Հարձակում Իրանի խորհրդարանի վրա, պայթյուն Խոմեյնիի դամբարանի մոտ. 12 զոհ

Այսօր Իրանի խորհրդարանում և Իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների արդյունքում սպանվել է 12 մարդ, մոտ հինգ տասնյակը վիրավորվել են։ Դամբարանի վրա հարձակում գործած ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն։ Հարձակումների համար պատասխանատվություն է ստանձնել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը։ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին խոստացել է կոշտ հակահարված ահաբեկիչներին։ Նա ասել է, որ դա փոքր հարց է, սակայն ցույց է տալիս, որ ահաբեկիչների նպատակը խնդիրներ ստեղծելն ու հանգստությունը խաթարելն է։ Լարիջանիի խոսքով՝ Իրանը ահաբեկչության դեմ պայքարի գործուն և արդյունավետ հանգույց է։ ՍիվիլՆեթի հետ զրույցում իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծիք հայտնեց, որ Իրանը կայացած պետականություն է և կարող է դիմակայել շատ ավելի մեծ փորձությունների: Իրանական Mehr-ը հաղորդում է, որ խորհրդարանի վրա հարձակում գործած բոլոր չորս ահաբեկիչները չեզոքացվել են։ Իրանի դեպքերը դատապարտել է նաև Ռուսաստանը՝ կոչ անելով համակարգված պայքարել ահաբեկչության դեմ։

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ առնվազն չորս զինված անձինք, ծպտված որպես կանայք, մտել են խորհրդարանի շենք, կրակ բացել անվտանգության աշխատակիցների վրա։ Բոլորը չեզոքացվել են իրավապահ ուժերի կողմից։ Ներքին գործերի նախարարության աղբյուրի համաձայն՝ խորհրդարանի չորրորդ հարկում ահաբեկիչներից մեկն իրեն պայթեցրել է։

Խորհրդարանի դեպքերին զուգահեռ երեք-հոգանոց զինված խումբ հարձակվել է Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա՝ կրակ բացելով այնտեղ գտնվող մարդկանց վրա։ Ըստ հաղորդագրությունների՝ ահաբեկիչներից մեկը սպանվել է, մեկը՝ պայթեցրել իրեն, մյուսը՝ վիրավորվել։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին

«Խստորեն դատապարտելով ահաբեկչության և ծայրահեղականության ցանկացած դրսևորում՝ համոզված ենք, որ անհրաժեշտ է միասնականորեն պայքարել միջազգային այդ արհավիրքի դեմ:

Կարևորելով մեր հարևան և բարեկամ երկրում անվտանգությունն ու կայունությունը՝ վստահ եմ, որ Իրանի իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները նման գործողություններն իսպառ կանխարգելելու ուղղությամբ։

Այս դժվարին պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձերդ Գերազանցությանը, Իրանի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,-ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ

Մեկնաբանել