ԱՄՆ-ի Կոնգրեսը կարող է ավելացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը

ԱՄՆ-ի Կոնգրեսում երկու տասնյակից ավելի օրենսդիրներ կոչ են արել գործընկերներին ավելացնել Հայաստանին 2018-ին հատկացվելիք ամերիկյան օգնությունը:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբը նամակով դիմել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարությանը, կոչ անելով ավելացնել Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության չափը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Նախագահի կողմից առաջարկված 2018-ի բյուջեում նախատեսված է Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության կրճատում 67 տոկոսով: Այդ կրճատումները համընկել են Հայաստանի պատմության վճռորոշ պահին, երբ այն ինտեգրվում է գլոբալ տնտեսության մեջ և զարգացնում երկրի ներսում ժողովրդավարությունն ու քաղաքական ազատությունները»:

Կոնգրեսականների կարծիքով, օգնության կրճատումը կսահմանափակի Միացյալ Նահանգների հնարավորությունները՝ խթանելու Հայաստանում ամերիկյան չափանիշներն ու արժեքները:

2018-ի ԱՄՆ-ի բյուջեում կտրուկ նվազել է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ աշխարհին տրամադրվող ամերիկյան օգնության չափը: Այսպես, 57 տոկոսով նվազել է Վրաստանին տրամադրվող ամերիկյան օգնությունը, 69 տոկոսով նվազել է ԱՄՆ-ի օգնությունը Ուկրաինային, իսկ Բելառուսին 2018-ին առաջարկվում է ընդհանրապես օգնություն չտրամադրել: Լուրջ նվազելու է նաև Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օգնությունը:

2016-ին Միացյալ Նահանգները Հայաստանին տրամադրել էր շուրջ 20 միլիոն դոլարի, իսկ Ադրբեջանին երկու անգամ պակաս՝ 10 միլիոն դոլարի օգնություն: 2018-ին Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկում է Հայաստանին տրամադրել 6.8 միլիոն դոլարի օգնություն, իսկ Ադրբեջանին տրամադրվելու է մեկ միլիոնի օգնություն: Այսպիսով, բյուջեի նախագծով Հայաստանին տրամադրվող օգնությունն առաջարկվում է կրճատել 67, իսկ Ադրբեջանինը՝ 90 տոկոսով:

Կոնգրեսականները կոչ են անում գործընկերներին վերախմբագրել Հայաստանի օգնության մասով Սպիտակ տան բյուջեի նախագիծը՝ Հայաստանին տրամադրվելիք օգնությունը թողնելով նախորդ տարիների մակարդակի վրա: Այդ կոչին են միացել նաև Միացյալ Նահանգների հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունները:

«Գլոբալ մեծ անվստահության պայմաններում Միացյալ Նահանգները պետք է շարունակի խթանել դաշնակիցների առաջընթացը և պետք է հետ չկանգնի իր պարտավորություններից որպես աշխարհի առաջատար ժողովրդավարություն»,- նշված է կոնգրեսականների նամակում: Հայաստանին ամերիկյան օգնության չափն ավանդաբար ավելանում է Կոնգրեսի ընդունած բյուջեի նախագծերում:

Հատկանշական է, որ նախագահ Թրամփի վարչակազմի ներկայացրած 2018-ի բյուջեի նախագծում ընդգծվում է, որ արտաքին օգնության կրճատման հետ միասին անհրաժեշտ է նաև ավելացնել յուրաքանչյուր տրամադրվող դոլարի արդյունավետությունը, որպեսզի այն երկրների քաղաքացիները, որոնց հատկացնում են այդ օգնությունը, զգան դրա դրական ազդեցությունը:

Մեկնաբանել