Կքննարկվի «Զվարթնոց» օդանավակայանից Երևան տրանսպորտի հարցը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց «Զվարթնոց» օդանավակայանում աշխատող «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին» տաքսիստների խնդրի մասին։

Վարչապետը նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիներն ու երկիր այցելող զբոսաշրջիկներն առաջինը հանդիպում են անհատ տաքսիստներին, և տաքսի ծառայությունների որակը չի համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին և նորմատիվային պահանջներին:

««Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին» [տաքսիստները] մարդուն տեղափոխում են Մալաթիա-­Սեբաստիայով՝ Երևանյան լիճը ներկայացնելով որպես Սևանա լիճ, տարբեր սակագներ կիրառելով և այլն: Լիցենզիա տրամադրելու ժամանակ մենք պահանջո՞ւմ ենք, թե վարորդի տեսքն ինչպիսին պետք է լինի, ուղևորի հետ ինչպես պետք է իրեն պահի»,-­ ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը ՀՀ ոստիկանապետին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ փաստացի առանց լիցենզիայի գործող տաքսի վարորդների կողմից թույլ տրվող իրավախախտումների բացահայտման, կանխարգելման և պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին էլ հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցողների հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ լիզենզավորման ոլորտում օրինախախտումների, գործունեության դադարեցման ուղղությամբ, քննարկել Երևան­Զվարթնոց գործող երթուղիների արդիականացման հնարավորությունը:

Մեկնաբանել