Կոռուպցիայի դեմ պայքարը՝ «գործ տալու» պիտակով․ թեժ քննարկում խորհրդարանում

Հունիսի 7-ին Ազգային ժողովը արտահերթ նիստում քննարկում էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի նախագծերի փաթեթը։ Փաթեթով առաջարկվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա ստեղծել նոր ինքնավար մարմին, որը կկանոնակարգի պաշտոնյաների եկամուտների հայտարարագրման գործընթացը։ Առաջարկվում է հայտարարատու պաշտոնյաների թիվը 500-ից հասցնել 2000-ի, ինչպես նաև քաղաքացիներին հնարավորություն տալ անանուն ահազանգել հնարավոր չարաշահումների և կոռուպցիոն դեպքերի մասին։ Խնդրի շուրջ բուռն քննարկումներ տեղի ունեցան խորհրդարանում։

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը մտահոգություն հայտնեց, որ օրենսդրական փաթեթը ունի մի շարք բացթողումներ, որոնք կարող են խնդիրներ առաջացնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

«Սա ի՞նչ բեռ է ավելացնելու դատական համակարգի վրա, և ինչպես է երաշխավորվելու այն մարդկանց բողոքարկման և նրանց գործերը ողջամիտ ժամկետներում քննելու իրավունքը»,- հայտարարեց Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում է դատական համակարգի պահուստային ռեսուրս։

«Արդյոք մեր դատական համակարգը բավարար ռեսուրսներ ունի՞ այս հավելյալ բեռը քննելու և իրականացնելու արդար դատավարություն»,- հարցադրում հնչեցրեց Զեյնալյանը։ Նա նշեց, որ ուսումնասիրել են դատարանների ծանրաբեռնվածության հարցը, պարզել են, որ միայն 2014թ․ դատարաններն իրականացրել են 368 հազար դատական վարույթ։ «Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ 100 հազար բնակչին բաժին ընկնող դատավորների քանակը 7.05 է, այն դեպքում, երբ արդյունավետ կառավարման չափանիշը 21 դատավորն է՝ 100 հազար բնակչի համար»։

Զեյնալյանը խոսեց նաև վարչարարություն իրականացնող՝ կոռուպցիայի կանխարգելման մարմնի որոշումների մասին՝ բարձրաստիճան պաշտոնատար անձնանց պաշտպանության հայցատեսակից, հետաքրքրվելով, թե մանսավորապես ինչ հայցատեսակով են նրանք կարողանալու պաշտպանել իրենց իրավունքները։ Ըստ Զեյնալյանի՝ սրանք օրեսդրական բացեր են, որոնք չկարգավորելու դեպքում կարող են առաջացնել լրջագույն խնդիրներ մարդու իրավունքների ոլորտում։

Զեյնալյանը անդրադարձավ նաև փաթեթով առաջարկվող Ազդարարի ինստիտուտի ներդրման վերաբերյալ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի դիտարկմանը, որը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե «մենք հայապահպանության խնդիր ունենք, հայի տեսակի խնդիր ունենք, եկեք հայ մնանք, իրար վրա գործ չտանք»։ «Հային հարիր չէ ոչ թե կոռուպցիայի վերաբերյալ հաղորդումներ ներկայացնելը, այլ հենց կոռուպցիան»,- արձագանքեց Արտակ Զեյնալյանը։

Նախագծով առաջարկվող կոռուպցիայի կանխարգելման մարմնի գործառույթն է լինելու պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգումը, դրանց արժանահավատության ընդունումը, վերլուծության կատարումը, խախտումների հայտնաբերման դեպքում պատասխանատվության սահմանումը։

Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին պետք է առաջարկի ընդդիմությունը

ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, դրական գնահատելով փաթեթը, մտահոգություն հայտնեց, թե ինչու ընդդիմությունը չունի շոշափելի դեր այդ մարմնի կազմի ստեղծման գործում․

«Այս իրավիճակում պետք է կարևոր դեր ունենա ընդդիմությունը։ Երբ այս մասին հարցնում ենք, իշխանությունն ասում է՝ եթե ընդդիմությունը լինի մարմնի կազմում, ապա հետապնդումներ կլինեն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։ Եթե ընդունենք այս կանխավարկածը, ապա պետք է ընդունենք նաև, որ բոլոր այն մարմինները՝ գլխավոր դատախազը, հատուկ քննչական կոմիտեի ղեկավարը և այլ մարմինների ղեկավարները, որոնք առաջադրվում և ընտրվում են քաղաքական իշխող մեծամասնությամբ, ապրիորի լիազորված են քաղաքական անհրաժեշտության դեպքում հետապնդումներ իրականացնել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ»։

Փաշինյանն ասաց՝ իրենք կարծում են, որ հակակոռուպցիոն մարմինը ոչ թե պետք է լինի կոլեգիալ, ինչպես առաջարկվում է, այլ բրգաձև, որի գլխին կանգնած կլինի կուռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք և համապատասխան կենսագրություն ունեցող անձ։

«Մենք պնդում ենք, որ հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի առաջարկության իրավունք պետք է ունենա ընդդիմությունը»,- ասաց Փաշինյանը։

Առաջարկվող նախագծով՝ կոռուպցիայի կանխարգելման մարմինը ձևավորվելու է այնպիսի գործընթացի միջոցով, որը կարող է ապահովել դրանց ապաքաղաքականությունը, ապաքաղաքականացվածությունը, չեզոքությունը, անկողմնակալությունը և մասնագիտացվածությունը։

Մարմնի անդամներին ընտրում է խորհրդարանը՝ պատգամավորների ձայների մեծամասնությամբ։ Կոռուպցիայի կանխարգելման մարմնի անդամներին առաջադրում է մրցութային խորհուրդը, իսկ մրցութային խորհրդի անդամներին ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդը (այս մարմինը դեռ չի ստեղծվել, բայց նախատեսված է նոր Սահմանադրությամբ), Մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատը, Սահմանադրական դատարանի նախագահը և Հանրային խորհուրդը։ Վերջինը ներկայացնելու է քաղաքացիական հանրության ներկայացուցչի։

Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի առաջարկության իրավունք ընդդիմությանը վերապահելու պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը պաշտպանեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը․ «Մենք առաջարկում ենք ընդդիմությանը տալ թեկնածու առաջադրելու իրավունք։ Կառույցնրը, որոնք ներկայացնելու են մրցութային խորհրդի անդամներին, գործում են իշխանության անմիջական հանձնարարության ներքո։ Եթե կարծում եք, որ այս կառույցի հանդեպ հանրության վստահությունը կարևոր է, ապա ընդդիմության դերը պետք է լինի ներգրավված տեսանելի և շոշափելի»։

Արփի Մախսուդյան

Թեմայի վերաբերյալ կարդացեք նաև՝

Կոռուպցիայի դեմ կպայքարեն անանուն ահազանգերով

Մեկնաբանել