Կախաղանի ինստիտուտի վերականգնման մասին ի՞նչ կարծիքի եք

«Էս լրագրողներին դու՞ք եք ձեր հետ բերել»,- իրացման գոտիների բնակիչներին երեկ հարցրել է Սերժ Սարգսյանը: Նա դուրս էր գալիս իր բնակավայրից, երբ նրա ճանապարհը կտրել են անտուն մնացած մարդիկ: «Չէ, մենք չենք բերել»,- ասել են նրանք: «Բա խի՞ են եկել»,- հարցրել է Սահմանադրությամբ խոսքի իրավունքի առաջին երաշխավորը:

Իհարկե, կհարցնի: Որովհետև ո՞վ է տեսել, որ լրագրողը լուսաբանի մարդու պահանջը կամ բողոքը: Լրագրողը պետք է լուսաբանի միայն Սարգսյանի ելույթները, այն, թե ինչքան են պակասել խնդիրները: Մի խոսքով, լավատեսություն և «ոչ ստրատեգիական տարածքների կորուստ»: «Էս լրագրողները» նոր Հայաստանի նախագծում չկան: Սարգսյանն ինչե՜ր է արել, ի՜նչ ջանքեր է գործադրել, որ լրագրության փոխարեն Հայաստանում լինի քծնանք և քարոզչություն: Մարդը այդ ճամփին ոչ մի սրբություն չի թողել, հիմա արդեն Սահմանադրությունն էլ կարծես տականքների ինկուբացիայի ճանապարհային քարտեզ լինի: Իսկ այստեղ՝ խի՞ են եկել: Ավելի ճիշտ կլիներ զարմանալ, թե ովքե՞ր են այդ իրացման գոտիների զոհերը: Ինչպե՞ս թե՝ մեր երկրում կա մարդ, որն իրեն վա՞տ է զգում: Սարգսյանը ցնցումներ ցույց չի տվել: Ինչու՞: Որովհետև զոհ լինելը խնդիր չէ, ապրիլյան քառօրյայի զոհերը՝ մեզ օրինակ: Խնդիրը զոհերին նկատողներն են: Այսինքն, գաղջը բերողները: Այսինքն, լրագրողները: Իսկ որտե՞ղ է գաղջը: Այնտեղ, որտեղ պարզ չէ՝ պետություն կա՞, թե՞ չկա, մարդը հաշի՞վ է, թե՞ հաշիվ չէ, Ղարաբաղը մե՞րն է, թե՞ մերը չէ, դատավորը կաշառակե՞ր է, թե՞ կաշառակեր չէ: Գաղջը այնտեղ է, որտեղ քեզանից բացի ուրիշ ոչ մեկը խոսքի և որոշման իրավունք չունի:

Ամբողջ անտակտությամբ հանդերձ Սարգսյանի զարմանքը սահմանադրական է՝ մենք ընդդիմություն չունենք, լրագրողներն ի՞նչ գործ ունեն այնտեղ, որտեղ բողոք կա: Սա ինչ-որ առումով նաև հրահանգ է՝ մաքրել լրագրողներին բողոքի միջավայրից: Իսկ, կներեք, ուրիշ որտե՞ղ լինեն լրագրողները, եթե դու ինքդ՝ առաջին դեմքդ, անձամբ ոչ մի հարցի պատասխանը չունես: Եթե քո քաղաքական ամենախոշոր քայլը ինչ-որ մեկին քաղաքականությունից դուրս հայտարարելն է, մարդկային բենեֆիսդ մուրացկանի աչքերի մեջ նայելով ասելն է՝ «եկել ես մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես», եթե քո Նժդեհը Պետրոս Մեծն է, եթե քո բազմակուսակցությունը Հանրապետականին առընթեր բոլոր քաղաքական ուժերն են, եթե քո լրագրությունը դու ես, եթե քո խաղաղությունը ստատուս քվոն է, եթե քո հակահեղափոխությունը արտագաղթն է, քո հարուստը՝ Սամվել Ալեքսանյանը, իսկ պատգամավորը՝ ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանը կամ Միհրան Պողոսյանը:

Թե՞ ուզում եք ասել, որ լրագրողները ոտքեր չունեն, որ ինքնուրույն հասնեն բողոքի վայր: Թե՞ սեփական ոտքերով լրագրությունն օրենքից դուրս է հայտարարված: Թե՞ լրագրողները նրանք են, որոնք ձեր օդանավով ձեզ ուղեկցում են տարբեր երկրներ և ամենավերջում պաշտոնական հաղորդագրությանը մերձ ռեպորտաժներ գրում, որոնցում մարդը և բառերը փոխհրաձգության մեջ են, որտեղ նրանցից ոչ մեկը մյուսին չի ենթադրում: Համաձայն եմ՝ լրագրողների ներկայությունը հարցեր առաջացնում է: Որովհետև մինչ այդ հացը կարծես կուլ էր գնում, երկրում կարծես թե չկա մի քաղաքական ուժ, որը կարող է խաթարել ստատուս քվոյի կարգավիճակ ունեցող քաղաքական ամեղսունակությունը: Մի խոսքով, գրեթե դրախտ: Եվ հանկարծ «էս լրագրողները»: Ուրեմն, գործի անցեք: Կարծեմ հատուկ մարդիկ և նույնիսկ հիմնարկներ եք պահում դրա համար, որ խեղդեք լրագրությունը իր ամենանախնական դրսևորման մեջ: Ի դեպ, հիշու՞մ եք, թե որ լրատվամիջոցների լրագրողներն էին այնտեղ: Կախաղանի ինստիտուտի վերականգնման մասին ի՞նչ կարծիքի եք: