Անդրանիկ Կարապետյանին տարեք, Առաքել Մովսիսյանին բերեք

Պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն այսօր խորհրդարանի ամբիոնից ընդդիմացել է «գործ տալու» ինստիտուտին: Դա, ըստ նրա, «ավելորդ անջրպետ» է մտցնում մարդկանց միջև:

Երիտասարդը հիվանդագին է վերաբերվում Կոռուպցիայի կանխարգելման մասին հանձնաժողովի ստեղծման նախագծում տեղ գտած «ազդարարի ինստիտուտին», ըստ որի` կոռուպցիոն ռիսկեր նկատողն անմիջապես այդ մասին պետք է տեղեկացնի հանձնաժողովին: «Դա գործ տալու ինստիտուտ է»,- ազդարարում է ՀՅԴ խմբակցության անդամը: Փորձենք հակադարձել մեղմորեն: Թեպետ Հայաստանի այսօրը պահանջում է պարզապես օրենքից և նույնիսկ առօրյայի ամեն դրվագից դուրս հայտարարել այս երիտասարդին:

Ինքը ճանաչու՞մ է ընտրություններին փող չվերցրած այն հարյուր հազարավոր ընտրողներին, որոնք գիտեն, թե ովքեր են վերցրել ու այդ մասին հայտարարում են: Հազարների հասնող մարդիկ կան, որոնք չհավատալով, որ դատարաններն իրենց հարցով արդար որոշում կկայացնեն ու կաշառել են այդ դատավորներին: Անդրանիկ Կարապետյանը գիտի՞ որևէ դատավորի, որն անձամբ զեկուցել է, որ իրեն փորձել են կաշառել: Նախարարն անգամ կաշառք է տալիս հանրապետության նախագահին, որպեսզի նշանակվի: Բայց ինքը լսե՞լ է, որ նախագահն այդ մասին խոսի աջ ու ձախ: Հայաստանը թաթախված է կոռուպցիայի մեջ, և կանխարգելող հանձնաժողովը ոչինչ չի կարող անել: Չի կարող այն պարզ պատճառով, որովհետև «մենք հայ ենք», հաջորդ օրը պետք է կարողանանք միմյանց աչքերի մեջ նայել:

Երիտասարդն ասում է, որ մենք հայապահպանության խնդիր ունենք, հայի տեսակի խնդիր ունենք: Այսինքն, կարծում է, թե այսօր Ավարայրի օրերն են, և Հազկերտի հետ գործ բռնել պետք չէ: Կարծում է, թե այս հանձնաժողովի առաջարկող խաղի կանոններից բանակից փախչելու հոտ է գալիս: Կարծում է, թե «ազդարարի ինստիտուտի» թիկունքում կանգնած են Եհովայի վկաները կամ միասեռականները, որոնց հաստատ ինքն ատում է ամենայն մարմնով:

Բայց ի վերջո հարց է առաջանում: Կարծես թե լավից-վատից կանք: Կարծես թե այս կամ այն չափով գիտենք, թե հիմարության քամին որտեղից կարող է փչել: Բայց, այ, որ Անդրանիկ Կարապետյանի նման «հայապահպան» մտածողին կարող են պեղել ու բերել խորհրդարան, ենթադրել հնարավոր չէ: «Գործ տալու» ինստիտուտի մասին չեն խոսում օրենքով նժդեհականները, փոխարենը խոսում է անկուսակցականը: Նույնիսկ հակադարձելն է մարդուն հավասարեցնում այս պատգամավորին: Այսինքն, սեփական տեքստն ապականելու վտանգ կա պարոն Կարապետյանի հետ չհամաձայնելով: Բայց մարդը պատգամավոր է: Մեկ տարի հետո նա լինելու է Հայաստանի 105 «նախագահներից» մեկը, այսինքն, քաղաքական բարձրագույն օրգանի ներկայացուցիչը: Ու նա չի ասում, որ Հայաստանի համար վտանգավոր է կոռուպցիան, ասում է, որ գործ տալը վատ է: Չի ասում, որ «հայու գենի» հետ չի խոսում այսպիսի Հայաստանը, ասում է, գործ տալը վատ է: Ոչ ոք նրան չի ասել, որ գործ տալը զրպարտանքի ինստիտուտի էլեմենտ է: Չի ասում, որ ընտրություններ կեղծելը վատ է, որ մարդն ունի հավատքի, խղճի և համոզմունքի իրավունք, բայց ոչ՝ անգրագիտության: Որովհետև անգրագիտությունը կտրում է ցանկացած իրավունք կյանքի իրավունքից բացի: Այս երիտասարդն իր ելույթը մի քիչ ավելի խելոք մեկի հետ չի համաձայնեցրել, պարզապես մոտեցել է ամբիոնին ու դատապարտում է կոռուպցիայի դեմ պայքարի (որին հավատալ-չհավատալը այլ թեմա է) հերթական գործիքը:

Երիտասարդն ասում է, որ եվրոպական ամեն ինչ չէ, որ կաշխատի Հայաստանում: Ինչպես հայտնի ֆիլմում է ասում (մի փոքր ձևափոխելով)՝ Եվրոպան քեզ ի՞նչ էր արել, որ հարձակվեցիր Եվրոպայի վրա: Կարծեմ նման դեպքերի համար էին ասում՝ Անդրանիկ Կարապետյանին տարեք, Առաքել Մովսիսյանին բերեք: