Ականի պայթյունից վիրավորված զինվորի ոտքերը չեն ամպուտացնի․ Արծրուն Հովհաննիսյան

Փետրվարի 28-ին Տավուշում ականի պայթյունից ծանր վիրավորում ստացած զինվորի ոտքերը չեն ամպուտացնի։

Քննչական կոմիտեն մարտի 3-ին հրապարակել էր փետրվարի 28-ին Տավուշի մարզի Վազաշեն գյուղում ականի պայթյունից վիրավորված զինծառայողների անունները՝ որոնցից ամենածանր վիրավորում ստացած Նարեկ Գևորգի Գրիգորյանին տեղափոխել էին Երևան՝ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում վստահեցնում է՝ Նարեկ Գրիգորյանի վիճակը ներկայում գնահատվում է բավարար, և կլինիկայում պատրաստվում են անցում կատարել հետվերականգնողական թերապիայի․ «Զրուցել եմ բուժող բժշկի հետ, նա ասաց, որ պատրաստվում են սկսել հետվերականգնողական գործընթաց, այսինքն՝ հանեն անկողնուց և փորձեն քայլեցնել։ Սա շատ դրական դինամիկա է»։ Ըստ նրա՝ բժիշկներին հաջողվել է փրկել Նարեկ Գրիգորյանի ոտքերը՝ հաջողությամբ խուսափելով ամպուտացիոն միջամտությունից։ «Իհարկե վիրահատական միջամտություններ են արել, և դեռ երկար վերականգնողական գործընթացներ անհրաժեշտ կլինեն, որպեսզի Նարեկը կարողանա քայլել։ Ցավոք չի հաջողվել փրկել ձեռքը, աջ ձեռքը ամպուտացվել է»,- ասաց Հովհաննիսյանը։

ՍիվիլՆեթի հետ հեռախոսազրույցում Նարեկի հայր Գեորգի Գրիգորյանը հաստատեց Նարեկի առողջության հետ կապված Արծրուն Հովհաննիսյանի խոսքերը։ Քննչական կոմիտեի հաղորդագրությունում նշվում է, որ ինժեներական աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նարեկ Գևորգի Գրիգորյանը, Պերճ Արմենի Գաբրիելյանը և Էրիկ Սամվելի Սահակյանը պայթուցիկ սարքի պայթյունից ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ:

Կարո՞ղ է արդյոք Նարեկ Գրիգորյանը օգտվել «Հազար դրամների» ֆոնդից

Կարո՞ղ է արդյոք Նարեկ Գրիգորյանը օգտվել այսպես կոչված «Հազար դրամների» ֆոնդից, որը ձևավորվում է ՀՀ քաղաքացիների աշխատավարձերի պահումներից՝ զինծառայողների մահվան կամ վիրավորվելու դեպքում փոխհատուցման համար։ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Հազար դրամների ֆոնդից օգտվել-չօգտվելու համար հարցը ենթադրում է որոշակի իրավական գործընթաց, որը իրենցից կախված չէ․ «Ցանկացած միջադեպի ժամանակ հարուցվում է քրեական գործ, սկսում են ուսումնասիրություններ ու փորձագիտական եզրակացություններ կատարել։ Դա արվում է պարզելու՝ արդյոք զինվորը չի իրականացրել ինքնավնասման փորձ կամ արդյոք չի վիրավորվել զինծառայող ընկերոջ կողմից՝ անփութության կամ այլ հանգամանքներում»։

«Մինչև այս գործընթացի իրավական հիմքը չի ավարտվում, հատկացումները ֆոնդից տեղի չեն ունենում»,- ասաց ՊՆ խոսնակն ու վստահեցրեց, որ թեև փոխհատուցման գործընթացը կարող է տևել մեկ կամ մի քիչ ավելի ամիս, սակայն այն ավտոմատացված գործընթաց է, և որևէ մեկը չի կարող խոչընդոտել դրան։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Նարեկ Գրիգորյանի բուժման ծախսերը և հետագա վերկանգնողական ծախսերը հոգացել և հոգալու է պետությունը․ «Լինի դա հոսպիտալային ծախս, կամ ուրիշ բուժհիմնարկի ծախս, բանակն է հոգալու։ Ես գրեթե վստահ եմ, որ վաղը Նարեկը կարող է գնալ, ասենք՝ Կարմիր խաչի կամ այլ վերականգնողական կենտրոն, և այդ ամենը տեղի կունենա պաշտպանության նախարարության հոգածության ներքո»։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Տավուշում ականի պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ» հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մաս): Այսինքն՝ այս հոդվածի համաձայն՝ զինծառայողը վիրավորումը ստացել է ոչ թե մարտական պայմաններում, այլ անփութության հետևանքով, ինչը թույլ չի տա օգտվել «Հազար դրամների» օրենքից։

Ոչ մարտական իրավիճակում վիրավորում ստացած կամ զոհված զինվորների մասին

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ բանակում ոչ մարտական իրավիճակում վիրավորում ստացած զինվորները կամ զոհված զինվորների ընտանիքները նույնպես գտնվում են պետության հոգածության ներքո։ «Նախորդ օրենքը, որը գործում էր, մինչև այսպես կոչված «Հազար դրամների» մասին օրենքի ուժի մեջ մտնելը, մնում է ուժի մեջ, և գործում է այն զինծառայողների համար, որոնք ոչ մարտական պայմաններում ստացել են ինչ-որ վնասվածքներ՝ լինի թոշակավորում, թե բուժման ու վերկանագնողական ծախսեր»։ Տրվելիք ֆինանսական աջակցության չափը, ըստ նրա, պայմանավորված է մի քանի գործոններով, որոնցից է զինծառայողի սոցիալական վիճակը, զինծառայողի ունեցած երեխաների քանակը, հոգածության տակ եղած ծնողները և այլն։

Արծրուն Հովհաննիսյանը թյուր կարծիք է համարում և չի ընդունում պնդումը, որ բանակում վիրավորվում կամ զոհվում են հիմնականում անապահով ընտանիքների զավակները․ «Բնական-մասնագիտական ընտրությամբ պայմանավորված՝ զորակոչվածներից շատ քչերն են հայտնվում հատուկ զորքերում՝ ՀՕՊ, հրետանի, կապ և այլն, քանի որ, որպես կանոն, նրանցից շատ քչերն են մասնագիտացում ստանում քաղաքացիական կյանքում։ Հետևակը, որը քանակով ամենաշատն է բանակում, ամենամոտն է առաջնագծին, և հետևակում ամենաշատն են գնում ոչ մասնագետներ։ Այստեղ որևէ կրիմինալ չկա, սա բնական ընտրություն է, որը կատարում է աշխարհի ցանկացած բանակ»։

Նրա խոսքով՝ հնարավոր է, որ հետևակում «քիչ ապահով» ընտանիքների երեխաների տեսակարար կշիռը ավելի մեծ լինի, ինչը, սակայն, «պետք չէ սարքել մատի փաթաթան, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը»։

Արփի Մախսուդյան

Լուսանկարը Դավիթ Հակոբյանի

Մեկնաբանել