Համեստ միլիարդատերը. միջազգային մամուլը՝ Քըրքորյանի մասին

Այսօր՝ հունիսի 6-ին, ամերիկահայ միլիարդատեր, բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանը կդառնար 100 տարեկան։ Նա կարևորագույն անձանցից մեկն էր, որը նպաստեց Լաս Վեգասը խաղատների քաղաք դարձնելու գործին: Քըրք Քըրքորյան գործարարի կենսագրության հայտնի դրվագներից է այն, որ նա երեք անգամ գնել և վաճառել է MGM Studios ընկերությունը և ամեն անգամ՝ շահույթով: Քըրքորյանի հայտնի գործարքներից է նաև տարբեր ժամանակահատվածներում Chrysler և General Motors ընկերությունների բաժնետոմսերի ձեռքբերումը: 2015թ. Forbes-ը Քըրք Քըրքորյանի ունեցվածքը գնահատել է 4,2 մլրդ դոլար: ՍիվիլՆեթը վերահրապարակում է Քըրքորյանի մահից հետո՝ 2015թ․ հունիսին, նրա մասին պատրաստված հոդվածը, որը ներառում է միջազգային մամուլի արձագանքը գործարարի մահվանն ու տարբեր ժամանակներում նրա տված հարցազրույցներից հատվածներ:

Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917թ. հունիսի 6-ին հայ ներգաղթյալների ընտանիքում: Ինչպես գործարարը պատմել է Los Angeles Times-ին 2005թ., նա անցանկալի երեխա է եղել. երբ մայրը՝ Լիլի Քըրքորյանը, հայտնաբերել է, որ հղի է, հայ տարեց կանանց խորհրդով փորձել է ընդհատել հղիությունը, սակայն երբ դա չի հաջողվել, ստիպված՝ լույս աշխարհ է բերել Քըրքին:

Քըրքի հայրը՝ Ահարոն Քըրքորյանը, ձեռներեց էր, սակայն հազիվհազ էր կարողանում հոգալ ընտանիքի կարիքները: 1969թ. Fortune ամսագրին Քըրք Քըրքորյանը պատմել էր, որ մանուկ ժամանակ ընտանիքը ստիպված է եղել քսան անգամ տեղափոխվել:

Չկապվել ոչ մի բանի հետ

Los Angeles Times-ը (LA Times) գրում է, որ ընտանեկան պատմությունից Քըրքը քաղել է երկու դաս. նախ՝ շատ չկապվել այն բաներին, որոնք ուներ, քանի որ դրանք կարող էին այլևս իրեն չպատկանել: Պարբերականի թղթակից Դայալ Թորգերսոնի՝ 1974թ. «Քըրքորյան. ամերիկյան հաջողության պատմություն» գրքում ձևակերպված է Քըրքորյանի այդ մոտեցումը. «Ես ամուսնացած չեմ որևէ բանի հետ»:

Հոր կրած տառապանքներից քաղած երկրորդ դասը հետևյալն էր՝ խաղասեղանին չդնել ամբողջ ունեցվածքը, որովհետև ձախողելու դեպքում հաջորդ անգամվա համար ոչինչ չի մնա:

Պատանի Քըրքը եղբոր օրինակով զբաղվել է բռնցքամարտով, ապա՝ տարվել երկնքով և ընդունվել օդաչուների դպրոց: Քըրքն ընդամենը ութ տարի է հաճախել դպրոց և սկսել է վաղ տարիքից բիզնեսով զբաղվել:

«Ես դպրոց չեմ հաճախել, վաղ տարիքից սկսել եմ բիզնես անել, զբաղվել առքուվաճառքով: Շատ բիզնեսներ եմ ունեցել»,– մեջբերում է Bloomberg-ը Քըրք Քըրքորյանի հազվագյուտ հարցազրույցներից մեկը:

Քըրք Քըրքորյանը հայտնի է նրանով, որ երեք անգամ գնել և վաճառել է MGM Studios ընկերությունը, ամեն անգամ՝ շահույթով:

«Քըրքորյանին անվանում են այսօրվա Լաս Վեգասը կերտած մարդ, որը հիմնել է խաղատների և շքեղ հյուրանոցների ցանցեր»,- գրում է բրիտանական BBC-ն:

Համեստ միլիարդատերը

Առաջին խաղատունը Քըրքորյանը Լաս Վեգասում բացեց 1960թ., իսկ 1962թ. սկսեց անշարժ գույք գնել քաղաքում՝ մինչ այդ վաճառելով իր հիմնած ավիաընկերությունը, որը հետագայում պիտի հետ գներ:

Դրա հետ մեկտեղ, ինչպես գրում է LA Times-ը, Լաս Վեգասում ոչ մի հյուրանոց չի կրում Քըրք Քըրքորյանի անունը: Նա առհասարակ հրապարակայնություն չսիրող մարդ էր. չէր սիրում հարցազրույցներ տալ և հաճախել հրապարակային միջոցառումների:

«Քըրքորյանը բաց էր թողնում իրեն պատկանող ընկերություններում բաժնետերերի հետ հանդիպումների մեծ մասը, մասնակցելիս էլ քիչ էր խոսում»,- գրում է New York Times-ը:

«Ես ունեմ 30-40 տարվա ընկերներ, որոնց հետ հանդիպումները գերադասում եմ նոր ծանոթություններին,- 1999թ. The Las Vegas Review-Journal-ին տված բացառիկ հարցազրույցում ասել էր գործարարը: – Այն, որ շատ միջոցառումների չեմ հաճախում և հրապարակային չեմ, չի նշանակում, որ հակահանրային եմ»:

«Մարդը, որին պատկանել է լեգենդար MGM ստուդիան, «Օսկար» մրցանակաբաշխությունը դիտում է հեռուստացույցով»,- 2005թ. գրել էր LA Times-ը:

«Քըրքորյանը Ամերիկայի` հանրային տեսանկյունից ամենահամեստ միլիարդատերերից էր, որը չորս տասնամյակ լուռ է մնացել այն պատճառով, որ 1971թ. մամուլի կողմից մեղադրվել է մաֆիայի հետ կապեր ունենալու մեջ»,- Քըրքորյանին այսպես է բնութագրում Financial Times-ը և մեջբերում Լաս Վեգասի նախկին քաղաքապետ Օսկար Գուդմենին, որն ասել էր. «Նա ամուր էր գամի պես, լուռ՝ մկան պես, և հարգվում էր բոլորի կողմից»:

Ժամանակին կանգ առնել

Քըրք Քըրքորյանի մասին նաև պատմում են, որ հմուտ խաղացող էր, ինչպես մտերիմներն էին ասում՝ վեցերորդ զգայարանով:

«Նա խաղում էր բոլորի պես՝ երկար ժամանակ մնալով խաղասեղանների մոտ: Անեկդոտ կա այն մասին, թե ինչպես է Քըրքորյանը եկել Վեգաս ընկերների հետ, ուղարկել նրանց իրերը սենյակներ և նստել խաղի: Ընկերները կորցրել են իրենց ամբողջ գումարը, վերցրել պայուսակներն ու վերադարձել տուն: Գիտակցելով, որ խաղի այս ձևը շահութաբեր չէ, Քըրքորյանը որոշել է կարճացնել խաղը»,- գրել է LA Times-ն ու նկատել, որ Քըրքորյանը խաղալիս միշտ իմացել է իր սահմանը, և եթե բոլորն այդպես վարվեին, նրա խաղատները կսնանկանային:

«Ես երբեք չգիտեմ՝ երբ կանգ առնել: Ես շատ խաղացողների պես եմ: Քըրքը գիտի՝ երբ կանգնել: Նա ունի պլան: Միշտ»,- ժամանակին ասել է Լաս Վեգասի գործարարներից Իրվին Մոլասկին:

Քըրքորյանը կերտեց այսօրվա Լաս Վեգասը

Իր բիզնես գործարքներում նույնպես լինելով հմուտ և թերևս բնազդաբար զգալով, թե որտեղից կարելի է շահույթ ստանալ, Քըրքորյանը ներդրումներ արեց Լաս Վեգասում: Նա կառուցեց այն, ինչ կառուցեց և գնեց քաղաքի ամենահայտնի օբյեկտները, այդ թվում՝ Bellagio-ն և Mirage-ը:

«Շատ մարդիկ են ինձ հարցրել՝ կանխատեսե՞լ ես արդյոք այս կամ այն: Պարզապես իմ բախտը բերել է: Ես մտածել եմ, որ եթե վաստակեմ 50 հազ. դոլար, կլինեմ աշխարհի ամենաերջանիկ մարդը»,- 2005թ. The Times-ի հետ զրույցում անկեղծացել էր Քըրք Քըրքորյանը:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել