Ներքևից վերև․ Սլովենիայի ստեղծարար փորձը Հայաստանում

Հունիսի 9-ին ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակում Հայստանում մեկնարկել է «Ստեղծարար Հայաստան» ֆորումը։ Ֆորումի հինական բանախոսներից մեկը Լուկա Պիշկորիչն է։ Նա Սլովենիայում առաջին ստեղծարար կենտրոնի համահիմնադիրն է։ 2011-ից նա կենտրոնանում է նոր տնտեսական մոդելների զարգացման և իրականացման վրա։ Պիշկորիչը Slovenia Coworking և Slovenia Crowdfunding նախաձեռնությունների համահիմնադիրն է։ ՍիվիլՆեթին Լուկա Պիշկորիչը ներկայացրել է իր փորձը։

Սլովենիայի համագործակցային նախաձեռնություն

Սլովենիայում մշակույթի ու ստեխծարար ոլորտում շատ տաղանդավոր մասնագետներ են աշխատում։ Բայց մենք եվրոպական միակ երկիրն ենք, որը չունի մշակույթի և ստեղծարար ոլորտի զարգացման ռազմավարություն։ Մշակույթի և տնտեսության նախարարությունները չեն կողմնորոշվում, թե ում կարդավորման հարցն է սա։ Սլովենիան, օրինակ, հարուստ ավանդույթներ ունի դիզայնի ոլորտում։ Սակայն անկախացման տարիներին տեղի ունեցած արդյունաբերական ենթակառուցվածքների ոչնչացմանը հետևեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, որի արդյունքում զգալիորեն աճեց ֆրիլանսերների քանակը։ Այս պայամններում մենք սկսեցինք մեր աշխատանքը, որի նպատակն էր միասին գործելու հնարավորություն ընձեռել անսպասելիորեն աշխատազուրկ դարձած մասնագետներին։ 2011-ին հիմնադրվեց «Սլովենիայի համագործակցային նախաձեռնությունը»։ Մասնատված, ընկճված համայնքը սկսեց հավաքվել մի վայրում և համագործակցել։

Սա շատ լավ արդյունք տվեց։ Մեզ մոտ ասում էին՝ «ո՛չ, սլովենացիները չեն կարող համագործակցել, նրանք չեն ցանկանա» և այլն։ Սակայն մենք ապացուցեցինք, որ դա սխալ կարծիք է։

Pop-up home կամ Հայտնվող տուն

Այս նախաձեռնության շրջանակում համայնքի կողմից ստեղծվեց մի նախագիծ, որը կոչվում էր  Pop-up home (հայտնվող տուն)։ Այս նախագծի համար դիզայներները վարձակալեցին բնակարան մայրաքաղաք Լյուբլյանայի կենտրոնում և կահավորեցին այն իրենց ստեղծած կահույքով, սպասքով, նույնիսկ հագուստ ու զարդեր կային։ Բոլոր իրերն այդ տանը ստեղծված էին տեղացի դիզայներների կողմից։ Նախագիծն ահռելի արձագանք ստացավ, լայնորեն լուսաբանվեց, որոշ դեպերում գտնվեցին ներդրողներ և այլ կերպ աջակցություն ցուցաբերելու ցանկություն ունեցող մարդիկ։ Սա բեկումնային պահ էր։ Մարդիկ հասկացան, որ կարող են միասին արդյունքի հասնել։

Սլովենիայի հանրային դրամահավաք նախաձեռնություն

Որքան էլ հաջող լիներ առաջին փորձը, արդյունաբերության հնարավորությունները չափազանց սահմանափակ էին, չկար ֆինանսական հոսք, բանկերը վարկեր չեն տրամադրում երիտասարդներին, ուսանողներին։ Այդ պատճառով մնեք սկսեցինք հանրային դրամահավաք։ Նախաձեռնությունը ևս անսպասելի հաջող ընթացավ։ Երեք տարվա ընթացքում սլովենական ստարտափները ավելի քան 5 մլն եվրո կարողացան հավաքել հանրային դրամահավաքի տարբեր հարթակների միջոցով։ Սլովենիան փոքր երկիր է, մեզ հարկավոր էր կարողանալ հետաքրքրել ամենատարբեր մարդկանց ամբողջ աշխարհից։ Հանրային դրամահավաք կազմակերպելու համար պետք չէ գումար, սակայն պետք է գաղափար և այն լավ ներկայացնելու հմտություն։ Այստեղ սկսեցին ներգրավվել լուսանկարիչներ, օպերատորներ, նկարիչներ և ալն։ Նրանք միասին աշխատում էին մեկ նախագծի համար՝ որպես սոցիալական ներդրում։  Իսկ երբ նախագիծը հաջողում էր, յուրաքանչյուրը վարձատրվում էր կամ նույնիսկ կայուն աշխատատեղ ձեռք բերում։ Այս փորձը բացեց մեր աչքերը։ Մենք հավատացինք, որ ապրելով փոքր երկրում՝ մեզ հասանելի է ամբողջ աշխարհը՝ համատեղ աշխատանքի և համագործակցության շնորհիվ։ Սա կարևոր շարժում էր։

Հիմա հաբերում, ստեղծարար համայնքներում մասնագետներն իրոք հաջողելու հնարավորություն ունեն։ Թեև նրանք պաշտպանված չեն աշխատանքային օրենսգրքով, նրանք պաշտպանում են միմյանց։ Եթե որևէ մեկը հիվանդ է, նրան փոխարինող կգտնվի, եթե պետք է մեկնել հանգստի՝ նրա փոխարեն մեկ ուրիշը կաշխատի այդ ընթացքում։ Կարծում եմ, որ ստեղծարար ոլորտի ամենաբեկումնային փոփոխությունները պիտի ներքևից վերև լինեն, բխեն համայնքի պահանջներից։

Ստեղծարար հաբն իբրև վստահության տարածք

Ինձ անհավատալի հրաշալի է թվում այն, որ ես կարող եմ գալ հաբ և մեկ բաժակ սուրճի շուրջ զրուցել տարբեր մասնագետների հետ և այդ ընկերական զրույցի ընթացքում ստանալ կարևորագույն ու մասնագիտական խորհուրդներ իմ գաղափարի իրականացման համար։ Այսինքն՝ այստեղ նաև գիտելիքներ են կենտրոնանում, և այդ գիտելիքից ազատ օգտվելու հնարավորություն ունի համայնքի ցանկացած անդամ։

Սակայն ամենակարևորը, որ անում են հաբերը, վստահության հաստատումն է։ Երբ մարդիկ տեսնում են միմյանց ժամանակ առ ժամանակ, կամ աշխատում են միասին, նրանք սկսում են վստահել իրար։ Վստահությունը արդյունավետ համագործակցության հիմնաքարն է։ Այսպես ենք մենք զարգացնում ստեղծարար ոլորտը Սլովենիայում, նեքևից վերև։

Միջազգային համագործակցության մասին

Մենք շատ հետաքրքրված ենք համագործակցելու Հայաստանի, Վրաստանի հետ։ Մենք չպետք է ամեն անգամ անիվ հայտնագործենք։ Մենք պիտի կիսվենք մեր փորձով և մասնակից դարձնենք որքան հնարավոր է շատ փորձագետների՝ ամենատարբեր փորձառությամբ ու տարբեր ոլորտներից։ Հայաստանում մեծ ներուժ կա, և հուսամ՝ «Ստեղծարար Հայաստան» ֆորումի և բիզնես առաջնության ընթացքում մենք կկարողանանք ավելի լավ պատկերացում կազմել այն գործընթացների մասին, որոնք այստեղ են ծավալվում։ Բացի այդ, կուզենայի նշել նաև, որ Հայաստանը շատ մեծ հեռանկարներ ունի ստեղծարար ոլորտի զարգացմանն ուղղված  այստեսակ մոտեցման դեպքում, քանի որ դուք ահռելի սփյուռք ունեք, որը կարող է ներդրումներ կատարել, հանրային դրամահավաքի միջոցով, օրինակ։ Եվ սա կրկին շատ լայն ազդեցություն կարող է ունենալ, քանի որ հանրային դրամահավաքը միայն գումար տրամադրելը չէ։ Այն նաև հետարքրություն է առաջացնում, որոշակի կապ է ստեղծում նվիրատուի և շահառուի միջև, այն ստիպում է նվիրատուին հետևել նախագծի զարգացմանը և անտարբեր չմնալ։

Մարիա Հովսեփյան