«Սասնա ծռեր» խմբի քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊՊԾ գնդի զավթման մեջ մեղադրվող 18 անձանց մասով անջատված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, այս մասին հաղորդագրություն է տարածել դատախազությունը:

«Կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելու, պատանդներ վերցնելու և պահելու համար Վարուժան Ավետիսյանը Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի և մյուսների հետ ստեղծել են կազմակերպված, զինված կայուն խումբ, որում ընդգրկվել են Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Արթուր Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորկ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը և այլոք:

Կազմակերպված խմբի անդամները նախապես ուսումնասիրել են որպես թիրախ ընտրված ՊՊԾ գնդի տարածքը, հավաքագրել ու հրահանգավորել են խմբի անդամներին, կատարել են գործողությունների հստակ դերաբաշխում, ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն հանդիսացող 14 ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, ինքնաշեն ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող 20 նռնակ, ինչպես նաև տրոտիլային պայթաղյուս:

2016 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 5:00-ի սահմաններում, կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաև նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:

Այնուհետև, կազմակերպված խմբի անդամները կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են գնդի սպառազինության մեջ մտնող, հրազեն հանդիսացող 217 ատրճանակ, 10 ինքնաձիգ, որսորդական ակոսափող հրացան՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, ինչպես նաև ՊՊԾ գնդի աշխատակիցներին պատկանող, հրազեն հանդիսացող ատրճանակ և ակոսափող որսորդական հրացաններ:

Ինչպես հարձակման, այնպես էլ հաջորդող օրերին կազմակերպված խմբի անդամները ձեռնարկել են զավթած շենքերն ու շինությունները, տրանսպորտի միջոցները և պատանդներին պահելուն ուղղված մի շարք գործողություններ. մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, գնդի տարածքից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով իրավապահ մարմինների մի շարք աշխատակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ:

Պատանդ են վերցվել ու գնդի տարածքում պահվել նաև վիրավորված զինյալներին բժշկական օգնություն ցույց տալու նպատակով գնդի տարածք ժամանած բուժաշխատողներ:

Պատանդների մի մասը դիմել է փախուստի, մնացածներին ազատ են արձակել կազմակերպված խմբի անդամները:

Կազմակերպված խմբի անդամները 2016թ. հուլիսի 24-ին գնդի տարածքից դուրս են բերել հարակից Մ.Խորենացու փողոց և հրկիզման միջոցով ոչնչացրել են ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված և քաղաքացիների պատկանող ավտոմեքենաներ:

Վարդան Գերավետյանը, Հովհաննես Վարդանյանը, Գառնիկ Հովակիմյանը, Արթուր Սողոմոնյանը, Արայիկ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը և այնտեղից գաղտնի հափշտակել ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամը:

2016 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, կազմակերպված խմբի անդամներ Տիգրան Սարգսյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորկ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը և այլոք հրաժարվել են իրենց պահանջներից, կամովին ազատել զավթված շենքերը, շինություններն ու տրանսպորտային միջոցները, հանձնվել իրավապահ մարմիններին, իսկ նախորդող օրերին իրավապահ մարմինների կողմից վնասազերծվել և գնդի տարածքից դուրս են բերվել կազմակերպված խմբի անդամներ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը և Արթուր Մելքոնյանը:

Նախաքննությամբ հաստատվել է նաև, որ Մանվել Աթոյանը նախապատրաստվել է միանալ շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթած, պատանդներ վերցրած ու պահող կազմակերպված խմբին, վերջինիս կազմում ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելով ու պահելով, խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին:

Վարդգես Գևորգյանը, զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորամասի դասակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով մարտական հենակետի ավագ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2016 թվականի հուլիսի 20-ին հենակետից յուրացման եղանակով հափշտակել է ռազմամթերք հանդիսացող «ՌԳ-42» տեսակի նռնակ՝ իր պայթուցիչով, ապա նույն օրը խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, ինքնակամ թողել է մարտական հենակետը և նշված նռնակը սառը զենք հանդիսացող անձնական որսորդական դանակի հետ ապօրինի կրելով՝ փորձել է միանալ շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթած, պատանդներ վերցրած ու պահող կազմակերպված խմբին, դրա կազմում ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելով ու պահելով, խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին:

Բացի այդ, Վարդգես Գևորգյանը, առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և իր տանը պահել զգալի չափերով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող մարտական փամփուշտներ և պայթուցիչ:

Ձեռք բերված փոխկապակցված ապացույցների բավարար համակցության հիման վրա` ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար Արամ Մանուկյանին և Հովհաննես Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և զենք, ռազմամթերք հափշտակելու համար Թաթուլ Թամրազյանին և Արթուր Մելքոնյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով, ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու համար Արամ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և զենք, ռազմամթերք հափշտակելու համար Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով, ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու և գողության համար Տիգրան Մանուկյանին և Արթուր Սողոմոնյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և գողության համար Արայիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և գողության համար Գառնիկ Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և գողության համար Հովհաննես Վարդանյանին և Վարդան Գերավետյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու համար Մարտիրոս Հակոբյանին, Սերգեյ Կյուրեղյանին, Գևորկ Իրիցյանին և Թորոս Թորոսյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, ծանրացուցիչ հանգամանքներում զավթված շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ, վերցված պատանդներ պահելու և ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք պահելու նախապատրաստության համար Մանվել Աթոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 35-235-րդ հոդվածի 3-րդ մասով, առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, երկու դեպքով ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու, սառը զենք կրելու, մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու, ծանրացուցիչ հանգամանքներում ռազմամթերք հափշտակելու, ինչպես նաև զավթված շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ, վերցված պատանդներ պահելու և ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք պահելու փորձի համար Վարդգես Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, երկու դեպքով 235-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 365-րդ հոդվածի 1-ին մասով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով:

Մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշված 18 մեղադրյալների նկատմամբ անջատվել է քրեական գործ, որով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել