Հունիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան․ ՌԴ ԱԳՆ

Հունիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան, որտեղ հանդիպումներ կունենան նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ․ այս մասին այսօրվա ճեպազրույցին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նրանք մտադիր են ծանոթանալ հակամարտության գոտում տիրող իրավիճակին։ Ծրագրվում է ղարաբաղյան կարգավորման արդի հարցերի քննարրկում, այդ թվում՝ ապրիլի վերջին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը հաշվի առնելով։ Նախատեսվում է նաև այցելություն Լեռնային Ղարաբաղ»,- ասել է Զախարովան։

Զախարովայի տեղեկացմամբ՝ մեկ շաբաթ անց եռյակը կմեկնի Ադրբեջան։

Օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքում մշակվել է սկզբունքների փաթեթ, սակայն «անհրաժեշտ է համաձայնեցնել շատ բարդ դետալների շարք»։ Խոսքը, ըստ Լավրովի, «շատ զգայուն հարցերի մասին է, այդ թվում՝ ներքաղաքական»։

Մեկնաբանել