Համաշխարհային բանկը Հայաստանում 2017-ին կանխատեսում է 2,7 տոկոս տնտեսական աճ

Համաշխարհային բանկը Հայաստանում 2017-ին կանխատեսում է 2,7 տոկոս տնտեսական աճ։ Այս մասին նշված է Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսության հեռանկարներ» զեկույցում։

Հայաստանի կառավարությունը կանխատեսում և բյուջեի հիմքում դրել է 3,2 տոկոս տնտեսական աճ։ Անցյալ շաբաթ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության նիստից հետո նշել էր, որ 2017-ի 5 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն ու հարկային եկամուտներն աճում են։

Համաշխարհային բանկը կանխատեսել է Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշները նաև 2018 և 2019 թվականներին։ Ըստ զեկույցի՝ 2018-ին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 3,1, իսկ 2019-ին՝ 3,4 տոկոս։

Եվրոպա և Կենտրոնական Ասիա

ՀԲ-ն Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կանխատեսում է 2017թ․ մինչև 2,5 տոկոս, իսկ 2018-ին՝ մինչև 2,7 տոկոս աճ, ինչին նպաստելու է հումք արտահանող երկրների տնտեսությունների վերականգնման շարունակությունն ու տարածաշրջանի խոշոր երկրներում ներքաղաքական անորոշության ու աշխարհաքաղաքական ռիսկերի կրճատումը։

«Տարածաշրջանը շահավետորեն օգտվել է նավթի գների աճից, ֆինանսական բարենպաստ պայմաններից, եվրոգոտում կայուն տնտեսական աճից»,- նշում են զեկույցի հեղինակները։

Նրանք շեշտում են, որ տարածաշրջանում և դրա ծայրամասերում աշխարհաքաղաքական լարվածությունը կարող է ճնշել տնտեսական աճը։ Նման գործոնների թվում մատնանշվում են սիրիական հակամարտությունը, ահաբեկչական գործողությունները Ռուսաստանում, Ղարաբաղյան հակամարտությունը, Ուկրաինայի արևելքում բեռնափոխադրման արգելափակումը և այլն։

Ադրբեջանի տնտեսությունը, ըստ Համաշխարհային բանկի, ընթացիկ տարում կմնա ռեցեսիայի վիճակում․ բանկային համակարգի բացերով, ինչպես նաև դրամավարկային և հարկաբյուջետային կոշտ քաղաքականությամբ պայմանավորված՝ 2017-ին կանխատեսվում է 1,4 տոկոս անկում, որը 2018-ին կփոխարինվի 0,6 տոկոս համեստ աճով։

Մեկնաբանել