«Սասնա ծռերի» գործով դատական առաջին նիստը հետաձգվեց

Հունիսի 8-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց անցյալ տարվա հուլիսին Երևանում ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի զավթման մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի 12 անդամների մայր գործով առաջին դատական նիստը:

Այսօր Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Աշոտ Պետրոսյանի, Էդվարդ Գրիգորյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի,Արեգ Կյուրեղյանի, Արմեն Լամբարյանի, Սեդրակ Նազարյանի) և նրանց օժանդակելու մեղադրանքով կալանավորված Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի գործով անդրանիկ դատական դռնբաց նիստն էր։

Դատավորի ներս մտնելու ընթացքում մեղադրյալների հարազատներն ու աջակիցները ոտքի չկանգնեցին, իսկ դատարանի ներսում աղմուկը չէր դադարում, ինչի պատճառով էլ մի քանի րոպե տևած դատական նիստը հետաձգվեց:

«Մեզ չի հետաքրքրում դատաքննությունը»,- ասաց խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը չկարողանալով դատարանի ներսում լռություն ապահովել` դատական նիստը հետաձգեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 21-ին, ժամը 12:00-ին: