Կառավարությունը պետգույք է մասնավորեցնում, ՀՀԿ-ն խոսում է «գիգանտ ինվեստորների» մասին

Կառավարությունը մասնավորեցման է ներկայացնում պետական մի շարք օբյեկտներ։ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պնդում է, որ կան այդ օբյեկտներով հետաքրքրված «գիգանտ ինվեստորներ», բայց չի հրապարակում դրանց անունը։

 Ազգային ժողովը հունիսի 8-ի նիստում ավարտեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագծի քննարկումը, որով նախատեսվում է մասնավորեցնել մի շարք գիտաարտադրական և գիտահետազոտական աշխատանքներով զբաղվող պետական բաժնեմաս ունեցող ընկերություններ, առողջապահության ոլորտի՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերություններ, արտադրական և սոցիալական բնույթի անավարտ շինօբյեկտներ:

ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին մտահոգեց հատկապես առողջապահական մի շարք հաստատությունների մասնավորեցման հարցը։ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը խոսեց Այրվածքաբանության և Ուռուցքաբանության ինստիտուտների մասին՝ նշելով, որ այսօր Հայաստանում օնկոլոգիական խնդիրներ ունեցող քաղաքացիները գերադասում են բուժվել արտերկրում, ինչը, ըստ նրա, պայմանավորված է Հայաստանում բուժման գործընթացի ցածր արդյունավետությամբ։

«Մասնավորեցնելով այս բուժհաստատությունները՝ արդյոք ունե՞նք երաշխիքներ, որ տեսանելի ապագայում կհասնենք բուժման գործընթացի արդյունավետության բարձրացմանը, որը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին, և քաղաքացին ստիպված չի լինի հսկայական ծախսերի միջոցով բուժումը իրականացնել դրսում»,- հարցադրում արեց Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ Հայաստանը ԱՊՀ երկրներում միակ պետությունն է, որտեղ մասնավորեցված բուժոլորտի տեսակարար կշիռը մոտենում է 100 տոկոսին։

«Մասնավորեցման հարցում, հատկապես՝ այս ոլորտում, մենք պետք է մոտենանք շատ զգույշ։ Մենք առաջարկում ենք կառավարության բերած մասնավորեցման պատրաստ այս ցանկից հանել առողջապահական, կրթական հաստատությունները»,- ասաց Մելքումյանը՝ առաջարկելով «Հայփոստ» և «Հայֆիլմ» ընկերությունները մասնավորեցնել առանձին օրենքներով։ Միքայել Մելքումյանը նշեց, որ եթե կառավարությունն ընդառաջ չգնա իրենց առաջարկներին, ապա «Ծառուկյան դաշինքը»դեմ կքվեարկի, քանի որ ցանկացած կառույց մասնավորեցնելիս պետք է ներկայացնել նրա վաճառքի գինը, այդ ոլորտում արվելիք ներդրումները և աշխատատեղերը։ Ըստ Մելքումյանի՝ այս երեք հիմնական բաղադրատարրերը բացակայում են կառավարության ներկայացրած նախագծում։

Պատասխանելով Մելքումյանի հարցադրումներին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրականում կառավարությունն ունի ներդրողներ, որոնք սակայն այս փուլում նախընտրել են ստվերում մնալ․ «Կան գիգանտ ինվեստորներ, բայց իրենք իրենց անունը կհրապարակեն ԱԺ-ի կողմից նախագծի վավերացումից հետո»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ կառավարության ծրագիրը չի հետապնդում շահույթ և չի առաջնորդվում վայրի մասնավորեցման հիմունքներով։

ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ իրենք կառավարությանը չվստահելու խնդիր չունեն և կողմ կքվեարկեն նախագծին։ Նախագծին դեմ կքվեարկի նաև ԵԼՔ խմբակցությունը, ինչը սակայն չի խանգարի կառավարությանը ստանալ պատգամավորների ձայների մեծամասնությունը և իրականացնել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագիրը։

Նախագիծը քննարկվում և քվեարկվելու է քսանչորսժամյա ռեժիմով։

Արփի Մախսուդյան