Վարչապետը հանձնարարել է պարզեցնել սեզոնային մրգերի արտահանման վարչարարությունը

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է պարզեցնել սեզոնային մրգերի արտահանման գործընթացը: 

Սեզոնային մրգերի արտահանման գործընթացի պարզեցման և կատարելագործման վերաբերյալ գործադիրի ղեկավարը նշել է, որ ներկայումս Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման համար առավել բարենպաստ շրջան է:

«Սակայն մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, պարզ է դարձել, որ նշված ապրանքատեսակների մաքսազերծման և բացթողնման գործընթացը որոշ դեպքերում մնում է ժամանակատար, իսկ իրականացվող վարչարարությունը՝ ոչ արդյունավետ: Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ տնտեսվարողների համար ամբողջությամբ չի կիրառվում մեկ պատուհանի սկզբունքը»,- ասաց Կարապետյանը:

Այդ ամենը հաշվի առնելով՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին և ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին 1-շաբաթյա ժամկետում մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով՝ ապահովել Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման վարչարարության էապես պարզեցումը և այդ գործընթացը հնարավորինս արագ, արդյունավետ և տնտեսվարողի համար մատչելի դարձնելու մեխանիզմները: