ՌԴ նախարարի՝ կիրիլիցայի անցնելու մասին հայտարարությունը Հայաստանին չի վերաբերում

Այսօր հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում տարածվել է լուր, թե իբր ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան հայտարարել է ԱՊՀ տարածքում, այդ թվում՝ Հայաստանում, կիրիլիցայի անցնելու մասին, հանդիպել են անգամ հրապարակումներ՝ «ՌԴ կրթության նախարարը Հայաստանին առաջարկել է հրաժարվել այբուբենից» վերտառությամբ: Լուրը թեժ բանավեճի և քննադատության առարկա է դարձել սոցցանցերում: Իրականում Վասիլևայի հայտարարությունը վերաբերում է այն երկրներին, որոնք անցում են կատարել կամ անցել են կիրիլիկ գրերից լատինատառի: Դրանց թվում են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը: Վերջերս լատինատառ գրերի անցնելու մասին հայտարարել է Ղազախստանը:

«Վերջին տասը տարիներին շատ լայն թեմա է եղել՝ գրերի լատինացում և արաբացում: Այժմ մենք պետք է վերադառնանք ԱՊՀ տարածքներում միասնական գրի, դա կիրիլիցան է, քանի որ, ինչպես վկայում են հարցումները, մերձավոր արտերկրի բնակչությունը խոսում է կիրիլիկ գրի հետ կապվածության և դրա անհրաժեշտության մասին»,- ասել է ՌԴ նախարարը:

1939–1942թթ․ կիրիլիկ գրեր սահմանվեցին թյուրքախոս բոլոր խորհրդային հանրապետություններում (նաև՝ Մոլդովայում), որոնք մինչ այդ օգտագործում էին լատինատառ այբուբեն, երբեմն էլ՝ արաբերեն։ Չորս պետություն՝ Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանն ու Մոլդովան, արդեն վերադարձել են լատինատառ գրի։ Ամենաուշը այդ անցումը կատարել է Ադրբեջանը՝ 2001թ.:

Այս տարվա ապրիլին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է մինչև տարեվերջ ղազախերենի համար մշակել լատինատառ այբուբեն։ Գաղափարին, որը հնչեցվել էր նաև ավելի վաղ, Ղազախստանի նախագահն անդրադարձել է իր հոդվածում՝ «Ապագայի վեկտոր – հանրային գիտակցության արդիականացում» վերնագրով, որում առաջարկել է 2025-ից անցնել լատինատառ այբուբենի: Ղազախստանի նախագահի մտահղացմամբ՝ այդ թվականից սկսած՝ բոլոր փաստաթղթերը, պարբերական հրատարակություններն ու գրքերը պետք է տպագրվեն լատինատառ։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել