Համայնքների խոշորացում՝ «առանց բնակչության համաձայնության»

Հունիսի 8-ին Ազգային ժողովը քննարկում էր համայնքների խոշորացման երկրորդ փուլի ծրագիրը, ըստ որի՝ նախատեսվում է 328 բնակավայր խմբավորվել 34 համայնքում: Առաջին փուլով 140 բնակավայր միավորվել է 18 համայնքում: Նախատեսվում է խոշորացման ծրագիրն ավարտին հասցնել մինչև 2018-ի դեկտեմբերը։

Հարցի քննարկմանը ԱԺ ընդդիմադիր պատգամավորները կառավարությանը հիշեցրին, որ համայնքների միավորումը կամ տարանջատումը կարող է իրականացնել ԱԺ-ն՝ հաշվի առնելով այդ համայնքների բնակիչների կամարտահայտությունը, ինչը սակայն ներկայացված նախագծում արտացոլված չէ։

ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը, քանի որ համայնքների խոշորացումը հեղափոխական փոփոխություն է, և իրենք չունեն պիլոտային ծրագրի արդյունքում կատարված վերլուծություն՝ խոշորացման արդյունավետության կամ անարդյունավետության վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև իր բնորոշմամբ՝ Հայաստանում տարածված բացասական մի երևույթի մասին, ինչպիսին է՝ տեղային հայրենասիրությունը։ Նա ասաց, որ տեղային հայրենասիրությունը պետք է արմատախիլ արվի, քանի որ այն պետականության հիմքում դրված վիրուս է։ «Մենք բոլորս ունիտար ենք, ներառյալ Լեռնային Ղարաբաղը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նաև խոշորացող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրության համամասնական ընտրակարգին։

Ըստ կառավարության ծրագրի՝ համայնքները համամասնական ընտրակարգի անցում կկատարեն 2018-ից հետո։ «Ինչո՞ւ ոչ հիմա, պահում եք այս համակարգը, որպեսզի ընտրակարգի մեջ շարունակի գործել խնամի-ծանոթ-բարեկամը մոդելը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս փուլում իրենք ձեռնպահ կմնան քվեարկությունից։

«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը համայնքների խոշորացումը համարեց քաղաքական սխալ՝ նշելով, որ այն լուրջ հարված է Հայաստանի Հանրապետությանը․ «21 տարի առաջ ներդրվել է տեղական ինքնակառավարման մարմնի համակարգը, որն ամբողջությամբ վերափոխվում, քայքայվում և վերաձուլվում է»։ Այդ քայլով, ըստ նրա, խախտվում են համայնքների ինքնուրույնությունը, ինքնավարությունը և ինքնակառավարումը։

«Ես տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծման հիմնադիրներից մեկն եմ և շատ լավ պատկերացնում եմ դաշտն ու խնդիրները։ Մենք կարողացանք կայացնել տեղական ինքնակառավարման համակարգը, սակայն չկարողացանք կայացնել ռեգիոնալ կառավարման համակարգը, որից բխած խնդիրները փորձում ենք քողարկել խոշորացումով»։ Նա առաջարկեց կառավարությանը հետ տանել օրենքի նախագիծն ու իրականացնել այնպիսի լուծումներ, որոնք չեն հարվածի համայնքներին։ Զուրաբյանը կարծում է, որ կառավարությունը՝ որպես լավագույն լուծում կարող է վերացնել անհիմն գոյություն ունեցող մարզպետարանները և վերկանգնել շրջանները, նրանց օժտելով ռեգիոնալ ինքնակառավարման իրավասություններով։

«Ծառուկյան դաշինքը» դեմ քվեարկեց համայնքների խոշորացման նախագծին։

Արփի Մախսուդյան

Մեկնաբանել