Երբ մշակույթն ու ստեղծարար ոլորտը դառնում են խոշոր գործատու

Հունիսի 9-ին ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակում Հայստանում կանցկացվի  «Ստեղծարար Հայաստան» ֆորումը։ Ֆորումի հիմնական բանախոսներից մեկը մշակութային և ստեղծարար ոլորտների փորձագետ Ռագնար Սիիլն է Էստոնիայից։ Նա ավելի քան 10 տարի աշխատել է կառավարության, ինչպես նաև բիզնեսի և շահույթ չհետապնդող կազմակերպությունների ոլորտում։

2005-ից Սիիլն աշխատել է Էստոնիայի մշակույթի նախարարությունում: 2011-2013 թվականներին զբաղեցրել է արվեստի գծով պետքարտուղարի տեղակալի պաշտոնը, որի շրջանակներում նա պատասխանատու էր մինչև 2020 թվականը նոր մշակութային քաղաքականություն մշակել: Ռագնար Սիլը Creativity Lab-ի հիմնադիրն է, որը միջազգային մշակութային քաղաքականության և ստեղծարար տնտեսության վերլուծություն և խորհրդատվութուն իրականացնող խումբ է: ՍիվիլՆեթը զրուցել է Ռագնար Սիիլի հետ։ Հարցազրույցից նրա մտքերն առանձնացված են ստորև։

Մշակույթի և ստեղծարարության ոլորտը՝ տնտեսության մաս

Մշակույթի և ստեղծարարության ոլորտի հիմնական խնդիրը ֆինանսական հոսքերի կրճատումն է, որը մենք արձանագրում ենք վերջին տարիներին։ Ֆինանսական ճգնաժամի ընթացքում շատ հիմնարկներ և կազմակերպություններ փակվեցին, կրճատվեցին աշխատատեղերը, աշխատավարձերը։ Մենք պիտի մտածենք ինչու այդպես եղավ և ինչու է այդ գործընթացը շարունակվում։ Կարծում եմ պատասխանը քաղաքական գործիչների,  դեր ունեցող այլ մարինների իրազեկվածության, ոլորտի կարևորման պակասն է։ Մեզանում դեռևս կա այն հնացած պատկերացումը, որ մշակույթի ոլորտը  միայն սպառում է, այն շահութաբեր չէ, որ մշակույթի ու ստեղծարարության համար գումար կարելի է հատկացնել միայն այն դեպքում, երբ բոլոր այլ կարիքները բավարարված են։ Չկա պատկերացում այն մասին, որ մշակութային և ստեղծարար ոլորտները մեծ ներդրում են ապահովում, դրանք աշխատատեղեր են ստեղծում, զարգացնում են զբոսաշրջությունը, մարզերը, նորարարությունը և այլն։

Հայաստանն այս առումով շատ հեռանկարներ ունի, քանի որ ոլորտի զարգացման համար առաջին հերթին գաղափարներ են անհրաժեշտ, ուղեղներ։

Էստոնիան ավելի փոքր է, քան Հայաստանը։ Էստոնիայի տնտեսության մեջ ստեղծարար ոլորտը մոտ 3 տոկոս կազմում, սա մեծ գումար է։ Աշխատատեղերի 5 տոկոսը այս ոլորտն է ապահովում։ Գրանցված կազմակերպությունների 12 տոկոսը մշակութային և ստեղծարարական սեկտորին է պատկանում։ Սրանք շատ կարևոր թվեր են։ Եվրոպայում մշակութային և ստեղծարարական ոլորտներն ավելի մեծ բաժին ունեն տնտեսության մեջ, քան մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը և այլն։ Մենք չգիտենք այս մասին, մինչդեռ սա շատ կարևոր է։ Փոքր երկիրները, որոնք  չունեն հանքարդյունաբերություն կամ այլ ռեսուրսներ, պիտի կենտրոնանան մարդկային պոտենցիալի վրա։

Շահութաբեր ստեղծարար ոլորտի հենքը

Եթե մենք նայենք, թե որ ոլորտներում է ավելի շատ գումար ներդրվում, ապա կնշենք կինոն, հեռուստատեսությունը, գովազդը, հրատարակչական գործը և այլն։ Սակայն եթե մտածենք, թե որ ճյուղերն են, որ իրական արժեք կարող են ներկայացնել տնտեսական առումով՝ մենք այլ պատկեր կտեսնենք, որում, օրինակ կլինի դիզայնը։ Դիզայնի սեկտորը կարող է փոքր լինել, բայց դրա զարգացման անդրադարձն այլ կազմակերպությունների վրա կարող է ահռելի լինել։

Շատ կարևոր է հիշել մշակութային և ստեղծարար ոլորտների կորիզը հանդիսացող ճյուղերի մասին, արվեստի մասին՝ օպերա, թատրոն, գրականություն և այլն։ Եթե պատկերացնենք ոլորտը համակենտրոն շրջանների տեսքով, ապա կտեսնենք, որ դրանք տարածվում են արվեստից, միջուկն արվեստն է։ Չի կարող լինել դիզայն, առանց կերպարվեստի, չի կարող լինել փոփ երաժշտություն՝ առանց ուժեղ երաժշտական ավանդույթների, կրթության, չի կարելի խոսել զբոսաշրության զարգացման մասին, եթե չկան թանգարաններ, հետազոտական հիմնարկներ և այլն։

Հուշարձանները, թանգարանները շահութաբեր չեն, դրանք գումար չեն բերում, սակայն եթե չլինեն դրանք, չի լինի նաև այն գումարը, որ զբոսաշրջիկը թողնում է հյուրանոցներում, ռեստորաններում 

Որպես օրինակ կարելի է դիտարկել գովազդը։ Մենք ատում ենք գովազդը, բայց այն ահռելի բիզնես է։ Արդյոք այն կարող է վերաբերել մշակութային և ստեղծարար ոլորտներին։ Բանն այն է, որ առանց նկարիչների, երաժիշտների, դիզայներների գովազդը չի կարող գոյատևել։ Այսիքն դու չես կարող արտադրել գովազդ, առանց ստեղծարար սեկտորի ներգրավման։ Այսինքն միշտ չէ, որ կարելի է մաքուր արվեստը արտահայտել կամ չափել գումարով, սակայն մենք պետք է մտածենք, թե ինչպես է արվեստը անդրադառնում ստեղծարար ոլորտի վրա։

Նույն օրինակը կարելի է  բերել զբոսաշրջության մասին։ Հուշարձանները, թանգարանները շահութաբեր չեն, դրանք գումար չեն բերում, սակայն եթե չլինեն դրանք, չի լինի նաև այն գումարը, որ զբոսաշրջիկը թողնում է հյուրանոցներում, ռեստորաններում և այլն։

Մշակույթի, ստեղծարարության նույնիսկ այն ճյուղերը, որոնք անհնար է մոնետիզացնել, չափազանց կարևոր են ամբողջ համակարգի գոյատևման համար։

Պետության, բիզնեսի և շահույթ չհետապնդող կազմակերպությունների մասին

Քանի որ աշխատել եմ բոլոր այս ոլորտներում, կարծում եմ, կարող եմ քննադատական լինել։ Ամեն տեղ ես բախվել եմ ըմբռնման պակասի հետ։ Յուրաքանչյուր սեկտորում համարում են, որ միայն իրենք են կարևոր, ինչն այդպես չէ․ դրանք հավասարապես կարևոր են, հատկապես մշակությի ոլորտում։ Եվ կարծում եմ, այն պահին, երբ կսկսենք հասկանալ սա, որոշ բաներ կսկսեն փոխվել։ Բացի դրանից, կարծում եմ համար մեկ խնդիրը, հատկապես հետխորհրդային երկրներում, վստահության պակասն է։ Սա նաև գլոբալ խնդիր է՝ վստահության ահռելի պակասը կառավարության և քաղաքացիական հանրթույան միջև։ Երբ պետական մարմինները փորձում են նախաձեռնել որևէ լավ, նորարական գաղափար, նրանք բախվում են հանրության անվստահությանը և հակառակը։ Կարծում եմ՝ մենք պետք է շատ լուրջ աշխատենք վստահությունը վերականգնելու ուղղությամբ։ Սա է «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի հիմնական նպատակներից մեկը։ Մենք փորձում ենք անկողմնակալ մնալ և կապ հաստատել մասնավոր սեկտորի, ստեղծարար սեկտորի և պետական կառույցների միջև։   

Մշակութային քաղաքականության դերն ու պատասխանատուները

Քաղաքականությունը մի բան է, որ պետությունն է իրագործում, սակայն սա չի նշանակում, որ ստեղծարար ոլորտները զարգանում են պետության շնորհիվ։ Պետությունը կարող է ուղորդել, պիտի ոգևորի, սակայն այս ոլորտում շատ ավելի կարևոր է համայնքների, բիզնեսների, ստեղծարարների, կրթության դերը։ Կարևոր է նաև հասկանալ, որ մշակութային քաղաքականությունը և ստեղծարար ոլորտի քաղաքականությունը շատ տարբեր բաներ են։ Վերջինը չի կարող փոխարինել առաջինին։ Մշակութային քաղաքականությունը սնում է ստեղծարար ոլորտը, այն սկիզբն է։ Ստեղծարար ոլորտը պիտի լրացնի մշակութային քաղաքականությանը, համապատասխանի դրան։ Չի կարելի զարգացնել մշակույթի այն ճյուղերը, որոնք ավելի շահութաբեր են, մենք պետք է զարգացնենք արդյունաբերությունը, որը հիմնված է ստեղծարար ոլորտի վրա։

Մշակութային քաղաքականության մշակումը և իրագործումը  միայն մշակույթի նախարարության գործառույթը չէ։ Այս լայն ոլորտը մի քանի գերատեսչությունների պատասխանատվության խաչմերուկում է։ Շատ կարևոր է, որ մասնակից լինեն նաև էկոնոմիկայի նախարարությունը, արտաքին գործերի, կրթության և գիտության նախարարությունները։ Եթե գործընթացը վարվում է միայն մշակույթի նախարարության կողմից, կարծում եմ՝ խնդիր ունենք։

ԵՄ-ում մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ հարկավոր է համակարգային մոտեցում ցուցաբերել։ Սովորաբար կառավարություններն ուզում են որևէ մեծ բան ստեղծել, շեշտը դնել մեկ մեծ կառույցի վրա, որը պիտի բերի զարգացման պայթյունի՝ օրինակ ստեղծել մեծ կենտրոն, մեծ շինություն և այլն։ Սակայն ամենահիանալին այս ոլորտում այն է, որ եթե ունես այդ մեծ մի բանը, այն էկոհամակարգ չի դառնա։ Եթե կառուցում ես հսկայական և ճոխ համերգասրահ, սակայն չես զարգացնում երաժշտական կրթությունը, չես ընտելացնում հանդիսատեսին համերգ գնալու գաղափարին, չես պրոպագանդում դասական երաժշտությունը, ֆանտաստիկ համերգասրահը դատարկ է մնում։ Մշակույթի և ստեղծարար ոլորտի յուրահատկությունն այն է, որ այն բազմաթիվ մանր մասնիկներից է բաղկացած և դրա զարգացման գործին  պիտի լծվեն բոլորը։ Կառավարությունը՝ ֆինանսավորմամբ, օրենսդրական պայմանների բարելավմամբ, կրթությամբ, բիզնեսը՝ ստեղծարար ոլորտի բիզնես հնարավորությունների բացահայտմամբ, և բնականաբար ստեղծագործողները՝ հասկանալով, որ իրենք չպիտի գործարար լինեն, պետք է լինեն հատուկ մարդիկ, որոնք կմիջնորդեն և լավ հասկանալով թե բիզնեսի, թե ստեղծագործողի կարիքները՝ կկարողանան զարգացնել դրանց համագործակցությունը։

«Ստեղծարար Հայաստան» ֆորումի մասին

Ֆորումի ողնաշարը երկօրյա բիզնես առաջնությունն է, որն անցկացվելու է հունիսի 10-ին և 11-ին։ Մենք երբևէ նման բան չենք արել, ոչ մի երկրում։ Սա նոր մակարդակ է։ Խոսելն իհարկե կարևոր է, բայց պետք է նաև փորձել գործի անցնել։ Մենք ձևավորել ենք 50 թիմ, որոնցում միավորել ենք տարբեր ոլորտների գիտելիքներով և փորձով մարդկանց. ստեղծարար ոլորտի մասնագետների, նկարիչների, դիզայներների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների, մարկետինգի և ֆինանսների ոլորտի մասնագետների և այլն։ Եվ նրանք բոլորը պիտի միասին աշխատեն առավոտից երեկո, երկու օր, որպեսզի հասկականան, ինչ է նշանակում հանդես գալով նորարարական առաջարկով՝ կարողանալ զարգացնել այն համապատասխան մասնագետների օգնությամբ և իրականանալի դարձնել։ Արդյոք մենք ակնկալում ենք, որ հաջորդ Skype-ը կունենանք։ Միգուցե, բայց նպատակն այլ է։ Մենք ուզում ենք այդ մարդկանց փորձ ձեռք բերելու հնարավորություն տալ, որպեսզի նրանք զգան, թե որքան հաճելի ու հետաքրքիր է աշխատել միջդիսցիպլինար, բազմադիսցիպլինար պայամաններում, որպեսզի կարողանան շարունակել նույն ոճով իրենց մասնագիտական կյանքում։ Իհարկե, կլինի նաև ֆորումը, որի ընթացքում կխոսենք այս բոլոր հարցերի շուրջ, մենք կդիտարկենք ԵՄ անդամ երկրներում կիրառված փորձը, մոդելները և կփորձենք հասկանալ, թե ինչպես կարելի է Հայաստանում աջակից էկոհամակարգ ստեղծել ստեղծարար ոլորտի զարգացման համար, ինչպիսի հիմնարկներ, ֆինանսավորման մեխանիզմներ, կլաստերներ պիտի հիմնվեն ոլորտը խթանելու համար։ Կուսումնասիրենք, թե ինչ դեր են կատարում ստեղծարար համայնքները, և ինչպես եք դուք ստեղծում ֆիզիկական տարածքներ, հաբեր և այլն։ Մենք կխոսենք նաև բիզնես կողմի մասին, կուսումնասիրենք, թե ինչպիսի բիզնես մոդելներ են կիրառվում, ինչ ներդրողներ կարող են դիտարկվել։

Մարիա Հովսեփյան