումից։ Մեր պատվիրակները՝ Խատիսյանը, Քաջազնունին և Պապաջանյանը, ստացել են կամ կարողացել են ստանալ այն, ինչ հնարավոր է եղել 1918-ի այդ դժնդակ օրերին։

Ես Բաթումից չեմ ամաչում։ Եթե ամաչելու բան կա, ապա դա Սևրն է ու Վիլսոնյան Հայաստանը, որը մեզ խոստանում էր 160 հազար քկմ տարածքով երկիր, երբ իրական Հայաստանը նույն այդ շրջանում՝ 1920-ի աշնանը, խեղդվում և արյունաքամ էր լինում բոլշևիկ-քեմալականների հարվածների տակ։

Հիշեցնենք նաև, որ Բաթումի պայմանագրին կից ստորագրվել են մի քանի արձանագրություններ, որոնք մինչև այսօր լուրջ քննարկման և վերլուծության չեն ենթարկվել։ Անգամ չեն հրապարակվել, որպեսզի քննարկում ծավալվի։

Հայաստանի Հանրապետության 100-ամյա հիմնադրմանը դեռ մեկ տարի ժամանակ կա։ Մենք մեկ առ մեկ ներկայացնելու ենք մեր պատմության բոլոր էջերը, հատկապես նրանք, որոնք վերաբերում են Հանրապետության հիմնադրման հարյուրամյակին։

Դա արժե անել, քանի որ Սարդարապատով ու Բաշ Ապարանով կերտված Հայաստանի Հանրապետության ծնունդը մեր պատմության ամենալուսավոր էջն է։ Գոնե իմ համար։

Մեկնաբանել