Բաթումից մի ամաչեք

Հայաստանը և Սփյուռքը պատրաստվում են պետականորեն նշել Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը, սակայն հետևողականորեն խուսափում են հիշատակել դիվանագիտական առաջին փաստաթուղթը՝ Բաթումի պայմանագիրը՝ առաջին միջպետական փաստաթուղթը հայերի և թուրքերի միջև որպես պետություններ։

1918 թվականի հունիսի 4-ին Բաթումում Օսմանյան կայսերական կառավարությունը՝ ի դեմ պատվիրակներ Խալիլի ու Վեհիբի, և Հայաստանի Հանրապետության պատվիրակները՝ ի դեմ Ալեքսանդր Խատիսյանի, Հովհաննես Քաջազնունու և Միքայել Պապաջանյանի, ստորագրեցին Հաշտության և բարեկամության պայմանագիր։

Օսմանյան կայսրությունը դարձավ առաջին պետությունը, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը մոտավորապես 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա։ Նույն օրը թուրքերը պայմանագիր կնեցին թաթարների (ադրբեջանցիներ) հետ, իսկ մեկ օր անց՝ վրացիների հետ։

Մինչև այսօր ես չեմ հանդիպել գոնե մեկ հոդվածի, որտեղ բացատրվեր, թե ինչու են վրացիների հետ թուրքերը մեկ օր անց ստորագրել։ Գիտեք ինչո՞ւ են մեկ օր անց ստորագրել։ Որովհետև վրացիները մինչև վերջ հրաժարվեցին կատարել թուրքերի պահանջներից մեկը՝ Օսմանյան կայսրությանը զիջել նաև Բակուրիանի շրջանը։ Այդ պատճառով, բանակցությունները հունիս 4-ից շարունակվեցին մինչև հաջորդ օրվա առավոտ։ Վրացիները չզիջեցին Բակուրիանը։

Բաթումի պայմանագրով գծվեց Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը։ Ի դեպ, պայմանագիրը, որ պետք է վավերացվեր երկու կողմերի օրենսդիր մարմինների կողմից, այդպես էլ չվավերացվեց։ Դրա կարիքը չկար էլ․ Բաթումի պայմանագրով գծված սահմանը մի քանի ամիս անց փոխվեց հօգուտ Հայաստանի, քանի որ Օսմանյան կայսրությունը Առաջին աշխարհամարտի արդյունքում պարտվեց և զորքերը դուրս բերեց Արևելյան Հայաստանի զավթած հողերից։

Արդեն 1919-ի գարնանը բրիտանական զորքերի օգնությամբ հայկական ուժերը վերահսկողության տակ առան նաև Նախիջևանն ու Կարսը։ Հայաստանի Հանրապետությունը Նախիջևանը կարողացավ պահել ընդամենը երկու ամիս, իսկ Կարսը և ամբողջ շրջանը՝ մինչև 1920-ի հոկտեմբեր։

Այսօր գրեթե չի քննարկվում այն հարցը, թե ինչու և ինչպես մենք 1919-1920 թթ գրեթե առանց կրակոցների կորցրեցինք Նախիջևանն ու Կարսը։ Գրեթե բոլորը հակված են մեղքը բարդել քեմալ-բոլշևիկյան դավադրության վրա։ Եթե Կարսի դեպքում արդարացված է մեղքը բարդել քեմալականների և բոլշևիկների վրա, թեև փաստ է, որ Կարսը հանձնվել է գրեթե առանց կրակոցի, ապա Նախիջևանի դեպքում այնքան էլ արդարացված չէ։ Փոխարենը, ավելի շատ քննարկման թեմա է դառնում, թե ինչու 1991-1994 թթ․ Արցախյան պատերազմի ժամանակ նաև Նախիջևանը չազատագրեցինք։

Այո, Բաթումի պայմանագիրը մեզ տվեց ընդամենը 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստան, որը ամիսների ընթացքում դարձավ 45-50 հազար։ Հետևաբար, պետք չէ ամաչել Բաթումից։ Մեր պատվիրակները՝ Խատիսյանը, Քաջազնունին և Պապաջանյանը, ստացել են կամ կարողացել են ստանալ այն, ինչ հնարավոր է եղել 1918-ի այդ դժնդակ օրերին։

Ես Բաթումից չեմ ամաչում։ Եթե ամաչելու բան կա, ապա դա Սևրն է ու Վիլսոնյան Հայաստանը, որը մեզ խոստանում էր 160 հազար քառակուսի կիլոմետր տարածքով երկիր, երբ իրական Հայաստանը նույն այդ շրջանում՝ 1920-ի աշնանը, խեղդվում և արյունաքամ էր լինում բոլշևիկ-քեմալականների հարվածների տակ։

Հիշեցնենք նաև, որ Բաթումի պայմանագրին կից ստորագրվել են մի քանի արձանագրություններ, որոնք մինչև այսօր լուրջ քննարկման և վերլուծության չեն ենթարկվել։ Անգամ չեն հրապարակվել, որպեսզի քննարկում ծավալվի։

Հայաստանի Հանրապետության 100-ամյա հիմնադրմանը դեռ մեկ տարի ժամանակ կա։ Մենք էջ առ էջ ներկայացնելու ենք մեր պատմության բոլոր էջերը, հատկապես նրանք, որոնք վերաբերում են Հանրապետության հիմնադրման հարուրամյակին։

Դա արժե անել, քանի որ Սարդարապատով ու Բաշ Ապարանով կերտված Հայաստանի Հանրապետության ծնունդը մեր պատմության ամենալուսավոր էջն է։ Գոնե իմ համար։

Թաթուլ Հակոբյան