ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 397 կողմ, 0 դեմ ձայներով ընդունել է Էրդողանի թիկնազորի գործողությունները դատապարտող բանաձև

Հունիսի 6-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է բանաձև, որը խիստ դատապարտում է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի բռնի գործողությունները խաղաղ ցուցարարների դեմ։

Ինչպես հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը բանաձևն ընդունվել է 397 կողմ, 0 դեմ ձայներով։

Բանաձևի տեքստում, մասնավորապես, ասվում է, որ «թուրք պաշտոնյաները թույլ են տվել ԱՄՆ-ի քաղաքացիների իրավունքների աղաղակող խախտում՝ ծեծելով անզեն ցուցարարներին», «բազմաթիվ տեսագրություններում երևում է, որ ցուցարարները չեն հրահրել բռնությունը», «նախագահ Էրդողանն էլ որևէ պահի վտանգված չէր»։ Հետևաբար Ներկայացուցիչների պալատը որոշել է, որ թուրքական անվտանգության ուժերը գործել են «ոչ պրոֆեսիոնալ և կոպիտ», «Թուրքիայի անվտանգության ցանկացած աշխատակից, ով ուղղորդել, ղեկավարել կամ մասնակցել է մայիսի 16-ին խաղաղ ցույցերի ապօրինի ճնշմանը, պետք է պատասխանատվության ենթարկվի և հետապնդվի ԱՄՆ օրենսդրության համաձայն»:

Մեկնաբանել