Կատար. Սերժ Սարգսյանի վերջին այցը

Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եմենը, Լիբիան և Մալդիվյան կղզիները երկու օր առաջ խզել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ վերջինիս մեղադրելով «տարածաշրջանն ապակայունացնելու» մեջ:

Այս տեղեկատվությունը Հայաստանի համար ուշագրավ է նաև նրանով, որ Սերժ Սարգսյանը իր արտասահմանյան վերջին պաշտոնական այցը կատարել է հենց Կատար, իսկ մեկ շաբաթ առաջ Հայաստանը վերացրել է Կատարի քաղաքացիների համար Հայաստան մուտքի այցագիրը:

Մայիսի 15-16-ին Սարգսյանը Դոհայում առանձնազրույց ունեցավ Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Սարգսյանը ընդգծեց, որ «մեր երկիրը շահագրգիռ է Կատարի հետ բարձրաստիճան քաղաքական երկխոսության ակտիվացմամբ և բոլոր ոլորտներում համագործակցության խորացմամբ»:

Հայաստանը և Կատարը դիվանագիտական հարաբերություններ հաստատել են 1997-ին, երկկողմ ապրանքաշրջանառությունը չնչին է, այն էլ գրեթե միակողմանի՝ Կատարից Հայաստան: 2002-ին պաշտոնական այցով Կատար է այցելել Ռոբերտ Քոչարյանը, իսկ ավելի վաղ՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Սերժ Սարգսյանը և Թամիմ բին Համադ Ալ Թանին խորհրդանշական են համարել, որ այցելությունը տեղի է ունենում Հայաստանի և Կատարի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տարում, որը, կողմերի համոզմամբ, պատեհ առիթ է հայ-կատարական հարաբերությունները վերաիմաստավորելու և դրանց նոր խթան հաղորդելու համար:

Գոհունակությամբ արձանագրելով, որ տարեցտարի ավելանում են Ծոցի երկրներից, այդ թվում՝ Կատարից զբոսաշրջիկների այցելությունները Հայաստան, որում էական դերակատարում ունեն կատարական ավիաընկերության կողմից իրականացվող ավիաթռիչքները, զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև մուտքի արտոնագրի ազատականացման հնարավորությունը, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության ծավալման նպատակով կատարական ավիաընկերության հետ փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարը:

Եվ ահա ընդամենը երկու շաբաթ անց Հայաստանը կատարում է խոստումը՝ Կատարի քաղաքացիների առանց այցագրի մուտքի թույլտվությունը:

Սերժ Սարգսյանը Կատար պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել «Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի հետ: «Կատար Էյրվեյս»-ը հայկական ավիափոխադրումների շուկա է մուտք գործել 2016թ. մայիսից` իրականացնելով Դոհա-Երևան-Դոհա երթուղով կանոնավոր օդային փոխադրումներ:

Հիմա Հայաստանի համար ոչ այնքան շահեկան իրավիճակ է ստեղծվել: Մի կողմից Երևանը փորձում է խորացնել հարաբերությունները Դոհայի հետ, ինչը բնական ձգտում է և բխում է մեր երկրի շահերից, մյուս կողմից տարածաշրջանի մի քանի երկրներ, որոնցից մի քանիսի հետ Հայաստանը ունի լավ հարաբերություններ, փորձում են մեկուսացնել Կատարին՝ նրան մեղադրելով ահաբեկչությունը հովանավորելու մեջ: Ընդ որում, այդ երկրները Կատարի դեմ դուրս եկան Դոնալդ Թրամփի՝ Միջին Արևելք վերջին այցից անմիջապես հետո: 

Կատարին մեկուսացնելու ձգտող երկու երկրների՝ Եգիպտոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Հայաստանը ունի բարեկամական հարաբերություններ՝ դեսպանատների և դեսպանների մակարդակով: Սաուդյան Արաբիան հրաժարվում է Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ բացահայտ աջակցելով Ադրբեջանին: Մյուս երկրները՝ Բահրեյնը, Եմենը, Լիբիան և Մալդիվյան կղզիները, կենսական կարևորություն չունեն Հայաստանի համար, այդ երկրներում չկան հայկական համայնքներ:

Իրավիճակը ավելի բարդ է ու զգայուն նրանով, որ այս զարգացումների մեջ շոշափվում է նաև Իրանի անունը՝ տարածաշրջանում մի ծանրքաշային, որը Հայաստանի համար ունի կարևորագույն նշանակություն:

Մայիսի 23-ին կատարական QNA գործակալությունը հրապարակել էր երկրի էմիրի խոսքերը՝ Սաուդյան Արաբիայից դեսպանին հետ կանչելու և Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին։ Բացի այդ, էմիրին վերագրվող հայտարարության մեջ նաև ասվում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանությունը երկար չի տևի։ Թեև ավելի ուշ Կատարը պարզաբանեց, որ գործակալության կայքը հաքերային հարձակման էր ենթարկվել, սակայն Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնը հերքումը ոչ համոզիչ համարեցին։

Ավելին, նրանք Կատարին մեղադրեցին Իսլամական պետության և Ալ-Կաիդային աջակցելու մեջ։ Կատարին մեղադրում են նաև «Իրանի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցելու մեջ»։